
Վերջին 5 տարիներին առողջական հիմքով մահերը Զինված ուժերում. հարուցված քրեական գործերն ու վիճակագրությունը
Արտաշատի բնակիչ Սուրեն Մոսիյանը 2015-ի հուլիսին զորակոչվել է զինված ուժեր, 10 ամիս անց մարտական հերթապահություն իրականացնելիս հանկարծամահ է եղել: Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ երիտասարդը կարդիոմիոպաթիա հիվանդություն է ունեցել, այդ հիվանդությամբ էլ նա զորակոչվել է: Զորակոչվելիս, սակայն, զինկոմիսարիատը վերջինիս ճանաչել է ամբողջությամբ պիտանի զինծառայության համար:
Սուրենի առողջական խնդիրների մասին ընտանիքը չի իմացել: Մայրը՝ Անժելա Մոսիյանը, պատմում է, որ որդին մենակ է գնացել զինկոմիսարիատ, մինչ զորակոչվելն էլ որևէ առողջական գանգատ չի ունեցել:
Կարդիոմիոպաթիաները հիվանդությունների խումբ են, որոնք հիմնականում ախտահարում են սրտամկանը՝ հանգեցնելով կծկողական դիսֆունկցիայի և առաջացնելով սրտային անբավարարության զարգացումներ: Այս հիվանդությունները բարձր հանկածամահության ռիսկ են պարունակում: Կարդիմիոպաթիաները հիմնականում արտահայտվում են շնչարգելության հևոցով, սրտային անբավարարության ախտանիշներով:
Զորակոչվելուց հետո Սուրենը հաճախ է հոսպիտալում հայտնվել:
«Ամիսը մեկ անգամ զանգում, ասում էր՝ հոսպիտալում եմ կամ սանչաստում, հաճախ էր գրիպով հիվանդանում, շնչառությունը կտրում էր»,-պատմում է Անժելա Մոսիյանը:
Մոր խոսքով՝ որդին ասել է, որ հնարավոր է իրեն ուղարկեն Երևան՝ հոսպիտալ, չի բացառել նաեւ, որ առողջական խնդիրների պատճառով վաղաժամ զորացրվի:
Իրադարձությունները, սակայն, այլ կերպ են զարգացել. մայիսի 29-ին մարտական հերթապահություն իրականացնելիս հայտնաբերվել է Սուրեն Մոսիյանի դին:
Այս դեպքով Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Չատինյանի խոսքով՝ մեղադրանք է առաջադրվել Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի բժիշկ, սրտաբան Սեդա Թադևոսյանին:
«Այդ հանձնաժողովը պաշտպանության նախարարի 410 հրամանով քաղաքացիներին զորակոչվելու ժամանակ անհատական գնահատման կարգով պետք է որոշի նրանց առողջական վիճակը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված սրտաբանը սրտանոթային հիվանդությունների վերաբերյալ եզրակացություն պետք է ներկայացնի, թե արդյոք զորակոչիկը պիտանի է զինվորական ծառայության համար: Սուրեն Մոսիյանն անցել է պարտադիր հետազոտությունները, սրտանոթային հիվանդությունների մասով պիտանի է ճանաչվել զինծառայության համար: Սա այն դեպքում, երբ սրտանոթային համակարգի հետազոտություններից մեկով նրա մոտ արձանագրվել է սինուսային առիթմիա՝ հաճախասրտություն: Նման ախտորոշում է եղել պոլիկլինիկայում արված հետազոտության ժամանակ»,-ասաց փաստաբանը:
Չատինյանի խոսքով՝ պոլիկլինիկայի հետազոտության հիման վրա պետք է ավելի մասնագիտացված հետազոտություն իրականացվեր, ինչի արդյունքում զորակոչիկը կճանաչվեր ոչ պիտանի զինծառայության համար։ Սակայն, դա չի արվել:
Քրեական գործի դատավարությունը սկսվել է 2017 թվականից:
2014-2019 թվականներին բանակում արձանագրված մահերը
Վերջին 5 տարիներին Հայաստանի և Արցախի զինված ուժերում արձանագրվել է զինվորական ծառայության հետ կապված հիվանդության հետևանքով 19 դեպք (Վիճակագրության մեջ ներառված չեն զինծառայողների՝ ոչ ծառայության հետ կապված մահվան դեպքերը, օրինակ՝ արձակուրդում գտնվող զինծառայողի վթարի հետևանքով արձանագրված մահը):
10 ժամկետային զինծառայողներից 9-ը, ինչպես հայտնել են գլխավոր դատախազությունից, զորակոչվել են պրակտիկ առողջ: 6 պայմանագրային զինծառայողներն ու 3 սպաները ևս ծառայության են նշանակվել առողջ:
«2014-2019 թվականների ընթացքում հիվանդությունից մահացած 19 զինծառայողներից 18-ի մոտ մահվան հետ պատճառական կապի մեջ գտնվող առողջական խնդիրներն առաջացել են ծառայության ընթացքում»,-ասված է դատախազությունից ստացված հարցման պատասխանում:
Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սիմոնյանը դեռ նախորդ տարի օրենսդրական նախաձեռնություն էր հեղինակել, որով առաջարկում էր հետևյալ կարգավորումը՝ զինծառայողները զորացրվելուց առաջ համալիր փորձաքննության ենթարկվեն, և եթե պարզվի, որ զինծառայության ընթացքում առողջական խնդիրներ են առաջացել, ապա պետությունը պարտավոր է հոգալ այդ ծախսերը: Կառավարությունը, սակայն, մերժեց նախագիծը:
Մեզ հետ զրույցում Տարոն Սիմոնյանը վերահաստատեց՝ զինծառայության ընթացքում զինծառայողի մոտ եթե առողջական խնդիրներ են առաջանում, ապա պետությունը պետք է իր ռեսուրսներով այդ խնդիրները վերացնի, սակայն նախևառաջ այդ խնդիրները պետք է հայտնաբերվեն: Ըստ պատգամավորի՝ զինծառայության ընթացքում պրոֆիլակտիկ ստուգումները երբեմն թերություններով են լինում, և շատ դեպքերում հիվանդությունը ժամանակին չի ախտորոշվում:
«Իհարկե, չի կարելի ասել, որ բոլոր մահերը բժշկական թերությունների պատճառով են լինում, դա սխալ դիտարկում է, բայց որ պետությունն իրենից կախված ամեն ինչ պետք է անի, որպեսզի բացահայտի հնարավոր հիվանդացությունները և ժամանակին կախարգելի, դա միանշանակ է»,-ասաց Սիմոնյանը:
Անդրադառնալով իր հեղինակած նախագծին, որին գործադիրը բացասական եզրակացություն էր տվել, մեր զրուցակիցն ասաց. «Նախագծի իմաստ այն է, որ երբ զինծառայողը ավարտում է ծառայությունը և գալիս տուն, մինչև տուն գալը ստուգվի, որ բացահայտվի՝ ինչ խնդիրներ են առաջացել ծառայության ընթացքում, որպեսզի պետությունը փոխհատուցի ծախսերը: Կառավարությունը, սակայն, այլ տարբերակ է առաջարկում, ասում է՝ զորացրվելուց առաջ կփորձաքննենք նրանց, ովքեր ցանկություն կհայտնեն»,-մանրամասնեց պատգամավորը:
Սիմոնյանի համոզմամբ՝ կառավարության առաջարկը չի լուծում խնդիրը, քանի որ հավանական է՝ շատ քիչ լինի այն զինծառայողների թիվը, որոնք ցանկանում են փորձաքննության ենթարկվել մինչ զորացրվելը՝ օր առաջ տուն մեկնելու ցանկությամբ:
«Հետագայում, եթե առաջանան առողջական խնդիրներ, որոնց պատճառները ձևավորվել են զինծառայության ընթացքում, դրա պատճառահետևանքային կապը հնարավոր չի լինի ապացուցել: Կառավարությունն այդ բեռից խուսափելու համար գնաց այլ տարբերակով՝ ասելով՝ թող դիմեն նրանք, ովքեր ուզում են փորձաքննության ենթարկվել»,-նշեց Սիմոնյանը:
Ստացվում է, որ բանակում արձանագրված մահերի գերակշիռ մեծամասնության պատճառը սրտանոթային հիվանդություններն են:
Մահվան դեպքերով հարուցված քրեական գործերը
19 մահվան դեպքով հարուցվել է 9 քրեական գործ, որոնցից 7-ը՝ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, 1-ը՝ Քրեական օրենսգրքի 315-րդ՝ պաշտոնեական անփութությունը, 1-ը՝ 130-րդ հոդվածի 2-րդ մասի՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։
376-րդ հոդվածով հարուցված քրեական գործերից մեկով 1 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որը կայացրել է արդարացման վճիռ: Մեղադրողի կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է:
2 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, սրանցից մեկը հարուցված է 376-րդ հոդվածի 2-րդ մասով, մյուսը՝ 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված գործերից 5-ով և 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործերը կարճվել են հանցագործության դեպքի բացակայության կամ արարքի մեջ հանցակազմի բացակայությա հիմքով:
Հիվանդության հետևանքով մահվան մյուս 10 դեպքերով նախապատրաստված նյութերով որոշումներ են կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ եթե հիմնվենք պաշտոնական տվյալների վրա՝ հինգ տարվա ընթացքում ծառայության ընթացքում առողջական խնդիր է առաջացել և մահ արձանագրվել 19 դեպքից 18-ի մոտ: Սա նշանակում է, որ պետությունն ինչ-որ առումով թերացել է իր քաղաքացիների առողջության պահպանման հարցում, քանի որ զինծառայության ընթացքում մանրազնին հետազոտությունները հնարավոր է կանխարգելեին որոշ մահեր:
Լուսանկարներն ու տեսանյութը` Անի Սարգսյանի
Մեկնաբանել