HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ճապոնիան դիտարկում է ամառային Օլիմպիական խաղերը հետաձգելու հարցը

Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեն սկսել է դիտարկել ամառային Օլիմպիական խաղերի անցկացման այլընտրանքային տարբերակներ՝ չնայած Ճապոնիայի կառավարության այն պնդումներին, որ Օլիմպիական խաղերի հետաձգման հարցը չի քննարկվում։ Այդ մասին գրում է BBC-ն։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել կամ հետաձգվել են միջազգային մի շարք խոշոր մրցումներ կամ ազգային առաջնություններ, սակայն պաշտոնական Տոկիոն շարունակում է հայտարարել, որ Օլիմպիական խաղերը տեղի կունենան նախապես հայտարարված ժամկետներում՝ հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն գտնվում է սպորտային տարբեր ֆեդերացիաների ճնշման տակ, որոնք պահանջում են հետաձգել խաղերը։ Մասնավորապես, օլիմպիական խաղերի հետաձգման կոչ է անում ԱՄՆ թեթև աթլետիկայի ֆեդերացիան (USATF), որը համապատասխան նամակ է ուղարկել ԱՄՆ ազգային օլիմպիական կոմիտեին։

ԱՄՆ լողի ֆեդերացիայի նախագահ Թիմ Հինչին հայտարարել է, որ մեկ տարով Օլիմպիական խաղերի հետաձգումը կլինի ճիշտ և պատասխանատու քայլ։ Շաբաթ օրն այդ կոչին միացել է նաև Ֆրանսիայի ջրային սպորտաձևերի ֆեդերացիան։ Նորվեգիայի ազգային օլիմպիական կոմիտեն նամակ է ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեին, որտեղ մասնավորապես նշվում է. «Մեր հստակ խորհուրդը նրանում է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը չպետք է կայանան մինչ այն պահը, երբ COVID-19 կորոնավիրուսը կանցնի ամբողջական վերահսկողության ներքո»։

Մեծ Բրիտանիայի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Նիկ Քուարդը նույնպես հարցականի տակ է դնում այս տարվա ամառային օլիմպիական խաղերի անցկացման նպատակահարմարությունը։ Ըստ նրա՝ ֆեդերացիան նույնպես կմիանա հետաձգելու կոչերին։

Զուգահեռաբար, Միջազգային օլիմպիական կոմիտեն մարզիկներին կոչ է անում պատրաստվել մրցություններին։ Սակայն բազմաթիվ մարզիկներ հանդես են գալիս Օլիմպիական խաղերի հետաձգման օգտին։

Օլիմպիական չեմպիոն Կատերինա Ստեֆանիդին մեղադրել է սպորտային պաշտոնյաներին, որ վերջիններս վտանգի են ենթարկում աթլետներին։

«Միջազգային օլիմպիական կոմիտեն ցանկանում է, որ մենք վտանգի տա՞կ դնենք մեր, մեր ընտանիքների և բնակչության առողջությունը՝ շարունակելով մարզվելը»,- գրել է հույն սպորտսմենը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

Բրիտանական օլիմպիական հավաքականի անդամ Մերի Ջոնսոն-Թոմփսոնը հայտարարել է, որ նորմալ ռեժիմով մարզումների շարունակումն անհնարին է։ Վերջինս «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի և տեղական իշխանությունների խորհուրդները միմյանց հակասում են։

Ամառային Օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով՝ Ճապոնիան կարող է կորցնել ավելի քան 3 միլիարդ դոլար հովանավորչական ներդրում, ինչպես նաև 12 միլիարդ դոլար, որոնք ծախսվել են Օլիմպիական խաղերի նախապատրաստման վրա։ Բացի այդ, իշխանություններն ակնկալում են զբոսաշրջիկների մեծ հոսք, որի արդյունքում կմեծանար ճապոնական ծառայությունների և առևտրի եկամուտը։ 

Ավելի ուշ, Reuters գործակալության ՄՕԿ-ի աղբյուրներից մեկի փոխանցմամբ` վերջապես իրենց խնդրել են հաշվարկել ժամկետների տեղափոխման տարբերակը։ Ըստ գործակալության պնդման՝ աղբյուրն աշխատում է Օլիմպիական խաղերի անցկացման սցենարների մշակման վրա։ Գործակալության երկու աղբյուրներն էլ խոսել են անանունության պայմանով, քանի որ իրավասու չեն շփվել մամուլի հետ։

«Մենք կազմում ենք այլընտրանքային տարբերակներ. B,C,D պլաններ։ Մենք ուսումնասիրում ենք ժամանակացույցերի տեղափոխման մի քանի տարբերակներ»,- նշում է աղբյուրը՝ հավելելով, որ տարբեր սցենարների պարագայում գնահատվում են ֆինանսական կորուստները։ 

Ո՛չ Օլիմպիական կոմիտեն, և ո՛չ էլ Ճապոնիայի կառավարությունը չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։ Գործակալության աղբյուրը նաև տեղեկացրել է, որ հնարավոր տարբերակները կքննարկվեն մարտի վերջին, որոնց թվում է առանց հանդիսատես կազմակերպումը և սպորտաձևերի կրճատումը։

Գործակալության երկրորդ աղբյուրը հաստատում է, որ այդպիսի քննարկումներ իրավամբ ընթանում են։ Քննարկվում է նաև մեկ կամ երկու տարով Օլիմպիական խաղերի հետաձգման հարցը։ Կոմիտեի որոշ անդամներ դեռևս հույս ունեն, որ կկարողանան հետաձգել խաղերը 1 ամսով կամ 45 օրով։

Չնայած, որ վերջնական որոշումն ընդունում է Միջազգային օլիմպիական կոմիտեն, Ճապոնիայի կարծիքը, որպես ընդունող երկիր, նույնպես կարևոր է։ Ավելի վաղ, ուրբաթ օրը, The New York Times-ին տված հարցազրույցում, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը խոստովանել էր, որ դիտարկվում են Ամառային Օլիմպիական խաղերը 2020-ին անցկացման տարբեր սցենարներ, սակայն խաղերի հետաձգում չի նախատեսվում։

Լուսանկարը՝ tokyo2020.org-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter