HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլլա Կանեգարիան

Մտածելու վիրուս

էսսե փոփոխվող զգացողությունների ու վարքի մասին

«Կներես, որ էսքան երկար խոսեցի,- ասաց Անտոնիոն՝ Հռոմում բնակվող քառասունին մոտ ուսուցիչը։ Նա արդեն 15-րդ օրն է` տնից դուրս չի գալիս, ապրում է մենակ ու արդեն համարյա 70 րոպե խոսում է հետս,-  զգում եմ, որ ականջիցդ արուն կգա հեսա, բայց սաղ օրն էսօր ծպտունս դուրս չէր եկել՝ հիմա ինչ կա դուրս ա գալիս, ես էլ էն վիդեոների իտալացիների պես չեմ՝ դուրս գամ բալկոն երգեմ՝ դզվեմԲաղաձայն եմ, ինձ տեղում կկրակեն իմ մաֆիոզ հարևանները, ա-հա-հա, տենց եք չէ՞ մտածում, որ սաղ իտալացիները լավ են երգում ու մաֆիոզ են, հիմա էլ էդ ստերեոտիպին կավելանա էն, որ սաղս վարակիչ ենք, բհա-հա: Բայց վատ չի, վատ չի, տուրիստ քիչ կգա մի քիչ «մենք մերոնցով կմնանք» հազիվ»:

Սա մեր ծանոթության 3 տարվա մեջ ամենաերկար խոսակցությունն էր, որում ես մասնավորապես լսողն էի՝ Անտոնիոյի մտքերը, նրա վախերը, նրա նկատառումներն ու նրա երազանքները, նրա ինքնախարազանող հումորները, որոնք լսելուն զուգահեռ նաև գալիս էին նաև լսած ամենը հիմնավորող հղումներ:

Անտոնիոն շարունակում էր խոսել ու ձայներից կարող էի հասկանալ, որ նա արդեն խոհանոցում է ու ճաշ է պատրաստում, «...քո կարծիքով մեր վարքը էս վիճակներից հետո ո՞նց կփոխվի մի բան կսովորե՞նք, ինձ թվում ա բանի պես կլինի է...սպիդի, հա՜, սպիդի: Դրա տարածումից հետո բոլորը սկսեցին պաշտպանված սեքս ունենալ՝ վախում էին: Բայց դե դրան էլ սովորեցինք ու մեկա ունենում էինք պատահական, բայց պաշտպանված սեքս: Մեկ ա էլի չէինք խորանում իրար մեջ, ժամանակ տալիս, որ իրար ճանաչենք, միանգամից՝ էն հին խաղի մեջի Մարիոյի պես, թռնում էինք սնկի կամ ծաղիկի հետևից, բայց մեր նպատակը ախր արքայադստերը հասնելն էր, բայց էհէէ՜, սնկով ու ծաղիկով մեկ-մեկ բավարարվում էինք ու խեղճին չէին էլ հասնումՄենք մեր վրա աշխատելու փոխարեն վռազում ենք իրար անուն կպցնել ու փակվել իրարից»։

Հեռախոսիս ծլնգոցներն ազդանշեցին, որ Անտոնիոն էլի հոդված է ուղարկել: Բացեցի կարդամ «Նյու Յորք Թայմսի» հին հոդվածներից էր, որում խոսվում էր ՁԻԱՀ-ի մասին առաջին անգամ, որտեղ նշվում էր, որ իմունային սիստեմի նոր խնդիր առաջացնող հիվանդություն է տարածվել, վարակել է շուրջ 335 մարդ ու մահացել՝ 136: Այդ տարիներին հանրությունը սկսեց ՁԻԱՀ-ն ասոցացնել մասնավորապես նույնասեռականների հետ ու անգամ անվանել «գեյերի իմունային խանգարում», միայն 82 թվից արդեն ՁԻԱՀ-ը նույն ինքն անգլերեն AIDS-ը սկսեց ակտիվորեն կիրառվել որպես տերմին, թույլ տալով մարդկանց հասկանալ, որ այդ հիվանդությունը կարող է կպնել յուրաքանչյուրին՝ անկախ սեռից ու սեռական նախընտրություններից:

Անտոնիոյի հաջորդ հղումն արդեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից էր, որտեղ նախագահն COVID_19-ը՝ նույն կորոնավիրուսն անվանել է «չինական»:

Հետո, ստանալով բացասական արձագանք հանրությունից, Թրամփը փորձել է բացատրել իր դիրքն` ասելով, որ ուղղակի նշել է, թե որտեղից է գալիս վիրուսը, հետո էլ չինացիներին մեղադրել նրանում, որ ասել են, թե վիրուսն ամերիկացի զինվորներն են բերել ու ինքն ընդամենը հակադարձում էր այդ լուրին: Վերջում էլ առհասարակ փոխել է «չինական» բառը «արտասահմանյան»-ի հետ, մեկ է պահելով տոտալիտար ռեժիմային մոտեցումը, որտեղ կանք անմեղ ու մաքուր «ՄԵՆՔ» ու վնասակար «ՈՒՐԻՇՆԵՐԸ»:

Վերջին օրերին անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն՝ Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը, կազմակերպության անունից կոչ է արել դիսկրիմինացիայի չենթարկել հիվանդներին, այլ խնդիրը լուծել միասին:

Բայց դե վախն ու խուճապը, ինքնապաշտպանությունը արթնացնում են մեր բոլորի խորքում նստած կարծրատիպերն ու քառակուսի բաժանումները, որոնք մինչ այդ հարմար թաքնված են եղել: Մյուս կողմից այս դեպքերում մեզնից ամեն մեկն իր՝ ավելի սրված ու ընդգծված պատկերն է դառնում:

Եթե «խասյաթով» բռնապետ ես, ուրեմն սա առիթ է մյուսներին էլ իրար դեմ լարելու, եթե էկոակտիվիստ ես՝ առիթ նորից բարձրաձայնելու գլոբալ խնդիրներն ու, արդեն այլ էմոցիոնալ վիճակում գտնվող, մարդկանց դրա մասին նորից պատմելու: Այսպես օրինակ, մարդու իրավունքների պաշտպան ու կլիմայական փոփոխության ակտիվիստ՝ Մոհամմադ Սաֆան է վարվում, ով իր Թվիթերյան ու Ինստագրամային գրառումներով վերջերս ավելի ու ավելի մեծ պոպուլյարություն է ձեռք բերում: Նրա գրառումներից մեկն այս օրերին ստացավ առավել մեծ տարածում՝

«Չինաստանը Իտալիային բժշկական դիմակներ ուղարկեց, որոնց տուփերի վրա հռոմեական պոեմից հատված էր տպված՝ «մենք նույն ծովի ալիքներն ենք»:

Ճապոնիան օգնություն ուղարկեց Չինաստանին, որի տուփերին չինական պոեմից հատված էր՝ «Մենք տարբեր սարեր ու գետեր ունենք»» (թարգմանված է Սաֆայի թվիթերյան ամենատարածվող գրառումներից մեկը)

Եթե ուղն ու ծուծով գերսպառող ես, ուրեմն առաջիկա օրերին մենակ դրանով ես զբաղվելու, իսկ եթե շարքային քաղաքացի ես՝ սովորական մարդ, ապա էդ ամեն ինչի մեջ փորձելու ես գտնել ոսկե միջինն ու, երկրի առաջին դեմքի՝ վարչապետ Փաշինյանի ասածի պես «պրոբլեմը դարձնես հնարավորություն»: Ուղղակի դու, ի տարբերություն Կառավարության, ավելի լոկալ բաներով կզբաղվես՝ ինքնամաքրվելով, սկսած պահարանով վերջացրած ներսդ վերադասավորվելով ումիգուցե նոր՝ ավելի պատասխանատու սպառողական վարք ձևավորելով:

Մինչև ես կարդում էի Անտոնիոյի ուղարկած բոլոր հղումները՝ ներառյալ կլիմայական լուրջ փոփոխությունների մասին վիճակագրությունները (որոնք ցույց են տալիս, թե մոլորակին ինչքան լավ է, երբ մենք մի փոքր տեղներս ենք սթրվում), նա վերջացրեց իր երկար ու խորը մոնոլոգը՝ արանքներում հազալով, որ ուշադրությունս գրավի՝ հիմա դա ամենահեշտ ձևն է

«Պետք է գնամ աշակերտներիս օնլայն դաս տամ: Էսօր առաջարկել եմ ջրաներկով նկարեն կարանտին ու մի էջ անգլերեն գրեն դրա մասին: Վերջացնեմ կզանգեմ, բայց էս անգամ դու խոսա, քեզ էլ ա պետք մեկ-մեկ խոսալ՝ սրան-նրան անուն կպցնող, Կովկասյան ցեղատեսակի քիթդ տնգած ներկայացուցիչ»:

13-րդ դարի պոետ ու սուֆի միստիկ Ռումին, ում գիրքը դարերով պայուսակումս քցած էր, ու եթե ինքնամեկուսացման թեման չլիներ դժվար էլ բացեի, ասում էր․ «Տխրությունը քեզ նախապատրաստում է ուրախությանը: Այն կոպտորեն սրբում է ամեն ինչ քո տնից, որ նոր երջանկությունը տեղ ունենա՝ գալու: Այն թափ տալով քշում է դեղնած տերևները քո սրտից, որ նորն ու թարմը աճելու տեղ ունենա»:

Եթե էդ տեսանկյունից նայենք մեր վիճակին, ուրեմն էս վիրուսի մեջ էլ ինչ-որ գլոբալ միտք պետք ա թաքնված լինի կամ դաս մեզ՝ մարդկության մանր-մունր ու մեծ-մուծ ներկայացուցիչների համար: Կարող ա սա ոչ թե ապոկալիպտիկ պատիժ է մեզ, այլ հնարավորություն ՝ բոլոր պետությունների սահմաններ ներթափանցած, ու մինչև ոսկորը մտած գերսպառողության ու գերանտարբերության հետևանքով, մեր դեգրադացված մարդկային վարքի ու մտքի հետ աշխատելու:

Հեռախոսս էլի ձայներ հանեց: Անտոնիոյից հաղորդագրություն էր․ «Հիմա էլ գրում եմ, կներես: Չգիտեմ էլ ինչ ա լինելու հետո, մենակ մտածում եմ, որ սրանից հետո ուրիշ մարդ եմ դուրս գալու ու, բայց, համ էլհարյուր տոկոս էդ կտևի մի ամիս: Ա-հա-հա»:

Գլխավոր լուսանկարը՝ Antonio Masiello/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter