HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ներգրավված և անզոր»․ կորոնավիրուսը՝ հետաքննող լրագրողների աչքերով

Շիլլա Ալեչին «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում»-ի լրագրողներից է, իսկ Պաոլոն, Գլորիան և Լեոն աշխատում են իտալական «L'espresso» պարբերականում։ 6 շաբաթ առաջ էր, որ գործընկերները հանդիպել էին Միլանում՝ համատեղ հետաքննության վրա աշխատելու համար։ Փողոցները լի էին տասնյակ զբոսաշրջիկներով, փողոցային կատարողներով և բազմազբաղ վաճառականներով։ Իսկ հիմա… Հիմա քաղաքը նման է ուրվականի։

«Կորոնավիրուսը խաթարում է մեր կյանքը։ Բոլորովին նոր տեսակի պատերազմ ենք վարում, պատերազմ՝ առանց զենք ու զրահի»,- ասում է Լեոն։ Ամբողջ երկիրն է մեկուսացած։ Ընտանիքից միայն մեկին է թույլատրվում դուրս գալ սնունդ գնելու։ Ռեստորանները, դպրոցները և այլ հանրային ծառայություններ մատուցող կառույցները փակ են։ Շատ լրագրողներ տնից են աշխատում, եթե հրատապ նորությունները լուսաբանելու համար գրավոր թույլտվություն չունեն։

«Ինձ ներգրավված և անզոր եմ զգում»,- ասում է Գլորիան,- եթե միայն կարողանայի ինչ-որ բան անել…»։ Գլորիան «L’Espresso»-ում գրում է առողջապահության և բիզնեսի մասին և այս ընթացքում գործընկերների հետ անդրադարձել է Իտալիայի առողջապահական ոլորտին վնաս հասցրած կրճատումների, բուժքույրերի ծանր աշխատանքային պայմանների և կես դրույքաչափով աշխատողների և բիզնեսների վրա համավարակի ազդեցության մասին․ «Օրական մոտ 6 զանգ եմ ստանում բժիշկներից և այլ բուժաշխատողներից, որոնք պատմում են հիվանդանոցներում տիրող իրավիճակի մասին։ Օրվա վերջում ես էլ եմ նրանց նման ուժասպառ լինում»։

Պաոլոն էլ իրեն զգում է որպես աղետ ֆիլմում ապրող հերոս․ «Հետաքննական լրագրության համար այս կորոնավիրուսն աղետ է։ Սովորաբար գաղտնի տեղեկություններ և փաստաթղթեր եմ ստանում հետաքննողներից, դատախազներից, փաստաբաններից, դատավորներից և այլ աղբյուրներից, որոնք ցանկանում են անանուն մնալ և երբեք չեն հաղորդակցվում հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով։ Նրանց հետ հանդիպել չկարողանալուց ինձ հիմար և անօգնական վիճակում եմ զգում»։

Քանի որ ավագ հետաքննող լրագրող Լեո Սիստին չի զբաղվում հրատապ լուրերի լուսաբանմամբ, այս կարանտինի օրերը որոշել է օգտագործել երկար ժամանակ պահանջող հետաքննությունների վրա աշխատելու համար․ հեռախոսազրույցներ է ունենում և սպասում, թե երբ է հանդիպելու իր աղբյուրների հետ։ «Կյանքն էլ առաջվանը չէ։ Երբեմն խելագարվում եմ գիշերուցերեկ հեռուստացույցով կորոնավիրուսի մասին խորհուրդներ լսելուց։ Վերջին երկու շաբաթում բոլոր իտալացիները վիրուսաբան են դարձել»։

Հետաքննող լրագրողները խորհուրդ են տալիս վարակի տարածման երկրներում աշխատող իրենց գործընկերներին

  • Պաշտպանե՛ք ձեզ․ սոցիալական հեռավորություն պահպանեք, դիմակներ, ձեռքի ախտահանիչ միջոցներ և ձեռնոցներ օգտագործեք։ Եթե կարող եք, մնացեք տանը։
  • Վստահելի և անկախ աղբյուրների ցանց ստեղծեք (բժիշկներ, գիտնականներ, բուժքույրեր և այլն), որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ, թե ինչ է կատարվում, որի շնորհիվ էլ խորապես կներկայացնեք նյութը։
  • Առա՛ջ նայեք․ ամենօրյա լուրերն ուղղակի տեղեկացնում են վարակվածների քանակի մասին և թե ինչ են ասում իշխանությունները։ Բայց ձեր վստահելի աղբյուրների շնորհիվ դուք պետք է փորձեք հասկանալ, թե ինչ է լինելու երկու կամ երեք շաբաթ հետո և այնպիսի նյութեր գրեք, որոնք կարող են ազդել ձեր երկրում որոշում կայացնողների և մարդկանց կյանքի վրա։

Աղբյուրը՝ International Consortium of Investigative Journalists

Թարգմանությունը՝ Լիլիթ Թարխանյանի

Լուսանկարը՝ icij.org-ի, nytimes.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter