HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Շտապօգնության կանչերը նվազել են

Հունվար-փետրվարի ամիսների համեմատ մարտին Շտապ բուժօգնության ծառայության կանչերը նվազել են։ Այս մասին քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

«Եթե հունվար-փետրվար ամիսներին օրական մենք սպասարկել ենք 900-950 կանչ, այսօր մենք սպասարկում ենք 700-750 կանչ։ Ինչպես միշտ, շտապօգնության հիմնական կանչերը սրտանոթային հիվանդություններն են, այնուհետև՝ սուր շնչառական հիվանդությունները և երրորդ տեղում վնասվածքներն են»,-նման վիճակագրություն ներկայացրեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը։

Թագուհի Ստեփանյանը տեղեկացրեց, որ հունվար-փետրվար ամիսների հետ համեմատ նվազել է նաև սուր շնչառական հիվանդություններով կանչերի թիվը։ Ասաց՝ եթե հունվար-փետրվար ամիսներին սուր շնչառական հիվանդության կանչերով օրական սպասարկել են 150-220 կանչ, այսօր այդ թիվը տատանվում է 100-140-ի սահմաններում։

Շտապօգնության ծառայության տնօրենը վստահեցրեց, որ մինչ օրս կորոնավիրուսով վարակված շտապօգնության աշխատակից չունեն։ Իսկ կորոնավիրուսով առաջին վարակվածի հետ շփված շտապօգնության երեք աշխատակից մեկուսացվել էր, սակայն արդեն դուրս են գրվել և անցել աշխատանքային առօրյային։

Շտապօգնության տնօրենը հաստատեց վարչապետի այն հայտարարությունը, որ կորոնավիրուսով վարակվածների հետ շփված որոշ քաղաքացիներ թաքնվել են բժիշկներից։ Ասաց՝ եղել են դեպքեր, երբ բժիշկներն այցելել են կորոնավիրուսով վարակվածի հետ շփված քաղաքացիներին, ովքեր բժիշկների առջև դուռ չեն բացել։ «Ուղղակի զարմանալի է, թե ինչու են թաքնվում, որովհետև նման հիվանդներն անպայման պետք է լինեն հսկողության տակ և պետք է գիտակցեն, որ իրենք էլ են վտանգավոր իրենց կողքի մարդկանց համար»,-նշեց նա։

Հաշվի առնելով շտապօգնության ներկայիս աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ Թագուհի Ստեփանյանը քաղաքացիներին հորդորեց՝ կանչեր չգրանցել զուտ «թոքերը լսելու» համար կամ այն մտադրությամբ, որ շտապօգնությունը քաղաքացուն կարող է տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց՝ կորոնովիրուսի թեստավորման։

Դեռևս հստակ որոշում չկա՝ մարտի սկզբից գերծանրաբեռնված աշխատանքային ռեժիմով աշխատող բժիշկները հավելյալ կվարձատրվե՞ն, թե՞ ոչ։ Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ դեռևս վարձատրվում են ըստ իրենց աշխատանքային ծանրաբեռնվածության, փորձում են ճգնաժային այս իրավիճակից դուրս գալ, ապա նոր պարգևավճարների մասին մտածել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter