HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Եվրոպական դատարանը ճանաչել է 91-ամյա Բաբկեն Թամրազյանի իրավունքների խախտումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մարտի 19-ին հրապարակեց Թամրազյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացրած վճիռը: Դատարանը ճանաչել է 91-ամյա Բաբկեն Թամրազյանի գույքային իրավունքի եւ արդար դատաքննության մաս կազմող պատճառաբանված դատական ակտի իրավունքի խախտումը: Դիմումատուն այդ վճռին սպասել է 10-ը տարի: 

2010 թ.-ին Վճռաբեկ դատարանը (ՎԴ) օրենքը սխալ կրառելով նրան զրկեց Տավուշի մարզի Թեղուտ գյուղում գտնվող հողամասը տիրապետելու իրավունքից եւ այն որպես սեփականություն հանձնեց մեկ ուրիշին: Բաբկեն Թամրազյանի դուստրը մեզ հայտնեց, որ հայրը ՎԴ-ի որոշումից հետո էլ, եւս 9-ը տարի շարունակել է տիրապետել հողամասը: Մեկ տարի առաջ ոստիկանների միջոցով նրան վտարել են, սակայն նոր սեփականատերը դրանից հետո էլ հողամասում ոչ մի աշխատանք չի կատարել, հավանաբար, նա էլ է սպասել ՄԻԵԴ-ի վճռին: 

«Հետք»-ը այս պատմությունը հրապարակել էր տասը տարի առաջ: Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Բաբկեն Թամրազյանը 1986թ.-ից մինչեւ 2010թ.-ը` շուրջ 24 տարի, մշակել էր Թեղուտ գյուղի մերձակա կամրջի հարեւանությամբ գտնվող 1300 քմ հողատարածքը: Աղստեւ գետի հունը փոխելուց հետո առաջացած ամայի, քարքարոտ ու անօգտագործելի տարածքը իր ուժերով մաքրել է աղբակույտերից ու քարերից, բուսահող է լցրել` հողատարածքի մակարդակը 1,5 մ-ով բարձրացրել գետի մակարդակից: Հողատարածքում բարեկարգման աշխատանքներ  կատարելուց բացի պտղատու ծառեր է տնկել, այգետնակ տեղադրել, ցանկապատել ամբողջ տարածքը

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի 23.02.2007թ. որոշումով հողատարածքը 184.228 դրամով վաճառվել է այդ տարածքում գտնվող «Սունկ» կոչվող հասարակական օբյեկտի սեփականատեր Արմեն Հակոբյանին: Բ. Թամրազյանը դիմել էր վարչական դատարան եւ հայտնել, որ իր մշակած հողամասը 2007թ. ապրիլին աճուրդով վաճառված լինելու մասին մեկ տարի հետո տեղեկացել է գնորդ Ա. Հակոբյանից

Նրա փաստաբան Անահիտ Եսայանը օրենսդրորեն հիմնավորել էր, որ նշված հողատարածքը կարող էր օտարվել միայն ուղղակի վաճառքի ձեւով: Բ. Թամրազյանը նշված հողատարածքը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք ուներ, մինչդեռ այն օտարվել է աճուրդով, եւ հայցվորն էլ տեղեկացված չի եղել այդ մասին: Խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել Տավուշի մարզպետի` վիճելի հողատարածքն աճուրդով օտարելու գործողությունը, անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրը եւ Ա. Հակոբյանին տրված սեփականության իրավունքի վկայականը

Դատարանն անվավեր էր ճանաչել Տավուշի մարզպետի եւ գնորդի միջեւ կայացած 2007թ. ապրիլի 3-ի առուվաճառքի պայմանագիրը, քանի որ այն «կնքվել է Բաբկեն Թամրազյանի` վիճելի հողամասի նկատմամբ ձեռքբերման նախապատվության իրավունքի խախտումով»: Այնուհետեւ, գնորդ Արմեն Հակոբյանի վճռաբեկ բողոքի հիման վրա ՎԴ-ն բեկանել էր վարչական դատարանի վճիռը:

ՄԻԵԴ-ում Բ. Թամրազյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանը նշում է, որ իրավաբանորեն, եթե 10-ը տարի բացահայտ, անընդմեջ եւ բարեխիղճ կերպով օգտագործում ես համայնքային կամ պետական հողը, նրա նկատմամբ իրավունք է ծնվում: Եթե համայնքը կամ մարզպետարանը որոշում է վաճառել հողատարածքը՝ առաջինը տնօրինողին պետք է առաջարկի, եթե նա հրաժարվում է գնել՝ դնի վաճառքի: 

Մարզպետարանը վարչական դատարանին հայտնել էր, որ հողամասն աճուրդի դնելու հայտարարությունը հրապարակել էր «Հայաստանի հանրապետություն» օրաթերթում, բարի լիներ կարդար: 

«ՄԻԵԴ-ը ճանաչելով դիմումատուի գույքային իրավունքի խախտումը գրել է, որ փաստացի ազդարարի ինստիտուտը չի աշխատում: «Հայաստանի հանրապետություն» օրաթերթի 7-րդ էջի ներքեւի աջ անկյունում, մանր տառերով գրված հայտարարությունը, որ Տավուշի մարզում 1300 քմ հողատարածք է վաճառվում, չի կարող ծանուցում համարվել: Այդ թերթը գյուղ չի առաքվում, իսկ դիմումատուն 81 տարեկան մարդ է, նրան անձամբ էր պետք ծանուցել, աճուրդ մասին հայտարարությունը պետք է փակցվեր նաեւ գյուղամիջում եւ այլն»,- հայտնեց Արա Ղազարյանը:

Անդրադառնալով ՄԻԵԴ վճռով արձանագրված՝ դիմումատուի պատճառաբանված դատական ակտի իրավունքի խախտմանը, փաստաբանը նշեց, որ պետական հողի նկատմամբ ձեռքբերման վաղեմության իրավունքով գնելու նախապատվություն ունենալու իրավունքը հստակորեն կարգավորում է Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածը: Մինչդեռ, ՎԴ-ն իր որոշման մեջ լռությամբ շրջանցել է այն հարցը, թե վեճը որ օրենսգրքով է  կարգավորվում: Մեկնաբանել է, որ Քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, որը սահմանում է ձեռքբերման վաղեմության իրավունքը անհատ քաղաքացիներին պատկանող հողամասերի նկատմամբ, կիրառելի չէ պետությանը կամ համայնքներին պատկանող հողամասերի նկատմամբ:

«Կառավարությունը ՄԻԵԴ-ին պատասխանել է նույն ոճով: Գրել է որ ՎԴ-ի որոշումը պատճառաբանված է, ճիշտ է, նա չի ասել, որ հարցը Հողային օրենսգրքով է կարգավորվում, բայց ասել է, որ չի կարգավորվում Քաղաքացիական օրենսգրքով, եւ այստեղ միտքը չի ավարտել»,- հայտնեց Բ. Թամրազյանի ներկայացուցիչ Արա Ղազարյանը:

«Ես հարց եմ բարձրացրել, որ ոչ միայն օրենսգրքով է կարգավորվում այս հարցը, այլեւ ՎԴ-ի նախադեպերով»,- ասաց փաստաբանը: Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Վճռաբեկ դատարանը շեղվել է նաեւ կայուն հաստատված նախադեպային իրավունքից եւ որոշման մեջ չի պատճառաբանել, թե ինչու է շեղվել: Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թ. թիվ 3-537 ՎԴ որոշումը վերաբերում է տիրապետման վաղեմության ուժով սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունքի ծագման համար անհրաժեշտ հիմքերին եւ նրանում առկա վավերապայմաններն առկա են նաեւ այս գործում: 

ՄԻԵԴ-ը դիմումատուի կրած բարոյական վնասի համար որոշել է 5000 եվրո փոխհատուցում տրամադրել:

Փաստաբանը հայտնեց, որ ՄԻԵԴ վճիռն ուժի մեջ կմտնի 3 ամսից, որից հետո 3 ամսվա ընթացքում պետք է դիմեն Վճռաբեկ դատարանի վարչական գործերով պալատ՝ գործը վերաբացելու եւ ՎԴ-ի 2010թ. որոշումը բեկանելու համար: Պետք է վերականգնվի այն նախնական իրավիճակը, որը կար մինչեւ Բ. Թամրազյանի իրավունքի խախտումը: Այսինքն՝ մինչեւ նրա հողամասը աճուրդով վաճառելու մասին հայտարարելը: 



հ.գ. Աճուրդների վերաբերյալ հայտարարությունները «Հայաստանի հանրապետություն» օրաթերթում հրապարակելու եւ այն պատշաճ ծանուցում համարելու անընդունելի եւ անթույլատրելի լինելու վերաբերյալ հիմնավորումները մանրամասն ներկայացրել ենք մեր հետազոտության մեջ: Սակայն, այն առայսօր շարունակում է մնալ աճուրդներ հայտարարելու վերաբերյալ համայնքների ղեկավարների մեծ մասի նախընտրելի տարբերակը: ՄԻԵԴ-ի այս վճիռը, որին մենք էլ ենք սպասել տարիներ, կարծում ենք, վերջ կդնի այս արատավոր գործելաոճին եւ Կառավարությանը կպարտավորեցնի հիմնովին վերանայելու աճուրդներ իրականացնելու անթույլատրելի պրակտիկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter