HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Ռազմավարական դաշնակցությո՞ւն, թե՞ անհասկանալի անտարբերություն

Անցած շաբաթ վերջնականապես պարզվեց, որ Ռուսաստանը գնել է, ավելի ճիշտ' մինչեւ հունվարի 1-ը կգնի (գործընթացի մեջ է) Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ վերջին աղբյուրը՝ կառուցման ընթացքի մեջ գտնվող Իրան-Հայաստան գազատարի 40 կիլոմետրանոց հայկական հատվածը: Դեռ գարնանը, երբ ռուսական կողմին փոխանցվեց Հրազդանի ջերմաէլեկտրակայանի հինգերորդ բլոկը, համառ լուրեր տարածվեցին, որ «Հայռուսգազարդը» գնել է նաեւ Իրան-Հայաստան խողովակաշարի հայկական հատվածը:

Ապրիլի 6-ին համաշխարհային հսկաներից «Գազպրոմ» ընկերության կայքէջում տեղադրվեց եւ մեկ օր անց հանվեց տեղեկություն, համաձայն որի «Գազպրոմը» եւ Հայաստանի կառավարությունը 25 տարով համաձայնագիր են ստորագրել Իրան-Հայաստան գազատարի հայկական հատվածը գնելու մասին: Քանի որ Հայաստանում Հրազդանի ջերմաէլեկտրակայանի հինգերորդ բլոկի վաճառքը որոշակիորեն ընդվզում առաջացրեց, մեր երկրի պաշտոնյաները մեկը մյուսի հետեւից սկսեցին հայտարարել, թե գազատարը չի վաճառվել: Այսօր արդեն պարզվում է, որ եւ՛ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, եւ՛ պաշտպանության ու էներգետիկայի նախարարներ Սերժ Սարգսյանն ու Արմեն Մովսիսյանը պարզապես մոլորեցրել են հայ հասարակությանը:

Միակ պաշտոնյան արտգործնախարար Վարդան Օսկանյանն էր, ով չխուսափեց ճշմարտությունն ասելուց: Ապրիլի 20-ի մամուլի ասուլիսում իմ հարցին ի պատասխան Օսկանյանը նշել էր. «Ես դրա պատասխանը, անկեղծ ասած, չունեմ, գիտեմ, որ դրա շուրջ քննարկումներ, բանակցություններ են գնում: Այդ գազամուղը նույնիսկ դեռ չկա, այստեղ խոսքը չեղածը վաճառելու մասին է: Բայց խոսքն այսօր պետք է գնա, թե ով կկառուցի, դրա փողն ով կտա: Կարծում եմ' այսօր բանակցությունները դրա շուրջ են: Բնականաբար, հարց կտաք՝ եթե փողը տվեցին եւ կառուցեցին, երեւի թե նաեւ տերը կլինեն: Միգուցե, բանակցություններն ինքս չեմ վարում, մանրամասներին էլ այս պահին չեմ տիրապետում, որովհետեւ բավական հեղհեղուկ վիճակում է, բայց եթե կոնկրետ հարց եք տալիս' բացառու՞մ եմ, թե՞ ոչ «Գազպրոմին» Իրան-Հայաստան գազատարը վաճառելը, իհարկե ոչինչ չի կարելի բացառել»:

Անցած շաբաթ Երեւանում անց էր կացվում Հայաստանի Ազգային ժողովի եւ Ռուսաստանի խորհրդարանի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստը: Երեւանյան օրաթերթերից «Հայկական ժամանակը» ռուսական պատվիրակության անդամների փաստաթղթերի մեջ հայտնաբերել էր եւ տպագրել մեկը, որում պարզ գրված է. «2006թ. մարտի 31-ին «Գազպրոմը» եւ Հայաստանի կառավարությունը ստորագրել են 25 տարվա ժամկետով համաձայնագիր, որը որոշակիացնում է Հայաստանի տարածքում գազաէներգետիկ ծրագրերում համագործակցությունը: Համաձայնագիրն արձանագրում է Հայաստանի համար ռուսական բնական գազի գինը՝ 110 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց 2006թ. ապրիլի 1-ից մինչեւ 2009թ. հունվարի 1-ը: Այս փաստաթղթով նախատեսված է նաեւ, որ «Հայռուսգազարդը» Հայաստանի կառավարությունից կգնի Իրան-Հայաստան կառուցվող գազատարի 40 կմ հատվածը եւ Հրազդանի ջերմաէլեկտրակայանի կիսակառույց հինգերորդ բլոկը: Նշված օբյեկտների նկատմամբ սեփականության փոխանցումը պետք է իրականացվի մինչեւ 2007թ. հունվարի 1-ը»:

Հայաստանում քաղաքական եւ տնտեսական որոշ շրջանակներ պնդում են, որ մեր երկրի էներգետիկ անվտանգությանը լրջագույն վտանգ է սպառնում: Պատճառն այն չէ, որ հենց Ռուսաստանն է Հայաստանի էներգետիկ ռեսուրսների գնորդը, այլ որ էներգետիկ համակարգի մոտ 90 տոկոսը պատկանում է մեկ երկրի, տվյալ դեպքում' Ռուսաստանին, որն ընդգրկում է եւ՛ էներգիայի ստեղծման, եւ՛ բաշխման, մատակարարման համակարգերը: Այսինքն' Հայաստանը կախված է մեկ կենտրոնից, եւ այլընտրանքային էներգիայի աղբյուրների մասին խոսելն այլեւս անիմաստ է դառնում: Ըստ էության, որոշակիորեն արժեզրկվում է նաեւ Իրան-Հայաստան գազատարի գաղափարը, որովհետեւ այդ գազատարը կարող էր ինչ-որ չափով ապահովել ոչ միայն Հայաստանի էներգետիկ անկախությունը եւ անվտանգությունը, այլեւ տարանցման դեր կատարել Վրաստանի համար:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ այլեւս Մոսկվայի ձեռքում է Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, քանի որ այս կամ այն կերպ Ռուսաստանին է պատկանում մեր երկրի գրեթե ամբողջ էներգահամակարգը: Միակ օբյեկտը, որն ապահովում է Հայաստանի էներգիայի աղբյուրի մոտ 10 տոկոսը՝ Որոտանի ջրաէլեկտրակայնը, դեռեւս Հայաստանի սեփականությունն է, աշխատում է մեծ օգուտներով, սակայն չի բացառվում, որ ռուսները դա էլ գնեն:

Անցնող շաբաթ, սակայն, հայկական մամուլը եւ քաղաքական շրջանակները առավել մտահոգված էին եւ բավականին բուռն արձագանքեցին Ռուսաստանի խորհրդարանի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Երեւանում արած հայտարարություններին: Զատուլինը համարվում է Կրեմլին մոտ կանգնած քաղաքագետներից, հետեւաբար նրա տեսակետն ինչ-որ տեղ ընկալվում է որպես պաշտոնական Մոսկվայի դիրքորոշում։ Պատգամավորը նախ Հայաստանը համեմատեց «Լեոպոլդ կատվի» հետ, ապա կոշտ տոնով հայտարարեց, որ Հայաստանի համար հասունացել է ռուս-վրացական հարաբերություններում ընտրություն կատարելու պահը։ Ավելի պարզ' ռուսները ցանկանում են, որ մենք ռուս-վրացական դիվանագիտական պատերազմում կանգնենք Ռուսաստանի կողքին' ընդդեմ մեր հարեւան Վրաստանի:

Ռուս–վրացական արդեն տարիներ շարունակվող լարված հարաբերություններից տուժում է նաեւ, եւ առաջին հերթին, Հայաստանը։ Քիչ է ասել տուժում է. երբ Մոսկվան ինչ–ինչ վերանորոգման աշխատանքներ կատարելու պատրվակով փակում է Վերին Լարսի անցակետը, որը, փաստորեն, Վրաստանի տարածքով Ռուսաստանին Հայաստանը կապող միակ օրինական ցամաքային ճանապարհն է, մեր երկրի շրջափակումը դառնում է առավել ամբողջական։ Այսինքն՝ Վրաստանը շրջափակելով՝ Ռուսաստանը շրջափակում է նաեւ իր ռազմավարական գործընկերը համարվող Հայաստանը։

Երեւանն առանց այն էլ ընտրություն կատարելու քիչ հնարավորություն ունի՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ հարաբերություններ չունի երկու հարեւանների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որոնք շարունակում են Հայաստանը «խեղդամահ անելու» եւ շրջափակման մեջ պահելու քաղաքականությունը։ Ու սա քիչ է, ռուսները, ըստ էության, մեզ խորհուրդ են տալիս ընտրություն կատարել վրաց–ռուսական հարաբերություններում։

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը պնդում է, որ Հայաստանը չունի իրավական որեւէ պարտավորվածություն, որպեսզի արտահայտի իր դիրքորոշումը Մ. Նահանգների, Կորեայի, Զիմբաբվեի, Ռուսաստանի կամ Վրաստանի միջեւ հարաբերությունների վերաբերյալ։

«Ռուսաստանն ու Վրաստանն անկախ երկրներ են, Հայաստանը Վրաստանի հետ հարեւան է, ես կասեի' Երեւանը բավականին լավ հարաբերություններ ունի Թբիլիսիի հետ, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ։ Հայաստանն իրավական պարտավորություն չունի իր տեսակետը հայտնել ռուս–վրացական հարաբերությունների առնչությամբ, քանի որ Հայաստանն այդ հակամարտությանը չի մասնակցում: Հնարավոր է ինչ–որ պահի Հայաստանն առաջարկի իր միջնորդությունը (ռուս-վրացական ճգնաժամը կարգավորելու հարցում), բայց ոչ այս իրավիճակում, քանի որ իրականում միջնորդություն չկա, եւ եթե դա անգամ ի հայտ գա, ապա առանց Հայաստանի էլ յոլա կգնան»,- ասում է Իսկանդարյանը։

Մոսկվաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը կարծում է, որ հարցադրումը սխալ կտրվածքով է դրվում: «Հայաստանը պետք է հայամետ դիրք գրավի' ելնելով իր շահերից, բայց, ինչքանով ես եմ հասկանում, Հայաստանը չի ձեւակերպում իր շահը, որպեսզի դա շատ հստակ ուղերձ լինի թե՛ դեպի Թբիլիսի, թե՛ դեպի Մոսկվա, քանի որ վրաց-ռուսական հակամարտությունից Հայաստանն է տուժում: Որոշ պասիվություն կա հայկական քաղաքականության ձեւակերպման մեջ: Ես կարծում եմ, որ հայկական քաղաքական ուժերը եւ արտգործնախարարությունը մտածում են, որ պասիվ պահելով գուցե այս փոթորիկն անցնի-գնա, եւ հարցերն իրենք իրենց կլուծվեն: Այդպես չի լինում, երբ ճգնաժամային իրավիճակներ են ստեղծվում»,- ասում է Միհրանյանը:

Չի թվում, թե մոտ ապագայում ռուս-վրացական հարաբերություններում ճեղքում կարձանագրվի: Երեւանում կայացած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստում հայ պատգամավորներից ոմանք մտահոգություն հայտնեցին Ռուսաստանի կողմից Վրաստանի տրանսպորտային շրջափակման կապակցությամբ, որից նախ եւ առաջ տուժում է մեր երկիրը:

«Եթե փակում եք Վերին Լարսը, մեզ պետք է նախապես ասեք, որպեսզի մեր արտահանողները կարողանան այլ շուկաներ որոնել: Իհարկե, մեզ շատ լավ հասկանում են: Մյուս կողմից, մեր կոլեգաները ասում են հետեւյալը' դանակը հասել է ոսկորին, եւ այլեւս մենք չենք կարող Սաակաշվիլիի ռեժիմի նկատմամբ զուսպ մնալ, չարձագանքել ամբողջ ուժով»,- ասաց Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը Նիկոլայ Ռիժկովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Ազգային ժողովի պատգամավոր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով' ե րկարաժամկետ կտրվածքով ռուս-վրացական սահմանների փակ մնալը լուրջ վնասներ կարող է հասցնել Հայաստանի տնտեսությանը: «Վրաստանի միջոցով է մեր ելքը ոչ միայն դեպի Ռուսաստան, այլ նաեւ ԱՊՀ երկրներ, Եվրոպա: Առանց այն էլ արժեւորված դրամի պայմաններում, երբ Հայաստանից արտահանումը կրճատվել է, շրջափակումը կարող է կործանարար ազդեցություն ունենալ մեր երկրի տնտեսության համար»,- պնդում է նա:

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը կարծում է, որ Հայաստանին անհրաժեշտ է Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը առանց նախապայմանների, այսինքն' ընդունելով պատմական իրողությունները' Հայոց ցեղասպանության փաստը: «Պետք է տնտեսական հարաբերությունները զարգացնենք Թուրքիայի հետ, օգտագործենք տարածաշրջանային կոմունիկացիոն հնարավորությունները: Հայաստանին անհրաժեշտ են այլընտրանքային կոմունիկացիաներ»,- ասում է նա:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնտեսության եւ Սփյուռքի հարցերով փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը

վրաց-ռուսական հարաբերությունների սրումը խիստ անցանկալի է համարում նախ եւ առաջ այն պատճառով, որ Հայաստանի համար պարունակում է մի շարք սպառնալիքներ:

«Առաջինը վերաբերում է æավախքին. ակներեւ է, որ որոշ արտաքին ուժեր, օգտվելով Վրաստանի ներկայիս իշխանությունների անհավասարակշիռ քաղաքականությունից, ազգային փոքրամասնությունների, այդ թվում հայության հանդեպ, փորձելու են ջավախահայությանը ներքաշել Վրաստանի դեմ ինչ-ինչ գործընթացների մեջ: Իսկ æավախքում իրավիճակի սրումը ուղղակի սպառնալիք է ոչ միայն ջավախահայությանը, այլեւ Հայաստանի անվտանգությանը, եւ կարող է բերել ամբողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման»,- ասում է նա:

Մյուս սպառնալիքը վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունների վերսկսումն է: «Վրաստանի կողմից ռազմական ճանապարհով այս խնդիրների լուծման հավանական հաջողումը կարող է վատ նախադեպ դառնալ ղարաբաղյան հակամարտության համար: Վերջապես, Հայաստանի ներկայիս դիվանագիտության թույլ լինելու պայմաններում ռուս-վրացական առճակատումը է՛լ ավելի է սահմանափակելու Երեւանի արտաքին քաղաքական ճկունությունը, ուժգնացնելու է Երեւանի համար Արեւմուտք-Ռուսաստան կոշտ երկընտրանքում անհապաղ ընտրություն կատարելու պարտադրանքը. ընտրություն, որը ներկա վիճակում կարող է կատարվել՝ ելնելով ոչ թե Հայաստանի ազգային-պետական շահերից, այլ իշխող կլանների»,- ասում է Խուրշուդյանը:

Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետը ռուսները փակել են դեռեւս հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը' վերանորոգման աշխատանքներ կատարելու պատրվակով: Իսկ վերջին ամիսներին առավել հաճախակի են դարձել Ռուսաստանի տարածքից ազգությամբ հայ քաղաքացիներին արտաքսելու դեպքերը: Դրան, անշուշտ, չի խանգարում շրջափակումը, որովհետեւ Ռուսաստանում մի կտոր հաց վաստակող հայերին վտարում են' օգտագործելով օդային ուղին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter