HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարակներն ընդդեմ մարդկության. ի՞նչ ենք սովորել նախկին համավարակներից

«Իրականում աղետները սովորական բաներ են, բայց մարդիկ դժվարությամբ են հավատում դրանց, երբ իրենց գլխին են գալիս: Աշխարհում այնքան ժանտախտներ են եղել, որքան պատերազմներ: Բայց, հակառակ դրան, ժանտախտներն ու պատերազմները մարդկանց միշտ անպատրաստ են գտնում»,- Ալբեր Քամյու «Ժանտախտը»

2003 թ.-ի փետրվարի 21-ին Հոնկոնգի օդակայան ժամանեց 64-ամյա մի ուղևոր: Ժամեր անց նա Մետրոպոլ հյուրանոցի իր համարում էր՝ 911 սենյակում (հետագայում որոշ սնահավատներ սենյակի համարի ու հաջորդող իրադարձությունների մեջ չարագուշակ կապ կտեսնեն): 2000-ականների սկզբին Հոնկոնգում կյանքը եռում էր, ամեն օր շուրջ 500 միջազգային ավիափոխադրումներ էին կատարվում, իր յոթ միլիոն հիմնական բնակչությունից բացի քաղաքն ամեն տարի 16 միլիոն զբոսաշրջիկ էր ընդունում: Հյուրանոցները գրեթե միշտ լեփ-լեցուն էին, բացառություն չէր նաև Մետրոպոլ հյուրանոցը՝ փետրվարի 21-ին:

Խորհրդավոր ուղևորի այցելության հաջորդ օրը հյուրանոցի 9-րդ հարկի 16 բնակիչ տարօրինակ զգացողություններով արթնացավ: Նույն օրը 904 սենյակում գիշերած կանադացի կինը Տորոնտո մեկնեց ու … մահացավ: Հանկարծակի հիվանդացած նրա որդին հիվանդանոց տեղափոխվեց: Հաջորդող օրերին պարզ դարձավ, որ այդ հիվանդանոցի 47 աշխատակից սուր-շնչառական վարակ է ձեռք բերել: Մետրոպոլ հյուրանոցի 910 սենյակի բնակիչը մեկնեց Հանոյ (Վիետնամ) ու, քանի որ իրեն վատ էր զգում, հիվանդանոց շտապեց: Այս հիվանդանոցի բուժաշխատողներին նույնպես Տորոնտոյի բժիշկների ճակատագիրն էր սպասվում. ընդամենը մեկ շաբաթ անց 63 բուժաշխատող հիվանդ էր: Գլխավոր հերոսին՝ 911 սենյակի բնակչին, կանդրադառնանք ավելի ուշ:

Մարտի 15-ին, երբ վարակն արդեն միջազգային ավիաուղիներով տարածվել էր Չինաստանում, Հոնկոնգում, Կանադայում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում, Թայլանդում, Մեծ Բրիտանիայում, Վիետնամում և այլուր, ԱՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց նոր համաճարակի՝ SARS-ի մասին (ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ, անգլերեն՝ Severe Acute Respiratory Syndrome): 26 երկրում տարածված այս վարակը ընդհանուր առմամբ 774 մարդու կյանք խլեց, ինչը բոլոր վարակվածների տասը տոկոսն էր կազմում:

SARS-ը մարդկությանը հայտնի պանդեմիկ տարածման հակում ունեցող հիվանդություններից ամենաթեթևներից մեկն է: Հիմա մենք առօրյա կյանքում հաճախ ենք լսում գրիպի մասին, որը հաճախ թեթև ախտանիշներ է հարուցում ու բուժվում՝ առանց բժշկական միջամտության: Սակայն 20-րդ դարի ընթացքում գրիպն իր տարբեր մուտացիաներով մի քանի հարյուր միլիոն մարդ է սպանել: Մինչ այդ մարդկությունը հասցրել էր առերեսվել ժանտախտի, խոլերայի, ջրծաղիկի, տիֆի, ՁԻԱՀ-ի, խոլերայի, էբոլայի և այլ հիվանդությունների աշխարհավարակների (պանդեմիա): Այս համավարակներից (պանդեմիա) յուրաքանչյուրը ոչ միայն էականորեն նվազեցրել են աշխարհի բնակչության թիվը, այլև պատմությանը նոր ընթացք են տվել ու հասարակության կյանքի վրա զգալի ազդեցություն թողել: Օրինակ՝ ժանտախտից հետո Արևմտյան Եվրոպայում վերացավ ճորտատիրությունը, իսկ խոլերիայից հետո արմատապես վերանայվեց խմելու ջրի որակի ու մաքրության հարցը:

Հուստինիանոսի ժանտախտ (մ.թ. 541 - 544)

Պատմությանը հայտնի ամենահին համավարակներից մեկը արձանագրվել է Բյուզանդական կայսրությունում՝ Հուստինիանոս 1-ի օրոք։ Պատմիչների վկայությամբ՝ համավարակի բռնկման ամենախիստ տարվա ընթացքում՝ 544 թվականին, Կոստանդնուպոլսում օրական 5-10 հազար բնակիչ էր մահանում։ Հուստինիանոսի ժանտախտը տարածվեց Թունիսում, Բալկաններում, Իտալիայում, Իսպանիայում, բրիտանական կղզիներում և այլուր: Ենթադրվում է, որ համաճարակին զոհ դարձավ այն ժամանակվա աշխարհի բնակչության մոտավորապես կեսը՝ 30-50 միլիոն մարդ: Որոշ պատմաբաններ համարում են, որ Հուստինիանոսի ժանտախտը Հռոմեական կայսրության փլուզմանը նպաստող գործոններից մեկն էր:

Սև Մահը (1347-1351)

Ժանտախտի հաջորդ բռնկումը տեղի ունեցավ Կենտրոնական Ասիայում: Պատմության մեջ «Սև Մահ» անունով մնացած համավարակը Մետաքսի ճանապարհով նախ Ղրիմ, ապա՝ նավերի վրա վխտացող առնետների միջոցով Եվրոպա հասավ: Սև մահը Եվրոպայում ավելի քան 25 միլիոն մարդու կյանք խլեց, իսկ ամբողջ աշխարհի բնակչությունը 450 միլիոնից նվազեց մինչև 350-375 միլիոն:

Միջնադարյան խավարամտության պայմաններում հիվանդություններն ու աղետները հաճախ կապվում էին երկնային ուժերի զայրույթի հետ: Սև Մահվան արյունալի հետևանքներից մեկն էլ խուճապահար ամբոխի քավության նոխազ դարձած հրեաների ջարդերն էին ամբողջ Եվրոպայում: Սակայն Սև Մահը միջնադարյան Եվրոպայի հասարակական կյանքում նաև դրական փոփոխություններ բերեց, օրինակ, ըստ որոշ պնդումների՝ ճորտատիրության վերացումն Արևմտյան Եվրոպայում կապված է հենց այս իրադարձությունների հետ: Բացի այդ,  բնակչության անկման պատճառով անտառային տարածքները վերականգնվեցին:

Իսպանական գրիպ (1918-19թթ)

1918 թվականի մայիսի վերջին իսպանական լրատվական մի գործակալությունը գրեց, որ Մադրիդում «համավարակային բնույթով տարօրինակ հիվանդություն» է տարածվում: Հետագայում պարզ կդառնա, որ այս իրադարձությունը H1N1 գրիպի պանդեմիաներից առաջինն էր: Շատ կարճ ժամանակահատվածում հիվանդությունը տարածվեց ամբողջ աշխարհում և վարակեց մոտավորապես 500 միլիոն մարդու՝ այդ ժամանակվա աշխարհի բնակչության մոտ մեկ երրորդին: Մահացավ մինչև 50 միլիոն մարդ:

Իսպանական գրիպն ամենայն հավանականությամբ ծագել է ԱՄՆ-ում, այնուհետև զինվորները վարակը Եվրոպա բերեցին՝ տարածելով ամբողջ պատերազմական ճակատով: Այս համավարակը սփռվեց մի աշխարհում, որը ցնցվում էր Առաջին համաշխարհային պատերազմից: Մարտական ոգին բարձր պահելու նկատառումներից ելնելով՝ Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում հիվանդության և մահացության մասին ճշգրիտ լուրեր չէին հրապարակվում, իսկ ահա իսպանական թերթերն ազատորեն արձանագրում էին մահվան դեպքերը:

Իսպանական գրիպի ժամանակաշրջանում համավարակները կառավարելու ներկայիս փորձն ու գիտելիքները չկային: Բժիշկները, սակայն, արդեն հասկացել էին, որ վարակը կանխելու ամենաարդյունավետ միջոցը հիվանդներին մեկուսացնելն ու մարդկային կուտակումներից խոսափելն էր: Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական իրադարձություններից ելնելով՝ անհրաժեշտ քայլեր չէին ձեռնարկվում: Գերմանացի պատմաբան Վոլֆգանգ Էքարդը  ասում է, որ 1918 թվականին, երբ գրիպը կատաղի տարածվում էր,  Մանհայմ քաղաքում, կինոթատրոններն ու թատրոնները չէին ուզում փակել այն հիմնավորմամբ, որ չի կարելի մարդկանց զվարճանալու հնարավորությունից զրկել, առանց այդ էլ պատերազմ է:

2007 թվականին ամերիկյան "PNAS" գիտական ամսագիրը մի հետազոտություն հրապարակեց, որում ներկայացված է ԱՄՆ-ում իսպանական գրիպի տարածման երկու դրվագ: Այսպես, 1918-ի աշնանը Ֆիլադելֆիա քաղաքում մեծ զորահանդես անցկացվեց, որին 200 հազար քաղաքացի ու զինվորական էր մասնակցում: Երեք օր անց Ֆիլադելֆիայի հիվանդանոցներում ասեղ գցելու տեղ չկար, մեկ շաբաթում մահացածների թիվը գերազանցեց 5000-ը: Ի տարբերություն Ֆիլադելֆիայի՝ Սեինթ Լուիսում հիվանդության տարածման մասին առաջին լուրերից հետո անմիջապես փակվեցին դպրոցները, մանկապարտեզներն ու եկեղեցիները: 20 մարդուց ավել մասնակից ունեցող հավաքներն արգելվեցին: Հետազոտողները փաստում են, որ թեև այս միջոցառումները չկանգնեցրին համավարակը, բայց տարածման արագությունը էականորեն նվազեցրին, իսկ մահերը կրճատեցին 50 տոկոսով:

Ի՞նչ ենք սովորել նախկին համավարակներից 

1957-58 թթ.-ին աշխարհն առերեսվեց 20-րդ դարի խոշորագույն երկրորդ պանդեմիային: Նոր համավարակը Ասիական գրիպն էր, որից ամբողջ աշխարհում մահացավ 1-2 մլն մարդ: Այս համավարակի ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե քաղաքական գործիչներն ու պատասխանատու մարմինները որքան քիչ դասեր են քաղում նախորդ համավարակների պատմությունից:

Այսպես, 1957 թվականի հունիսին համավարակը Գերմանիա հասավ: Ռադիո Բրեմենի արխիվում պահպանված մի հարցազրույցում Բրեմենի այն ժամանակվա առողջապահության վարչության տնօրենն ասում է, որ տարածվող  հիվանդությունից անհանգստանալու ոչ մի հիմք չկա ու ավելացնում, որ «Ասիական գրիպ» տերմինն ինքնին չափազանցություն է: Ու քանի որ «անհագստանալու ոչ մի հիմք չկար», չեն փակվում դպրոցները, համավարակը կանգնեցնելու համար լուրջ միջոցառումներ չեն նախաձեռնվում: Այս մոտեցման հետևանքները շատ սպասեցնել չտվեցին, ընդամենը մեկ տարում զոհերի թիվը հասավ 30 հազարի:

Վերադառնանք  SARS-ի տարածման պատմությանը: Որո՞նք էին այն սխալները, որ բազմաթիվ համավարակների, վարակների ու համաճարակների փորձ ունեցող մարդիկ թույլ տվեցին: ԱՀԿ-ի անցկացրած հետաքննությունը ցույց տվեց, որ չինական կառավարությունը համավարակի մասին բարձրաձայնել է միայն այն բանից հետո, երբ արձանագրվել է 18 մահ, հարյուրավոր մարդիկ էլ հիվանդանոցներում էին: Գլոբալիզացիայի առանձնահատկություններից մեկն այն է, որ վարակները հաշված ժամերում ճամփորդում են, ուստի ԱՀԿ-ն հորդորում է թափանցիկ ու արագ գործել: Այն, որ այս գործելաոճով հնարավոր է համավարակների տարածումը կանխել ու անգամ կյանքեր փրկել, փաստում են բազմաթիվ օրինակներ: 2002 թ.-ի մարտին Սինգապուրի իշխանությունները շտապ հաղորդագրությամբ տեղեկացրին ԱՀԿ-ին, որ իրենց՝ SARS-ով վարակված քաղաքացիներից մեկը Նյու Յորքից տուն է վերադառնում ու այդ պահին Ֆրանկֆուրտի միջազգային օդակայանում է: Այդ տեղեկության շնորհիվ վերջինս մեկուսացվեց, ու կանխվեցին վարակի հարյուրավոր նոր դեպքեր:

Ի դեպ, 911 սենյակի բնակիչ 64-ամյա Լիու Ծիաբընը (Liu Jianlun) Գուանդուն նահանգի Զոնշանի համալսարանի պրոֆեսոր էր: Գուանդուն նահանգում նոյեմբերի 16-ից փետրվարի 9-ը ընկած ժամանակահատվածում ատիպիկ թոքաբորբով 305 մարդ էր հիվանդանոց տեղափոխվել, որոնցից հինգը մահացել էր: Այս մասին, սակայն, Գուանդունի պատկան մարմինները ոչ մի տեղ չէին զեկուցել: 64-ամյա պրոֆեսորը, որը, փաստորեն, վարակված էր, Հոնկոնգում ապրող ազգականների հարսանիքին մասնակցելու էր եկել, սակայն հարսանիք գնալու փոխարեն հիվանդանոց տեղափոխվեց, որտեղ էլ մարտի 4-ին մահացավ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter