HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Վահե Հովհաննիսյան. «Համալսարանը ստագնացիայի մեջ է, բայց ունի զարգանալու ներուժ»

Անորոշ ժամկետով հետաձգվել են մարտի 23-ին նախատեսված ԵՊՀ ռեկտորի ընտրությունները՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված։ Արտակարգ դրության հաստատումից առաջ պետհամալսարանի խնդիրների ու հնարավորությունների շուրջ «Հետքը» զրուցել էր ռեկտորի պաշտոնի հավակնորդ, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանի հետ։ Հրապարակում ենք հարցազրույցը՝ լիահույս, որ համավարակը հաղթահարվելու է, եւ ընտրությունները կայանալու են։ 

Պրն Հովհաննիսյան, ի տարբերություն համալսարանը ներկայացնող թեկնածուների մեծ մասի, որոնց առաջադրել են ֆակուլտետները, Դուք ինքնաառաջադրվել եք ռեկտորի պաշտոնի մրցույթում։ Արդյոք դա նշանակում է, որ Դուք չունեք Իրավաբանության ֆակուլտետի աջակցությունը։

Ֆորմալ առումով, կանոնադրությամբ եւ կանոնակարգով ռեկտոր առաջադրելու երկու տարբերակ կա՝ կամ կառուցվածքային միավորներն են առաջադրում, կամ ինքնաառաջադրում։ Ես ներկայացնում եմ համալսարանական բարեփոխումների հարթակը, որտեղ ընդգրկված են ե’ւ հումանիտար հասարակագիտական, ե’ւ բնագիտական, ճշգրիտ մասնագիտությունների գծով ներկայացուցիչներ։ Հարթակը երկար ժամանակ է՝ գործում է, բարեփոխումների օրակարգ է ձեւավորել, ծրագիր է մշակել, եւ քանի որ ես այդ հարթակի ներկայացուցիչն եմ եւ փաստացի իրենց թեկնածուն, եւ այն ԵՊՀ կառուցվածքային միավոր չէ, ֆորմալ տեսանկյունից մնում էր ինքնաառաջադրման տարբերակը։ Այս հարթակը սկսել էր գործել մինչեւ Արամ Սիմոնյանի (ԵՊՀ նախկին ռեկտոր) կողմից բարեփոխման հանձնաժողովի ձեւավորումը։ Մինչ այդ մեր հարթակը նույնպես մշակել էր բարեփոխման առաջարկներ, ուղղակի Արամ Սիմոնյանի կառավարման շրջանում հարթակի առաջարկներն ընթացք չստացան։ Երբ առաջացավ ճգնաժամը ԵՊՀ-ում, ձեւավորվեց բարեփոխումների հանձնաժողով, բայց հարթակի ոչ բոլոր անդամներն էին ներկայացված հանձնաժողովում։ Իսկ երբ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն այդ հանձնաժողովը լուծարեց, հարթակն ավելի ակտիվացավ։ Այստեղ շատ լուրջ աշխատանք է կատարվում, եւ ինձ համար մեծ պատիվ է հենց այդ բազմանդամ հարթակի թեկնածուն լինել, որտեղ ընդգրկված են, կարելի է ասել, իդեալական կենսագրություն եւ հետագիծ ունեցող անձինք։ Նրանք բոլորը պատասխանատու են ռեկտորի գործունեության համար, հետեւաբար ռեկտորը ոչ միայն վայելում է այդ հարթակի անդամների վստահությունը, այլեւ հարթակը պատասխանատու է ռեկտորի գործունեության համար։   

Դուք ԵՊՀ-ի առողջացման ծավալուն ծրագիր եք ներկայացրել։ Ինչպե՞ս կախտորոշեք համալսարանի ներկա վիճակը։

Համալսարանը ներկայումս ստագնացիոն վիճակում է։ Առանձին իրավիճակային լուծումներ կան, բայց համակարգային առումով դրանք բավարար չեն։ Քանի որ երկար ժամանակ հարթակը զբաղվել է համալսարանում առկա խնդիրների գույքագրմամբ, դրանք դասակարգել ենք։ Եվ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ներկայումս համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման եւ ինքնավերլուծության փուլն ավարտին է մոտենում, մենք որոշեցինք ծրագրի հիմքում դնել բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման միջազգային չափանիշները։ Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման միջազգային տասը չափանիշներն իբրեւ հիմք ունենալով՝ մշակվել է 10 տեսլական, ձեւակերպել ենք 40 խնդիր, եւ դրանց լուծմանը, կենսագործմանը միտված 202 գործողություն։ Երբ ասում ենք, որ համալսարանը ստագնացիոն վիճակում է, ուզում ենք նշել, որ այն դրականը, որ մինչ այդ գեներացվել է, չի զարգանում։ Ընդ որում՝ դա չի զարգանում վերջին շրջանում այն պատճառով, որ դրա համար նախադրյալներ չկան, կամ տուրբուլենտ ժամանակաշրջան է։ Մենք հազարավոր տարիների պատմություն ունենք, բայց դրա համեմատ փորձառությունը շատ ավելի քիչ է։ Նախկին ամեն դրականը պետք է պահպանենք։

Նոր ճանապարհ սկսելու համար Դուք համալսանում եղածից ի՞նչը կվերցնեիք։   

Տեսեք, պատմությունից օրինակ բերեմ։ Մենք քրիստոնեության շրջանի բազմաթիվ կոթողներ ունենք, բայց մինչքրիստոնեական՝ հեթանոսական շրջանի նմուշներ շատ քիչ ունենք, որովհետեւ վերացրել ենք այն ամենը, ինչ ունեցել ենք։ Հիմա մենք նույն ճանապարհով չպետք է գնանք, պետք է վերացնենք բացասականը, հիմք ընդունենք դրականը։ Թե դրանք ինչ տեսակարար կշիռ ունեն, այլ հարց է։ Ինչն է պետք պահպանել։ Համալսարանը ունի ներուժ։ Խոսքը դասախոսական եւ գիտական ներուժի մասին է։ Վերջին շրջանում շատ է ասվում, թե համալսարանը գիտական արդյունք չի ապահովում։ Ես հատուկ նայել եմ ցուցանիշները՝ բուհական համակարգում ԵՊՀ-ի գիտական պրոդուկտը եւ արդյունքի տեսակարար կշիռը գերազանցում է մյուս բոլոր բուհերինը՝ միասին վերցրած։ Բայց համաշխարհային գիտական արդյունքի մեջ տեսակարար կշիռը ու ներկայացվածությունն այնքան չնչին է, որ կարելի է ասել՝ չկա։ Մենք ունենք որոշ ենթակառուցվածքներ, որոնց վրա հիմնվելով, զարգացնելով, վերափոխելով՝ կարող ենք կոնկրետ արդյունքներ ապահովել ե’ւ համալսարանի միջազգայնացման, ե’ւ կառավարման, ե’ւ ռազմավարական պլանավորման, ե’ւ որակի ապահովման, ե’ւ կրթական ծրագրերի, հետազոտությունների վերանայման առումով։ Այն գործողություններով, որոնք նախանշված են մեր հարթակի ծրագրում, մենք միանշանակորեն այս ուղղությամբ կարող ենք արդյունք ապահովել։

Ինչի՞ց եք սկսելու, եւ որո՞նք ենք կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում արվելիք գործողությունները։

Գործողությունները դասակարգված են երեք խմբի՝ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ։ Կարճաժամկետում պլանավորում ենք առաջի հերթին որոշումների կայացման եւ կառավարման գործընթացի կատարելագործում։ Ձեւավորելու ենք ֆոկուս եւ վերլուծական խմբեր, որոնք պետք է ելակետային տվյալներ մեզ փոխանցեն։ Անպայման ներդնելու ենք գործունեության գնահատման որակական եւ քանակական ցուցիչներ։ Փոփոխություններ ենք կատարելու նաեւ համալսարանի բյուջեում։ Բայց ամենակարեւոր փոփոխությունը, որ ակնկալում ենք, համալսարանի գործունեության տրամաբանության փոփոխությունն է։ Համալսարանի կենտրոնում պետք է լինեն կրթական ծրագրերը, որոնք կարող են լինել ե’ւ միջդիսցիպլինար, միջֆակուլտետային, ե’ւ կոնկրետ՝ ճյուղային։ Մինչ այժմ համալսարանի գործունեությունը հետեւյալ տրամաբանությամբ է կառուցված՝ վարչական ենթակառուցվածքները եւ կառուցվածքային միավորները կանխորոշել են կրթական ծրագիրը։ Մինդեռ պետք է լինի հակառակը՝ կրթական ծրագիրը պետք է կանխորոշի, թե ինչպիսի դասախոս է մեզ անհրաժեշտ, եւ այդ ծրագրի իրագործման համար ինչ կառուցվածքային միավորներ են մեզ պետք։ Առաջին քայլն, ուրեմն, այդ տրամաբանությունը փոխելն է։ Սա կլինի նախադրյալ մնացած համակարգային լուծումների համար։

Ինչպե՞ս եք որոշելու՝ ինչ կրթական ծրագրեր են պետք, ինչ տեւողությամբ։ Օրինակ՝ կան ծրագրեր, որոնք արդիական էին երեկ չէ առաջին օրը, բայց կարող են վաղը հնացած լինել։

Կրթական ծրագրերը որոշելու առաջին չափանիշը պահանջարկն է, ինչպես նաեւ՝ պահանջարկի կանխատեսումը։ Մենք պատրաստվում ենք ձեւավորել մարքետինգի խումբ, որը պետք է աշխատաշուկայի հետ միշտ կապ պահի։ Ընդ որում՝ ե’ւ ապագայի մասնագիտությունների գծով պետք է կանխատեսումներ արվեն, ե’ւ աշխատաշուկայի ներկա պահանջների հաշվով։ Մենք պետք է հաշվի առնենք նաեւ միջազգային միտումները։ Գիտությունները միմյանցից անջատ չեն զարգանում։ Եվ պետք է շեշտը դնել հատման կետերի վրա։ Երբ դրա վրա շեշտը դնենք, ապագայի մասնագիտությունների գծով կանխատեսումները կիրականանան։ Մենք պետք է անցնենք նաեւ դուալ կրթական համակարգի։ Դա եւս շատ դրական արդյունքներ է ապահովում։ Մյուս խնդիրը հետեւյալն է՝ համալսարանում մենք չունենք հետադարձ կապ։ Կրթական ծրագրերի վերջնարդյունքների կիրառականությունը պետք է ստուգենք աշխատաշուկայում։ Մենք պետք է ստուգենք՝ մեր շրջանավարտներն աշխատաշուկայում ի՞նչ պահանջներ ունեն, արդյոք հենց իրենց մասնագիտությամբ են գործ գտնում, եւ եթե ունեն զբաղվածություն, գոնե մոտակա երեք տարում մենք մոնիտորինգ պետք է անենք։ Այս առումով նախատեսում ենք նաեւ նպատակային կրթական ծրագրերի ներդնում եւ նպատակային ֆոնդերի ստեղծում։ Սա էլ լուրջ գործիք է հետագայում համալսարանի շրջանավարտների ճակատագրի վրա դրական ազդեցության առումով։ Ընդ որում՝ այստեղ կա նաեւ բարոյահոգեբանական կողմ. համալսարանը պետք է պատասխանատու լինի իր շրջանավարտի համար, տեր կանգնի իր շրջանավարտին։ Հենց հիմա համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը նպատակային մագիստրոսական կրթական ծրագիր է իրականացնում «Վիվասելի», «Յուքոմի» եւ «Բիլայնի» հետ համատեղ։ Գործատուները որոշակի հիմնադրամի միջոցով հոգում են իրենց ապագա կամ ներկա աշխատողի կրթական ծախսերը, որոշակի կախվածություն է առաջանում։ Համալսարանը պիտի տեր կանգնի, որպեսզի իր շրջանավատին չշահագործեն, շուկայում ունենա պահանջարկ, շրջանավարտի լոբբինգով էլ պետք է զբաղվի, եթե դրա անհրաժեշտությունը կա, որպեսզի բուհ ընդունվելիս այն քաղաքացին, ով ընտրում է ԵՊՀ-ն, այդ շրջանում ոչ միայն իրավական կապի մեջ գտնվի, այլեւ հետագայում բարոյահոգեբանական կապ լինի բուհի եւ շրջանավարտի միջեւ։

Կրթության որակը, կրթական ծրագրերի արդյունավեությունը բարձրացնելու նպատակով նախատեսու՞մ եք ուսանողների թվի կրճատում։ Չէ՞ որ համալսարանը չունի այնչափ լսարանային ֆոնդ եւ շենքային պայմաններ, որքան ուսանող է ընդունում։    

Երբ համալսարանը հիմնադրվել է, դրանից հետո խորհրդային շրջանում շենքը կառուցվել է, այն նախատեսված է եղել մի աղբյուրի համաձայն՝ վեց հազար, մյուսի համաձայն՝ ութ հազար ուսանողի համար, բայց չեմ կարծում որեւէ աղբյուր լինի, որտեղ այդ թիվը տասը հազարը կգերազանցի։ Իսկ հիմա ԵՊՀ-ի ուսանողների թիվը գերազանցում է տասը հազարը։ Բնականաբար, ունենք ընդհանուր ենթակառուցվածքի խնդիր։ Համալսարանի բյուջեն վերջին հինգ տարիների ընթացքում տատանվել է 9.8-11.5 մլրդ դրամի սահմաններում, որի 70%-ն աշխատավարձն է։ Ինստիտուցիոնալ հավատարմագրման եւ ինքնավերլուծության համար սա բացասական ցուցիչ է։ Համալսարանն իր եկամտի աղբյուր է դիտարկում ուսանողին։ Մեր բյուջեն գերակշիռ մասով ձեւավորվում է ուսանողական վարձավճարներից։ Մենք մեր եկամուտների դիվերսիֆիկացիա չենք անում։ Համալսարանն ունի բավարար ռեսուրսներ՝ իր այլ գործունեությունից եւս ֆինանսական մուտքեր ապահովելու։ Կարող ենք հետազոտությունների վրա գումարներ ներդնել, բազմաթիվ են միջազգային ֆոնդերը, որոնք հետազոտություններ են ֆինանսավորում, մենք իրական, համակարգված ֆոնդահայթայթման գործառույթ իրականացնող առանձնացված միավոր չունենք։ Շատ ցրված, չհամակարգված վիճակ է՝ ցածր արդյունավետությամբ։ Ունենք ծախսային կենտրոններ, որոնք միանշանակ կարելի է վերածել եկամտի կենտրոնի, օրինակ՝ հրատարակչությունը, գրադարանը։ Համալսարանն ունի գույք, որի արդյունավետ շահագործումը եւս կարող է եկամուտ բերել։ Դրա համար առաջին փուլում ցանկանում ենք եկամտի աճի վրա շեշտը դնել, ընդ որում՝ ոչ ուսանողների վարձավճարներից։  Տնտեսագիտության մեջ մի սկզբունք կա, ասում են՝ մի’ վախեցեք շատ ծախսերից, վախեցեք քիչ եկամուտներից։ Մենք սկզբնական շրջանում կենտրոնանալու ենք համալսարանի բյուջեի մուտքերի դիվերսիֆիկացիայի վրա։

Միջնաժամկետ փուլում աշխատելու ենք կրթական ծրագրերի եկամուտների որակական փոփոխությունների վրա։ Ընդ որում՝ շեշտը դնելով ոչ թե քանակի, այլ որակի վրա։

Ներկայում արատավոր համակարգ է գործում՝ կարեւորը քանակն է, որպեսզի համալսարանը կարողանա գոյատեւել։ Դրա միակ դրական արդյունքն այն է, որ տաղանդավոր, խելացի ուսանողներն, ամեն դեպքում, հնարավորություն են ունենում ինքնադրսեւորվել վատի հաշվին։ Բայց պետք է նկատի ունենանք այն հանգամանքը, որ համալսարանի հեղինակությունը չափվում է նաեւ շրջանավարտի որակով եւ պահանջվածությամբ։ Քննարկումներում բազմիցս հնչել են կարծիքներ, թե կան մասնագիտություններ, որոնցով կրթական արդյունքների կիրառականությունը ապահովել, չափել չի լինի, օրինակ՝ բանասիրության ֆակուլտետի։ Բայց մեր հարթակում հենց այդ ֆակուլտետի ներկայացուցիչները մի քանի մոդել առաջարկեցին, որով այդ հարցը լուծվում է. օրինակ՝ առաջարկ եղավ հայ հեղինակների հսկայածավալ անտիպ գործերի ուսումնասիրությունը ըստ թեմատիկայի բաշխել ուսանողների մեջ։ Եթե ուսանողն ուսումնասիրի Կոմիտաս, Տերյան, Թումանյան, վաղը դառնալու է տերյանագետ, թումանյանագետ, եւ այդ արդյունքը համալսարանն անգամ կարող է առեւտրայնացնել հրատարակչության միջոցով։ Մեխանիզմներ, իրոք, կան, որ կարող ենք աշխատացնել եւ արդյունք ունենալ, ընդամենը կամք է պետք։

ԵՊՀ դասախոսները տարեկան շատ մեծ ծանրաբեռնվածություն ունեն (մեկ դրույքը՝ 700 ժամ), սակայն անհամաչափ վարձատրություն են ստանում։ Նախատեսու՞մ եք աշխատավարձերի եւ ծանրաբեռնվածության վերանայում։

Այս ուղղությամբ համալիր միջոցառումներ ենք նախատեսում։ Դասախոսական մեկ դրույքը ձեւավորվելու է 550 ժամից, այսինքն՝ պակասեցնելու ենք։ Բացի այդ՝ համալսարանի ներկայիս եկամուտները թույլ են տալիս վերանայել եւ կատարել աշխատավարձի որոշակի բարձրացում։ Վերջին հինգ տարիների բյուջեն մենք ուսումնասիրել ենք եւ արձանագրել հետեւյալ իրավիճակը՝ ե’ւ ընթացիկ ծախսեր կան, եւ’ կապիտալ, որոնց հանրագումարը տարբեր տարիների կազմել է մոտ 700 մլն դրամ։ Անհրաժեշտ ծախսերը պահպանելով՝ մենք կարողանում ենք ունենալ տարեկան 500-600 մլն դրամի խնայողություն, չհաշված ոչ կրթական ծրագրերից նախատեսվող ֆինանսական մուտքերի ավելացումը։ Ներկա վիճակում որեւէ դասախոսի աշխատավարձի չենք դիպչի, խնայողություններն անում ենք այլ ծախսերի հաշվին։ Պատահական չասացի, որ աշխատակազմի գործունեության քանակական եւ որակական գնահատում ենք իրականացնելու։ Դրա արդյունքում այդ 600 մլն դրամով կբարձրացվի այն դասախոսների եւ աշխատակիցների աշխատավարձը, ովքեր ունեն բարձր ցուցիչներ։ Որպեսզի նաեւ ներքին մրցակցություն լինի, դասախոսները սկսեն աշխատել իրենք իրենց վրա։ Երբ մենք լավի աշխատավարձը բարձրացնենք, բարձր ցուցանիշ չունեցողինը թողնելու ենք նույնը, այդպիսով զսպելու ենք դժգոհությունը։ Ճիշտ է, կարող է քննադատություն լինել, որ դա արդար չէ, բայց արդարությունը լինելու է հետեւյալ ձեւով. ունենք ստատուս քվո, եւ նրանք, ովքեր կդրսեւորեն դրական, պրոդուկտիվ վարքագիծ, գործունեության բարձր ցուցիչներ կունենան, այդ գումարը կբաշխվի նրանց միջեւ։ Սա կհանգեցնի մոտիվացիայի աճի։ Եթե խոսում ենք 550 ակադեմիական ժամի մասին, պատրաստվում ենք նաեւ նվազեցնել լսարանային ծանրաբեռնվածության տեսակարար կշիռը։ Մեխանիկորեն կմեծանա հետազոտական աշխատանքի կշիռը։ Եթե հետազոտական աշխատանքի հնարավորություն ենք ընձեռում դասախոսին, միանշանակորեն, գործունեության գնահատման ցուցանիշներից ելնելով՝ նրանց համար լրացուցիչ հավելավճարներ եւ լրավճարներ կսահմանվեն։ Գոնե սկզբնական շրջանում մենք այդ գործիքակազմն ունենք։

Ցուցանիշներ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։

Ինչ արդյունք է ապահովել։ Մասնավորապես՝ քանի գիտական հոդված է հրապարակել, այդ հոդվածներն ինչ արդյունքներ են ենթադրում, այդ արդյունքը շուկայում ինչ պահանջարկ է ունեցել, որքան են նրան հղում արել, միջազգային հարթակներում ինչ կոնֆերանսների է մասնակցել։

Ի՞նչ կարծիք ունեք գործող հեռակա ուսուցման համակարգի մասին։ Այն պիտի գոյատեւի, թե՞ վերանայվի։

Պիտի փոխակերպվի։ Շեշտը պետք է դնել հեռավար ուսուցման վրա, մանավանդ, եթե խոսում ենք համալսարանի միջազգայնացման, համատեղ կրթական ծրագրերի, կրկնակի դիպլոմով կրթական ծրագրերի, սերտիֆիկացված կուրսերի մասին։ Հատկապես համատեղի պարագայում, երբ մոդուլավորենք, որոշ մոդուլներ կարող են լինել հեռավար ուսուցման։ Եթե դրսից մասնագետ հրավիրելը կարող է ծախսատար լինել, մենք կարող ենք հեռավարի միջոցով դա իրականացնել։ Կարճ՝ պետք է տրամաբանությունը վերանայվի, եթե համալսարանի կենտրոնում լինեն կրթական ծրագրերը, եւ դրանք կանխորոշեն դասախոսական համակազմին ներկայացվող պահանջները, վարչական ենթակառուցվածքային եւ կառուցվածքային միավորներին ներկայացվող պահանջները, ամեն ինչ կընկնի իր տեղը։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Տես նաեւ՝ 

Ռուբեն Մելքոնյան. «Արդիականացումն է համալսարանի թիվ մեկ խնդիրը»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter