էդմոն Մարուքյան. «Պարետատունը սահմանափակումներ է կիրառում` խուճապ առաջացնելը տարբեր կերպ մեկնաբանելով»
Պարետատունը իր հայեցողությամբ մամուլից հրապարակումներ է հեռացնում` բանեցնելով արտակարգ դրության ռեժիմը:
Ազգային ժողովի արտահերթ նիստին նման համոզմունք հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանը հիշեցրեց, որ ԱԺ հատուկ նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր` տեղեկությունների հրապարակման արգելքը վերաբերում է միայն կորոնավիրուսի հետ կապված պաշտոնական տեղեկություններից տարբերվող տեղեկության վրա, և որևէ կերպ չի առնչվում քաղաքական մեծամասնությանը քննադատող տեղեկություններին:
«Այս ընթացքում տեսանք, որ պարետատունը սահմանափակումներ է կիրառում խուճապ առաջացնելը տարբեր կերպ մեկնաբանելով, օրինակ` ձեր գրառումը խուճապ է առաջացնում: Մարդկանց պարտադրում են գրառումները հեռացնել, տուգանելու են, էստեղ իրավական որոշակիության խնդիր ունենք»,-ասաց Մարուքյանը:
Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն արձագանքեց` ոչ թե պարետատունն է այդպես մեկնաբանում, այլ արտակարգ դրության ռեժիմի փաստաթղթում սահմանված է տեղեկությունների սահմանափակման դրույթը: Փոխնախարարի խոսքով` եթե այլ տեղեկություններ հրապարակվեն, որոնք կարող են հանրության շրջանում խուճապ առաջացնել, տրամաբանական է, որ այդ տեղեկությունները ևս պետք է հեռացվեն: Փոխնախարարը օրինակ բերեց այն հրապարակումները, ինչպես, օրինակ, «Պարենը բավարար չէ, սով է լինելու», ինչին հետևելու են քաղաքացիների մասսայական գնումները, որն էլ հանգեցնելու է խուճապի:
Մարուքյանն ընդգծեց` արտակարգ դրության ռեժիմը չպետք է նպաստի նրան, որ օրենքը բանեցվի մամուլից նյութեր հեռացնելու համար, դա պետք է կիրառվի կորոնավիրուսի դեպքերի հետ կապված կեղծ տեղեկություններ տարածելու ժամանակ միայն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել