HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Օպերայի եւ բալետի թատրոնը օնլայն կցուցադրի հայտնի ներկայացումներ

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն անցել է օնլայն հեռարձակումների կորոնավիրուսի տարածման պատճառով արտակարգ դրություն հայտարարելուց հետո։

Այսօր՝ երեկոյան, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուք սոցիալական կայքի ուղիղ եթերում հեռարձակվում էր օպերային երգչուհի, «Մարինյան» թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանի եւ թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի համատեղ համերգը։ Թատրոնի ղեկավարությունը եւս որոշում է կայացրել սկսել օնլայն հեռարձակումներ, միանալ «տանը մնա» արշավին եւ ցուցադրել հանրահայտ կատարողների ելույթներ, օպերային եւ բալետի ներկայացումներ։ Մի քանի օր առաջ ամբողջությամբ հեռարձակվել է «Չիպոլինո» մանկական բալետային ներկայացումը։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ֆեյսբուքյան էջում թատրոնի աշխատակիցները հանդես են գալիս մի քանի հեշթեգերով՝ մնա' տանը, երգի'ր մեզ հետ, մնա' տանը եւ վայելիր օպերայի եւ բալետի ներկայացումները։

«Հետքը» զրուցել է թատրոնի մարքետինգի եւ PR բաժնի ղեկավար Իրինա Գոգինյանի հետ, ով ներկայացրել է, թե ինչ անակնկալներ են սպասում ֆեյսբուքյան օգտատերերին։ Ըստ նրա՝ օնլայն հեռարձակումները հնարավորություն են ստեղծում հազարավոր մարդկանց դիտելու եւ լսելու թատրոնի ներկայացումները եւ ապրելու մշակութային կյանքով։

«Մինչեւ պաշտոնապես դադարի մասին հայտարարություն ստանալը, մենք արդեն իսկ որոշել էինք, որ հեռարձակենք որոշ ներկայացումներ. առաջին փորձը «Չիպոլինոն» է եղել, որի մասին նախապես ներկայացրել ենք անոնսներ»,- ասում է Իրինա Գոգինյանը։ Ըստ նրա՝ առաջիկա օրերին կներկայացվեն Արամ Խաչատրյանի երեք բալետները՝ «Գայանե», «Սպարտակ» եւ «Դիմակահանդես», ինչպես նաեւ «Դոն Կիխոտ» բալետային ներկայացումը, «Անուշ» օպերան։ Այն համերգային ծրագրերը, որոնց հեղինակային իրավունքը պատկանում է թատրոնին, եւս կներկայացվեն։ Թատրոնի էջում կտեղադրվեն նաեւ հայտնի արտիստների եւ ներկայացումների վերաբերյալ նյութեր, հարցազրույցներ, թատրոնի պատմության, շենքի կառուցման վերաբերյալ տեղեկատվական նյութեր։

Արտակարգ դրության պատճառով չկայացած ներկայացումների եւ վաճառված տոմսերի վերաբերյալ Իրինա Գոգինյանը նշեց, որ անպայման վերադարձվելու են վաճառված տոմսերի գումարները։

Մեր այն հարցին՝ արդյոք օնլայն հեռարձակումները չեն դժվարացնում աշխատանքը, մարքետինգի եւ PR բաժնի ղեկավարը պատասխանեց. «Մենք պատրաստ էինք, թատրոնն արխիվացնում էր նյութերը, եւ կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ կլինի։ Գուցե հոգեբանորեն պատրաստ չէինք, ինչպես ողջ աշխարհը, բայց տեխնիկապես պատրաստ ենք», - նշեց Իրինա Գոգինյանը՝ հավելելով, որ ամեն ինչ կանեն, որպեսզի հանդիսատես-թատրոն կապը չընդհատվի։

Անդրադառնալով կրթության գիտության մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի այն պնդմանը՝ գուցե այս դադարից հետո կսկսվի գրոհ դեպի մշակութային օջախներ, Իրինա Գոգինյանն ասաց. «Մեր առաջին փորձը դրա մասին էր խոսում։ «Չիպոլինո» ներկայացումը օնլայն դիտեց մի քանի տասնյակ հազար մարդ, մեկնաբանությունները եւս մեծ թիվ էին կազմում։ Մարդիկ գրում էին՝ երբ է նորից լինելու, երբ է վերականգնվելու թատրոնի բնականոն աշխատանքը, գնանք նայենք. մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Մարդկանց հետաքրքրությունը թատրոնի հանդեպ առավել է շատանալու», - խոսքը եզրափակեց Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մարքետինգի եւ PR բաժնի ղեկավարը։

 

Լուսանկարները՝ Տիգրան Առաքելյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter