HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բուժաշխատողների անվճար այցելությունից մինչև միջթանգարանային համագործակցություն. ինչ առցանց հնարավորություններ են առաջարկում հայաստանյան թանգարանները

սկիզբը

Մարտի 14-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով՝ առնվազն մինչև ապրիլի 13-ը ներառյալ, կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունից ելնելով՝ փակվել էին ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։ Սա աշխատանքային արտակարգ իրավիճակ էր, որին, առնվազն վերջին 10 տարիներին, չէին բախվել հայաստանյան մշակութային հաստատությունները։

Նախորդ նյութում անդրադարձել ենք հայաստանյան 6 թանգարանների, որոնք հանրության համար ստեղծել են մի շարք առցանց հնարավորություններ։ Այժմ կանդրադառնանք մյուս թանգարանների առաջարկած հնարավորություններին։

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկն է։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթղթեր։

Մատենադարան վիրտուալ այցելություն կարելի է իրականացնել «360 stories» ցանցի միջոցով։

Մարտի 21-ի դրությամբ, Մատենադարանի ֆեյսբուքյան էջն այդքան էլ իրազեկող չի եղել, սակայն մարտի 20-ին տարածվել է հաղորդագրություն, որտեղ նշվում է, որ պարբերաբար ֆեյսբուքյան էջում կհրապարակվեն Մատենադարանի գործունեության և ձեռագրերի պատմության վերաբերյալ գրառումներ։ Այդուհանդերձ, ֆեյսբուքյան էջում հրապարակվել են նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության պատրաստած «Հայ կնոջ դերը պատմության մեջ։ Ի՞նչ են վկայում Մատենադարանի ձեռագրերը» և «Ինքնության պահապանները» վավերագրական ֆիլմերը։

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1963 թվականին՝ ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի որոշմամբ, Նալբանդյան 23 (այժմ՝ 21) հասցեում: Տուն-թանգարանը բացվել է այն տանը, որտեղ Ալեքսանդր Սպենդիարյանն ապրել է կյանքի վերջին տարիներին՝ 1926-1928 թվականներին։ Տուն-թանգարանի հավաքածուն սկզբում կազմում էր 400 միավոր, որը ոչ միայն Մարինա Սպենդիարովայի նվիրատվությունն էր, այլև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող կոմպոզիտորի արխիվի զգալի մասը։ Հետագայում ֆոնդերը համալրվել են, և ներկայում ֆոնդային հավաքածուն կազմում է 1345 թանգարանային առարկա։ Դրանք Սպենդիարյանի անձնական իրերն են, ձեռագիր ու տպագիր նոտաները, նամակները, փաստաթղթերը, լուսանկարները, մամուլ ու գրքեր։

Տուն-թանգարանի մշտական ցուցադրության մեջ տեղ են գտել թանգարանային այնպիսի առարկաներ, ինչպիսիք են կոմպոզիտորի մտահղացմամբ պատրաստված «Սպենդիարոֆոն» երաժշտական գործիքը և «Ալմաստ» օպերայի երևանյան առաջին բեմադրության (1933 թ.) ազդագիրը։ Հուշասենյակը վերականգնված է այնպես, ինչպես կոմպոզիտորի կենդանության օրոք։

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը նույնպես հասանելի է «360 stories» ցանցում, ինչը հնարավորություն է տալիս առցանց ծանոթանալ թանգարանի հետաքրքիր հավաքածուին։

Արտակարգ դրության օրերին թանգարանը այցելուներին առաջարկելու է մի շարք հնարավորություններ։ Դրանցից մեկն առցանց ֆիլմերի ցուցադրությունն է։ Դեռ մարտի 16-ին թանգարանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած «Վերադարձ» ֆիլմը, որը պատմում է Ալեքսանդր Սպենդիարյանի մասին։

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում նշում է, որ դեռ մարտի 15-ից թանգարանի աշխատակազմն օպերատիվ կարգով մշակել է առցանց հարթակում գործելու ծրագրեր։ Թանգարանը «360 stories» հարթակն օգտագործում է նաև ինտերակտիվ խաղեր կազմակերպելու համար։ Դրա շրջանակներում թանգարանը նախաձեռնել է «Գտիր թանգարանային ցուցանմուշը» ինտերակտիվ խաղը, որի ժամանակ այցելուն պետք է կարողանա գտնել այն ցուցանմուշը, որը պահանջվում է նախապես հրապարակված հարցի միջոցով։ Թանգարանի տնօրենը նշում է, որ այս ձևաչափը շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում։ Թանգարանը մշակել է նաև ինտելեկտուալ մի շարք խաղեր, որոնք նախատեսված են ինչպես փոքրահասակների, այնպես էլ՝ մեծահասակների համար։ Դրանցից մեկը «ՎԷՄ» ռադիոկայանի հետ միասին մշակած ինտելեկտուալ հարցախաղն է՝ սպենդիարյանական թեմատիկայով։

Մարինե Օթարյանը նույնպես վերահաստատում է այն միտքը, որ արտակարգ դրության պայմաններն օգնում են թանգարաններին մտածելու նոր մեթոդներ, նոր գործիքներ՝ այցելուներին առավել հասանելի լինելու համար։ Իսկ այն հարցին, թե ինչպես է ազդել առցանց գործունեությունը՝ թանգարանի նկատմամբ հետաքրքրության բարձրացման վրա, տուն-թանգարանի տնօրենը նշում է, որ սովորական պայմանների համեմատ, շուրջ 2-3 անգամ ավելացել է թանգարանի նկատմամբ հետաքրքրությունը, ինչին նպաստում է ֆեյսբուքյան և յութուբյան էջերի ակտիվությունը։

Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988 թվականին Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում կազմակերպված «Սերգեյ Փարաջանովի գործերի Հայրենիքում» անունը կրող առաջին ցուցահանդեսից հետո։ Այն Երևանի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից մեկն է։ Թանգարանը ներկայացնում է Փարաջանովի գրական և գեղարվեստական ժառանգությունը։

Սերգեյ Փարաջանովի թանգարանում վիրտուալ այցելության հնարավորությունը հասանելի է «360 stories» ցանցում։

Մինչև վերջերս թանգարանը գտնվում էր վերակառուցման մեջ։ Վերաբացվելուց հետո թանգարանը չի գործում` կապված նախարարի հրամանի և երկրում հայտարարված արտակարգ դրության հետ։ Թանգարանի կայքում կամ ֆեյսբուքյան էջում մարտի 21-ի դրությամբ չկա տեղեկատվություն, թե ինչ առցանց հնարավորություններ է արտակարգ դրության օրերին առաջարկելու թանգարանը։ Այդուհանդերձ, ֆեյսբուքյան էջում թանգարանը տեղադրել է Սերգեյ Փարաջանովի «Ծաղիկը քարի վրա» ֆիլմը։

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը գործում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում։ 1938 թվականի ապրիլի 25-ին ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ Խաչատուր Աբովյանի տունը Քանաքեռում վերակառուցվել և վերածվել է տուն-թանգարանի։ Թանգարանը սկսել է գործել 1939 թվականի նոյեմբերից։ Հիմնական ֆոնդում հաշվառված է ավելի քան 650 առարկա՝ գրողի գրական, մանկավարժական, գիտական և հասարակական գործունեության մասին պատմող ցուցանմուշներ, նրա երկերի անդրանիկ և հետագա տարիների հրատարակություններ, թարգմանություններ, ձեռագրեր, գրողին նվիրված արվեստի գործեր և այլն։ Ներկայացված են գեղանկարչության առարկաներ, գծանկարներ, քանդակներ, կիրառական արվեստի առարկաներ, հնագիտական, կենցաղի և ազգագրական առարկաներ, լուսանկարներ և փաստաթղթեր։

Ինչպես հայաստանյան մի շարք թանգարաններ, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը նույնպես հասանելի է «360 stories» ցանցում։ Բացի այդ, վիրտուալ այցելության հնարավորությունը հասանելի է նաև տուն-թանգարանի պաշտոնական կայքէջում։

Թանգարանի ֆեյսբուքյան էջը բավականին ակտիվ է: Դեռ մարտի 17-ին թանգարանը հայտարարել է «Պարապ վախտվա ընթերցումներ» խորագրով նախագծի մասին, որի շրջանակներում լայն հանրությանը ամեն օր ներկայացվելու է Խաչատուր Աբովյանի առանձին ստեղծագործություններ։ Թանգարանն այս տարբերակով ցանկանում է առավել արդյունավետ և հետաքրքիր դարձնել արտակարգ դրության օրերին մատուցվող հնարավորությունները։ Նախագծի շրջանակներում կկազմակերպվեն նաև համացանցային քննարկումներ, վիկտորինաներ՝ հրապարակվող նյութերի վերաբերյալ։

Բացի այդ, թանգարանը կազմակերպում է նաև «Իմ Աբովյանը...», «Աբովյանն իմ գրադարակում» մրցույթները, որոնք հանրության լայն շրջանակներում նպատակամիտված են Խաչատուր Աբովյանի ժառանգության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը։

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում պատմում է, որ թանգարանը նախաձեռնել է նաև «Շնորհակալություն, ԲԺԻՇԿ» եզակի նախաձեռնությունը, որի միջոցով տուն-թանգարանը ցանկանում է իր երախտագիտությունը հայտնել Հանրապետության բոլոր բուժաշխատողներին։ Նախաձեռնության շրջանակներում, մինչև տարեվերջ, Հանրապետության բոլոր բուժաշխատողները կկարողանան անվճար այցելել Խաչատուր-Աբովյանի տուն-թանգարան։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1964 թվականին Երևանի այն բնակարանում, որտեղ 1935-1937 թվականներին ապրել է Չարենցը։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է։ Չարենցի տուն-թանգարանի հիմնական ֆոնդում ցուցակագրված է 8000-ից ավելի ցուցանմուշ։ Այս տունը Չարենցի մտերիմների հիշողության մեջ մնացել է իբրև հյուրընկալ օջախ, ուր հաճախ վայելում էին չոր մրգերի ու արևելյան քաղցրավենիքների «դաստախունը»:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում վիրտուալ այցելություն կարելի է կազմակերպել «360 stories» ցանցի միջոցով։

Թանգարանի ֆեյսբուքյան էջն աչքի է ընկնում իր ակտիվությամբ։ Դեռ մարտի 17-ին էջը հայտարարություն էր տարածել, որ պարբերաբար հրապարակվելու են թանգարանի առանձին ցուցանմուշներին, Չարենցի կյանքին և գործունեությանն առնչվող նյութեր և տեսանյութեր։

Թանգարանի հանրահռչակման բաժնի վարիչ Մանե Բաղդասարյանը «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում նշում է, որ արտակարգ դրության օրերի համար թանգարանը հատուկ մշակել է ծրագիր, որը հաստատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Մասնավորապես, նախատեսվում է ֆեյսբուքյան էջի միջոցով կազմակերպել Եղիշե Չարենցի կյանքին և գործունեությանն առնչվող ֆիլմերի ցուցադրություններ։ Օրինակ, մարտի 17-ին ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Ֆրունզե Դովլաթյանի «Երկունք» ֆիլմը, որտեղ Եղիշե Չարենցի դերը մարմնավորում է Ազատ Գասպարյանը։ Մանե Բաղդասարյանը շեշտում է, որ սա միակ դասական ֆիլմն է, որտեղ կա Չարենցի կերպարը։

Թանգարանը հայտարարել է նաև «Բանք չափաւ» գրական-ստեղծագործական մրցույթը։ Մրցույթի մասնակիցները նախապես ներկայացնում են իրենց ստեղծագործությունները. պոեզիա՝ յոթ բանաստեղծություն, փոքր արձակ՝ երկու նովել, մեկ պատմվածք, երկու էսսե: Թանգարանը հայտարարել է նաև «Հայ գրողները և ես» մարտահրավերի մասին։ Մրցույթը ենթադրում է որևէ հայ գրողի ասմունքի կամ երգի տեսանկարահանում և մարտահրավերի նետում երկու այլ ընկերների, իսկ թանգարանի էջը կհրապարակի այդ տեսագրությունները։ Մանե Բաղդասարյանը նշում է, որ այդպես իրենք փորձելու են լայն հանրության շրջանում էլ ավելի տարածել Չարենցի գրական ժառանգությունը։ Իսկ արդեն դպրոցահասակների համար թանգարանի էջը պարբերաբար կազմակերպում է վիկտորինաներ։

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում՝ ՀԽՍՀ կառավարության հատուկ որոշմամբ։ Պաշտոնապես բացվել է 1967 թվականի նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք։ Տուն-թանգարանն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ հանգրվանել են նկարչի այն աշխատանքները, որոնք գտնվում էին իր տանը, իր արվեստանոցում։ Թանգարանի գեղարվեստական ֆոնդի ստեղծման հիմքը դարձել են նկարչի` նվիրաբերած 50 ստեղծագործությունները։ Հետագայում ֆոնդերն ընդլայնվել են գնումների և նվիրատվությունների շնորհիվ։

Ինչպես «360 stories» ցանցում, այնպես էլ թանգարանի ֆեյսբուքյան էջում, կարելի է գտնել թանգարան վիրտուալ այցելության հնարավորությունը։

Հայկական համացանցային համալսարանի յութուբյան էջում կարելի է գտնել երեք տեսագրություն, որոնք պատմում են թանգարանի գործունեության և սարյանական աշխարհի մասին՝ զուգահեռ վիրտուալ այցելության միջոցով հնարավորություն տալով ծանոթանալ թանգարանի առանձին ցուցանմուշների հետ (մաս 1, մաս 2, մաս 3): Թանգարանի ֆեյսբուքյան էջն իր գրառումներն տեղադրում է #տնիցթանգարան հեշթեգի տակ, որն այս օրերին միավորում է հայաստանյան թանգարանների առցանց գործունեությունը։ Ֆեյսբուքյան էջում հրապարակվում են Սարյանի վերաբերյալ ֆիլմեր, ինչպես օրինակ «Երեք հասակ» ֆիլմը։ Յուրաքանչյուր օր թանգարանը հրապարակում է այն նյութերի ցանկը, որոնք տվյալ օրվա ընթացքում հրապարակվելու են թանգարանի ֆեյսբուքյան էջում։

Բացի այդ թանգարանը հայտարարել է նաև «Ես տանը նստած նկարում եմ գարուն» առցանց մրցույթ։ Մրցույթի նպատակն է փոքրիկների մեջ ներարկել սեր դեպի նկարչությունը, նպաստել նրանց գեղագիտական, ստեղծագործական հմտությունների զարգացմանը։ Նկարները պարբերաբար հրապարակվելու են թանգարանի ֆեյսբուքյան էջում, իսկ ամենաշատ հավանում ստացած նկարը կխրախուսվի հատուկ մրցանակով։

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը բացվել է 1963 թվականի հոկտեմբերի 31-ին։ Թանգարանը գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ Զարոբյան փողոցում։ Այս տանն Ավետիք Իսահակյանն ապրել է իր կյանքի վերջին տասը տարին։ Թանգարանի ամենանվիրական հատվածը բանաստեղծի աշխատասենյակն է, որտեղ տեղադրված են Իսահակյանի հնօրյա գրասեղանը, Վարպետի համար հատուկ պատրաստված բազմոցը։ Գրասեղանին բանաստեղծի ձեռագրերն են, նրա կարդացած վերջին գրքերը, հարազատների լուսանկարները և անձնական իրերը՝ գրիչը, ակնոցը, թազբեհը և այլն։

Թանգարանը վիրտուալ այցելության համար հասանելի է «360 stories» ցանցում, որի միջոցով կարելի է ծանոթանալ մեծ գրողի երևանյան տուն-թանգարանի ցուցանմուշներին։

Թանգարանի ֆեյսբուքյան էջում այս օրերին հրապարակվում են գրառումներ տուն-թանգարանի առանձին ցուցանմուշների, Իսահակյանի ստեղծագործությունների վերաբերյալ։ Հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել տուն-թանգարանի աշխատակազմը։ Պարբերաբար աշխատակազմի աշխատակիցները կընթերցեն Իսահակյանի առանձին ստեղծագործություններ կամ դրանցից հատվածներ, որոնք հնարավոր կլինի գտնել թանգարանի ֆեյսբուքյան էջում։ Ընդ որում, նախաձեռնությանն արդեն իսկ միացել են մի շարք քաղաքացիներ։ Բացի այդ, հրապարակվելու են նաև Իսահակյանի ստեղծագործությունների հիման վրա գրված երգեր։ Իսահակյանի տուն-թանգարանը ևս յուրաքանչյուր օր հրապարակում է տվյալ օրվա սպասվելիք նյութերի ցանկը։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1978 թվականին։ Տուն-թանգարանը ստեղծվել է Մարշալ Բաղրամյան պողոտայի և Պլեխանով (այժմ՝ Զարոբյան) փողոցի հատման հատվածում գտնվող այն առանձնատան հիման վրա, որը 1947 թվականին Արամ Խաչատրյանին նվիրել էր Խորհրդային Հայաստանի կառավարությունը։ Առանձնատունը պահպանվել է անփոփոխ, իսկ նրան համալրող տուն-թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է այգու տարածքում։ Տուն-թանգարանում հավաքվել են ավելի քան 18 հազար արժեքավոր առարկաներ՝ լուսանկարներ, նամակներ, գրքեր, նոտային ձեռագրեր, ստեղծագործությունների տարբեր հրատարակություններ, ֆիլմեր, ձայնագրություններ, անձնական իրեր, փաստաթղթեր, ազդագրեր, բուկլետներ։

Տուն-թանգարանը հասանելի է «360 stories» ցանցում։ Բացի այդ, տուն-թանգարանում վիրտուալ շրջայց կարելի է կատարել նաև տուն-թանգարանի կայքէջում տեղադրված տեսագրության միջոցով։

Թանգարանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է լուսանկարներ, մեծ կոմպոզիտորի ինտերակտիվ ձայնադարանը, նամակները, վիկտորինա։ Բացի այդ, թանգարանն իր էջում հրապարակում է նաև տուն-թանգարանի առանձին ցուցանմուշներ՝ ընդ որում այն տեքստերով, որը կասեր զբոսավարը, եթե իրական պայմաններում անձն այցելեր թանգարան։ Բացի այդ, այս օրերին տուն-թանգարանն ակտիվորեն համագործակցում է մյուս թանգարանների հետ՝ փորձելով նախաձեռնել առցանց նոր հնարավորություններ, որոնք էլ ավելի կգրավեն այցելուներին։ Այդպիսի նախաձեռնություններից մեկն իրականացվում է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հետ։ Տուն-թանգարանն առցանց հարթակում նախատեսում է նաև մշակել կրթական և ճանաչողական ծրագրեր։

Շարունակելի 

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter