HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կյանքն Իտալիայի նարնջագույն զոնայում

Ազատուհի Խաչատրյան

Կարդալ կարդալուց առաջ

Լուրերին չեմ հետևում, բայց հարազատներիս հեռահար պատմություններից տեսնում եմ, որ նույն սցենարն այժմ Հայաստանում է, ինչ երեք շաբաթ առաջ այստեղ՝ Իտալիայում էր: Հուսամ, դուք էլ նախընտրում եք շուրջը տեղի ունեցողին սեփական աչքերով նայել ու սեփական փորձառությամբ ընկալել, սեփական զգայարաններով ճանաչել մեր բոլորիս կյանքում նախկինում չհանդիպած իրադարձությունը: Եվ միայն այս դեպքում է, որ կհասկանաք՝ ինչ է կատարվում իրականում, ու ձեր ներսում կկառուցվի իրավիճակը գնահատող հավասարակշիռ սանդղակը, որն էլ ձեզ կուղորդի հավասարակշիռ գործողությունների:

Իտալիայում արտակարգ դրությունը շարունակվում է, հետաձգվել է Հայաստան վերադառնալս անհայտ ժամանակով, ու չգիտեմ՝ արդյոք կկարողանամ Սուրբ Զատիկն ու տարեդարձս ընտանիքիս հետ նշել իմ գյուղում, հետևել, թե ինչպես է գարունը արթնանում իմ անտառում ( վերջին երկու հանգամանքը չափազանց էական են ինձ համար ),  չգիտեմ նաև, թե որքան ժամանակ կարիք կլինի այսպես տանը փակված մնալ ու շարունակ լուծումներ գտնել ներդաշնակ, օգտակար կենցաղ ունենալու համար…բայց չնայած այսքան անորոշություններին՝ մի բան հստակ է ներսումս՝ իրականության հավասարակշիռ ընկալումը, ու եթե լուծումներ փնտրեի ինձնից դուրս՝ հետևելով այլոց ռեակցիաներին և քայլերին, ապա ես էլ հիմա կլինեի Դիլիջանում, որտեղ երկշաբաթյա մեկուսացման մեջ են գտնվում Իտալիայից մեկնածները: Այս լուծումը չէր լինի լավագույնը ինձ ու իմ ընտանիքի համար, որից ինձ հաջողվեց խուսափել, երբ թույլ տվեցի զգայարաններիս հուշելու, թե իսկապես ինչպես է ճիշտ վարվել հիմա: 

Վստահ եմ, այս օրերին շատ «վարակակիր» պատմություններ եք կարդում՝ ֆեյսբուքյան օգտատերերի ու լրատվամիջոցների հեղինակությամբ, ովքեր բոլորն էլ չարաշահում են ինքներս մեզ հետ լռության մեջ լինելու իրավունքը, բայց եթե արդեն այս հարթակում եք հայտնվել ու որոշել եք մի բան կարդալ, ապա շարունակեմ պատմել ոչ արտառոց ու շատ սովորական դեպքերի մասին:

Համեղ ու անհամ նարնջագույնը

Եկածս օրվանից վայելում եմ իտալական նարինջները, որ հատիկ հատիկ ընտրում էի մրգավաճառի մոտից, ու մինչ տուն հասնելը մնում դրանց գայթակղիչ եթերաբույրի ազդեցության ներքո: Եթե չպատկերացրիք, թե ինչ նկատի ունեմ, քանի որ դեռ բախտ չեք ունեցել համային ռեցեպտորներով ծանոթանալու Սիցիլիայի նարինջներին, ուրեմն պատկերացրեք, որ դրա համադամությունը հավասար է Արարատյան հովտի ծիրանին, որ աշխարհի ոչ մի անկյունում նույնքան արևահամ ու իսկական չէ:

Վաղուց է, ինչ մրգավաճառի մոտ գնալ չեմ կարող. փակ է, քանի որ նարնջագույն նարինջներին եկել է փոխարինելու կյանքը նարնջագույն զոնայում: Ադրիատիկի ափին գտնվող մեր քաղաքը՝ Պեզարոն, հայտնվեց այս գունային զոնայում ոչ այն պատճառով, որ ինձ շատ դուր եկան նարինջները, այլ որովհետև վարակի տարածվածությունն է չափվում մի դեպքում կարմիրով, որ նշանակում է՝ բոլորդ հանգիստ նստեք տեղներդ,  իսկ մյուս դեպքում՝ նարնջագույնով, որը նույնը ոչ թե պարտադրում, այլ խորհուրդ է տալիս: Այս խորհրդին վերջին անգամ չեմ հետևել մարտի 13-ին, երբ առավոտյան վաղ, քանի դեռ երթևեկությունը պասիվ է, դուրս եկա հեծանվային զբոսանքի: Արդեն երկու ամիս է, ինչ հյուր եմ քրոջս մոտ այս քաղաքում, ու զբոսանքներիս սիրելի ժամը կամ առավոտ վաղ է, երբ կարգին արթուն չէ քաղաքային կյանքը, կամ էլ ժամը մեկից չորսը, երբ իտալացիների ճաշն է, որին հաջորդում է «սուրբ սիեստան». այս ժամերին փակ են խանութները, գրասենյակները, ու եթե դրսում մարդ ես տեսնում, կամ տեղացի չէ, կամ էլ ինչ-որ խիստ անհրաժեշտություն կա դրսում լինելու: Սրանք լավագույն պահերն են, երբ կարող եմ ես՝ անփորձ հեծանվորդս, համարձակվել երթևեկության մեջ դուրս գալ: 

Ասեմ, որ այս անգամ բավական վճռական դուրս եկա տնից, չնայած քույրս այդքան էլ ուրախ չէր որոշմանս համար, և շարժվեցի դեպի իմ սիրելի զբոսայգի, որտեղ հաճելի կանաչ է, անտառ էլ կա, ծաղիկներ ու թռչուններ, ապրում են սկյուռներ ու կատուների մի բազմանդամ ընտանիք: 

Գոհ իմ հեծանվային մանևրներից, հասա այգու դարպասներին, որոնք փակ էին: Իտալերենի իմացությունս բավարարեց հասկանալու գրությունը՝ «Այգին փակ է մինչև ապրիլի 3-ը»

Իսկ ես այնքան վճռական էի ճամփա դուրս եկել, ու այնքան խիզախ էի ինձ զգում, որ չեմ սարսափել սարսափելի լուրերից ու շարունակում եմ իմ բնական ռիթմով ապրել: Մտածեցի, որ ուղղությունս կփոխեմ դեպի ծով. ծովն էլ հո փակել չեն կարող, չնայած՝ ի՞նչ իմանաս… Շրջվեցի, որ գնամ, տեսա՝ անվիս առաջ թղթադրամ է ընկած՝ հինգ եվրո, ու հայտնվեցի ծիծաղելի իրավիճակում՝ վերցնե՞լ, թե՞ չվերցնել…ու չվերցրի, բայց համարեցի լավ նշան, որ ծովային արշավս կհաջողվի:

Եվ իսկապես, ծովը բաց էր՝ փռված անսահմանության մեջ, ինչպես իրեն է հատուկ, միայն լուսինը ձգել ու մի քիչ ետ էր քաշել: Տեղատվությունը շատ հարմար է հեծանվով ծովեզրը գծելու համար. ավազը թաց է ու պինդ, չես խրվում:

Ետդարձին արդեն աշխուժություն կար փողոցներում: Մարդիկ՝ դիմակով կամ՝ առանց, շներին էին դուրս տարել (այստեղ առավել հաճախ շներով, քան երեխաների հետ զբոսնող մարդկանց եմ տեսնում): Զգալի էր, որ խուսափում էին իրար մոտիկ քայլել. զգուշանում էին:

Տուն վերադառնալուց հետո միայն իմացա, որ դա իմ վերջին զբոսանքն էր. քրոջս անհանգստությունն ավելի զգալի էր. լուրեր էր կարդացել ու վճռել ողջ ընտանիքով ինքնամեկուսացվել:

Կառնավալ Կառնավալից հետո 

 Փետրվարի 23-ին ճաշից հետո քրոջս ու երեխաների հետ դուրս եկանք տնից: 

Սկզբում նապաստակի տեսանք, հետո եկավ Ռոսինին, կոնֆետներ բաժանող տրակտորը, երաժշտական գործիքներ, հայտնվեց նաև Գրետա Թունբերգը, այլմոլորակայիններ ու քայլող պիցաներ, հատկապես անսպասելի էր մակարոններ նետող Անգլիայի թագուհին:

Սա այն բացառիկ օրերից էր, երբ քաղաքն աշխույժ էր ճաշից հետո. Իտալիան տոնում էր Կառնավալը: 

Այսքան գունավոր ու աղմկոտ դեռ չէի տեսել քաղաքը, որտեղ նկատելիորեն շատ են միջին և բարձր տարիքի մարդիկ: (Եվ սա ողջ Իտալիային է բնորոշ, որտեղ չնայած կյանքի միջին տևողությունը բարձր է՝ 84 տարի, ծնելիության մակարդակը քիչ է, որի պատճառով երկիրը դեմոգրաֆիական ճգնաժամի մեջ է): 

Կառնավալը սկսվեց ու շարունակվում է մինչ օրս. մարդիկ շարունակում են շրջել դիմակներով, բայց դրանք միանման են, լիքը փողոցների փոխարեն էլ դատարկություն է, իսկ հազար ու մի գույներից մնացել է միայն նարնջագույնը, որովհետև գլխներիս թափվող կոնֆետների փոխարեն այժմ վարակն է թափվել քաղաքի գլխին... 

Եվ ահա, արդեն չորրորդ շաբաթն է տեղացիների՝ միմյանց տրվող հարցը, թե «ի՞նչ ես կերել այսօր ճաշին», դադարել է լինել օրվա գլխավոր հարցումը, որին ի պատասխան՝ հնչում էին պոլպետաներով պաստայի կամ պիցա ռուստիկայի բաղադրիչների ճամփորդական արկածները դեպի մարսողական համակարգ: Հիմա բոլորին հետաքրքիր է, թե ո՞նց են մյուսները դիմանում տանը:

Ինձ էլ է հետաքրքիր, թե այս օրերին ինչ են անում մարդիկ իրենց տներում, որի պատասխանը գտնում եմ պատշգամբ դուրս գալով:

Ներքևի հարևանները դուրս են եկել բակ. հայր ու որդի մարզվում են, դիմացի շենքի երիտասարդ պապիկը (այսպես եմ անվանում՝ հարգելով տեղացիների հավերժ երիտասարդ լինելու պահանջը, ովքեր խիստ վիրավորվում են, երբ իրենց որպես տարեց ես դիմում) արևի տակ նստած թերթ է կարդում, օրիորդ տատիկն էլ (իսկ կանանց դեպքում չափազանց խրախուսելի է օրիորդով դիմելաձևը, նույնիսկ, եթե նա 80-ն անց է, և վաղուց առնչություն չունի այդ կարգավիճակի հետ) համեղ թխվածք է թխել, որի մասին բոլորս իմացանք, քանի որ պատշգամբից կանչում է թոռնիկին, որ գա, ուտի: Կողքի հարևանի տնից հաճախ բարձր ձայներ են գալիս՝ երեխայի լացի կամ հանդիմանող մեծի: Երկու օր է՝ ինչ-որ մեկը շինարարություն է սկսել, որի պատճառով չի ստացվում կարգին կենտրոնանալ նյութս վերջացնելու համար: 

Այս «պատշգամբային» կյանքը դառնում է ամբողջական իր բացօթյա պատարագներով, որ հնչում է ամեն օր բարձրախոսներով: Սկզբում զանգերն են հնչում, որ այժմ մարդկանց հրավիրելու փոխարեն նրանց ուշադրությունն է հրավիրում, հետո քաղաքը լցվում է հաճելի երգեցողությամբ ու աղոթքներով: 

Հետաքրքիր է նկատել, թե ինչպես է հավերժ պտտվող անվային ռիթմից դուրս թռած կյանքը հոսում մի այլ ուղղությամբ, և թե ինչպես է մարդը վարվում այն ժամանակի հետ, որ վերջապես վերադարձվել է իրեն: Այս օրերին կարելի է նկատել, թե որքա՞ն կայուն է հասարակությունը, որքանո՞վ է ի վիճակի ինքնուրույն գնահատել իրավիճակը՝ առանց կառավարող ուժերի հրահանգների, ինքնուրույն կառուցելու իր առօրյան՝ առանց արտաքին ազդեցությունների: Ժամանակ պետք եկավ մինչև խուճապային գործողությունները նահանջեցին (քաղաքում բոլորը գիտեն այն կնոջ մասին, ով խուճապի մատնված՝ չի նկատել, թե ինչպես են իր գնումները անցել 600 եվրոյի սահմանը): 

Եվ խուճապային օրերից հետո տեսնում ենք, թե ինչպես է օրեցօր արթնանում մարդու ստեղծագործ էությունը: Ամբողջ Իտալիան երեխաների հետ ծիածաններ էր նկարում «ամեն ինչ լավ է լինելու» կարգախոսով և կախում պատշգամբից, մի ուրիշ օր էլ երաժշտությամբ էին մարդիկ միմյանց քաջալերում, եղավ նաև բուժաշխատողներին ծափահարության օր, իսկ երեկ երեկոյան արտահերթ հնչեցին եկեղեցու զանգերը, և մարդիկ միացան՝ պատուհանագոգերին մեկական մոմ վառելով, ի աջակցություն դրական փոփոխության:

Այս արտակարգ իրավիճակը, բնականորեն, մեզ տալիս է արտակարգ հնարավորություն ինքներս մեզ հետ լինելու, երբ, փակվելով քարաշեն տներում, մեր ներսի տան դռներն են բացվում, որ կարոտ են մեզ հյուրընկալել: Ու երբ հանգիստ կնստենք մեր սիրելի աթոռին, ու միտքը խաղաղ կլինի, մտածենք, թե ինչու՞ է աշխարհին միավորողն այսօր դարձել հիվանդությունը. արդյոք մենք՝ մոլորակի բոլոր բնակիչներս, չունեինք մի այլ բան, որ մեզ կհամախմբեր…և արդյո՞ք այս վարակի սկզբնաղբյուրը արտաքին է, հանկարծ ու նոր է հայտնվել, և այն տարիներ շարունակ ախտեր սնուցող մեր գործողությունների հետևանքը չէ:   

Առողջ մնացեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter