Զինված ուժերում կորոնավիրուսով հիվանդացության որևէ դեպք չի հայտնաբերվել
Մինչ այս օրը զինված ուժերում կորոնավիրուսի որևէ դեպք չի հայտնաբերվել:
Այս մասին այսօր կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:
Անդրադառնալով զինված ուժերում կանխարգելիչ աշխատանքներ կատարելուն` Օհանյանն ասաց, որ զինծառայողների բոլոր արձակուրդներն արգելվել են, միայն հարազատի հարսանիքի կամ մահվան դեպքերին մասնակցությունն է թույլատրվում: Սակայն սա ևս խստացվել է, եթե նախկինում թույլատրվում էր մասնակցել նաև տատի, պապի, զարմիկների հետ առնչվող իրադարձություններին, այժմ միայն` ծնողների, քրոջ ու եղբոր:
Պաշտպանության նախարարության ղեկավարությունը հորդորել է պայմանագրային զինծառայողներին արձակուրդն արտերկրում չանցկացնել, հնարավորինս քչացնել բազմամարդ վայրեր այցելությունները: Այն զինծառայողները, որոնք արտերկրում են ուսանում, Հայաստան վերադառնալուց հետո հաշվառվել են, ամենօրյա ռեժիմով մոնիթորինգի են ենթարկվում:
Պայմանագրային զինծառայողներն ու քաղաքացիական բնույթի աշխատակիցները զորամաս մուտք գործելիս հսկիչ անցագրային բաժնում ջերմաչափվում են, ջերմություն արձանագրելու դեպքում բուժանձնակազմը կատարում է իր առջև դրված խնդիրները:
Նախարարությունը նյութատեխնիկական պաշարների ավելացում և պահեստավորում ևս իրականացրել է:
Օհանյանի խոսքով` նախարարությունը ստեղծված իրավիճակում շատ խիստ վերահսկողություն է իրականացնում, յուրաքանչյուր ահազանգի դեպքում օպերատիվ արձագանքում է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել