HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հայաստան-Արցախ անցակետերում մարդկանց տեղաշարժը արտակարգ դրությունից հետո

Մարտի 18-ից 20-ը Հայաստան-Արցախ 4 անցակետերում ջերմաչափվել է 4564 քաղաքացի, որոնցից 37 և ավելի ջերմություն է արձանագրվել միայն 25-ի մոտ:

Այս մասին «Հետքը» տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից ստացված գրավոր հարցման պատասխանից:

Արցախում կորոնավիրուսով վարակվածության որևէ դեպք չի արձանագրվել:

Հայաստանում արտակարգ դրությունը հաստատելուց հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը, քննարկելով ստեղծված իրավիճակը, հանգել էին այն եզրակացության, որ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում պետք է հայաստանցիները մեկնեն Արցախ և հակառակը: Այս մասին Փաշինյանը հայտարարել էր Կառավարության մարտի 16-ի նիստում, որի ժամանակ էլ հայտարարվել էր արտակարգ դրություն: Որոշվել էր անցակետերում ջերմաչափում իրականացնել և այն դեպքերում, երբ քաղաքացին կունենա 37 և ավելի ջերմություն, վերջինիս թույլ չտալ մեկնել հակառակ ուղղությամբ:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ հակահամաճարակային ծառայության կողմից բժշկասանիտարական հսկիչ կետերում պարբերաբար հսկողություն է իրականացվում: Շահումյանի շրջանի Նոր Խարխափուտի և Քաշաթաղի շրջանի Աղավնոյի բժշկասանիտարական հսկիչ կետեր են գործուղվել նախարարության պատասխանատուներ, ովքեր տեղում մեթոդական ցուցումներ են տվել բուժանձնակազմին:

Այդ ցուցումները հետևյալն են`

1) Արցախի Հանրապետության քաղաքացին՝

ա.Եթե ունի ջերմություն, սակայն չի ունեցել կոնտակտ կասկածելի վարակակրի հետ՝ ուղարկվում է տնային մեկուսացման և իրականացվում է հսկողություն՝ բնակության վայրի պատասխանատու բուժանձնակազմի կողմից ամենօրյա զանգերի, անհրաժեշտության դեպքում նաև այցերի միջոցով:

բ. չունի ջերմություն, սակայն ունեցել է կոնտակտ կասկածելի վարակակրի հետ՝ նույնպես ուղարկվում է տնային մեկուսացման և իրականացվում է բժշկական հսկողություն:

գ. ունի ջերմություն և ունեցել է կոնտակտ կասկածելի վարակակրի հետ՝ ուղարկվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության նախատեսած մեկուսարան:

2) Հայաստանիվ Հանրապետության քաղաքացին՝

ա. Եթե ունի ջերմություն՝ տրամադրվում է դիմակ, ձեռնոց, ուղարկվում է տնային մեկուսացման՝ ըստ բնակության վայրի, և Արցախի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում իրականացվում է բժշկական հսկողություն,

բ. չունի ջերմություն՝ անհրաժեշտության դեպքում տրամադրվում է դիմակ, ձեռնոց, լրացվում է անհատական տվյալների տեղեկանքը և Արցախի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում իրականացվում է բժշկական հսկողություն:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Արցախի Հանրապետությունում ձևավորվել էր Կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի նախագահությամբ:

Օրեր առաջ նույն հանձնաժողովի հանձնաժողովի շրջանակներում գործարկվել է տեղեկատվական շտաբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter