HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ հանձնաժողովը քննարկեց զորակոչիկի ընտանիքի անդամի`զորակոչի ընթացքում մահանալու դեպքում տարկետում տալու նախագիծը

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հեղինակած օրենսդրական առաջարկը, որով պատգամավորն առաջարկում է զորակոչից վեց ամիս ժամկետով տարկետման հնարավորություն ընձեռել այն դեպքերում, երբ զորակոչիկի ընտանիքի անդամը մահացել է հայտարարված զորակոչի ընթացքում:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նախագիծը կարևոր է, քանի որ նման իրավիճակներում հոգեբանական խնդիր է առաջանում:

«Զորակոչիկը երբ կորցնում է ծնողին, ուզենք թե չուզենք, հոգեբանական տրավմա է տանում, հիմա այդ տրավմայից հետո ինչքան ժամանակ հետո է դուրս գալիս, ժամկետները պետք է հասկանանք»,-ասաց Քոչարյանը` հավելելով, որ եթե զինծառայողը ծառայության ընթացքում է ծնողին կորցնում, նման իրավիճակների լուծումը ևս պետք է գտնել:

Հանձնաժողովի անդամ Սասուն Միքայելյանն ասաց՝ ինչ է լինելու այն դեպքերում, երբ զինծառայողի ծառայակից ընկերն է սպանվում, այդ դեպքում զինծառայողը սթրեսի չի ենթարկվում արդյոք:

«Հիմա մի տեսակ շատ նրբազգաց են… Բանակը պիտի լինի բանակ, զինվորը պիտի հաղթահարող լինի, դրա համար էլ զինվոր է, ուրիշ բան, որ հոգեբան լինի զորամասում, նման դեպքերում սթրեսը հանի, թե չէ մեռանք բանակում շերտավորումներ դնելով»,-ասաց Միքայելյանը:

ԲՀԿ-ական Սողոմոն Սողոմոնյանն ասաց, որ նման խնդրի բախվել է նաև ինքը. զորակոչվել է ծնողի մահվանից հետո:

«Այն ժամանակ տարիուկես պետք է ծառայեի, էրեխեքը փոքր էին, պիտի գնայի բանակ՝ թողնելով բախտի քմահաճույքին հինգ երեխա: Իմ կարծիքով, զորակոչիկին նման դեպքերում  պիտի  մինչև քառասուն օր հատկացվի, քառասուն օրը հերիք է»,-ասաց նա:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի խոսքով` նախարարությունը սկզբունքորեն դեմ չէ նման առաջարկի, սակայն խնդրահարույց իրավիճակ կարող է առաջանալ, քանի որ զինվորական ծառայությանն առնչվող օրենսդրությունը փոխկապակցված է միմյանց հետ:

«Մենք ունենք տարկետման իրավունք ու արձակուրդի իրավունք, մենք առաջիկայում փոփոխությունների փաթեթ ենք բերելու` առաջարկելով ընդլայնել  ընտանեկան պայմանների բերումով արձակուրդի տրամադրումը: Հիմա հինգ օր ենք տալիս հարազատի մահվան դեպքում և երկու օր ճանապարհի համար: Տարկետման իրավունքի հիմքերում կա որոշակի բաց, բայց վեց ամիսը բավական երկար ժամկետ է»,-ասաց փոխնախարարը:

Փոխնախարարը հիշեցրեց նախկին զորակոչի ժամկետները` դեկտեմբերի 16-ից հունվարի 31, և իրավիճակ ներկայացրեց, որ դեպք է եղել՝ դեկտեմբերի 17 -ին,  և մինչև հունվարի 31 հնարավորություն կա զորակոչել տվյալ քաղաքացուն զորակոչի վերջին օրը:

«Էս պարագայում եթե ինչ-որ մեկը զորակոչվել է և հագել համազգեստ, նրան անհավասար պայմանների մեջ ենք դնում, մեկի իրավական վիճակն ավելի բարվոք դարձավ, քանի որ, ներողություն եմ խնդրում այս արտահայտության համար, հարազատը շուտ մահացավ, էստեղ սոցիալական արդարության մասին խոսք  լինել չի կարող»,-ասաց Բալայանը:

Բալայանը նման տարբերակ առաջարկեց` զորակոչիկն առաջին ծանուցումը չի ստանում, ստանում է մեկ-երկու շաբաթ անց, մասնակցում վիճակահանությանը և զորակոչվում քառասուն օր անց, հետևաբար նաև զորացրումը պետք է լինի քառասուն օր անց:

Հանձնաժողովում առաջարկ եղավ նախագիծը հետ կանչել և քննարկել նախարարության հետ: Նախագծի հեղինակ Արմեն Փամբուխչյանը համաձայնեց` հետ կանչելով նախագիծը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter