HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ներմուծվող ցեմենտի համար պետական տուրքի գործողության ժամկետն առաջարկվում է երկարաձգել. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությունը, որով առաջարկվում է երկարաձգել ներկրվող ցեմենտի համար պետական տուրքի գործողության ժամկետը:

Նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, ում խոսքով իրանական ցեմենտի ներմուծման վրա պետական տուրք սահմանելուց հետո ներմուծվող ցեմենտի ծավալները որոշակիորեն նվազել են: Եթե 2018-ին մեկ ասմվա ընթացքում ներմուծվում էր 19,2 հազար տոննա ցեմենտ, ապա 2019-ի հուլիսից դեկտեմբեր ժամանակահատվածում մեկ ամսվա ընթացքում ներմուծումը եղել է 16,8  հազար տոննա:

Հիշեցնենք, որ ներկրվող ցեմենտի 1 տոննայի համար սահմանվել է 14 հազար դրամ պետական տուրք, սակայն ներկրվող կլինկերի համար պետական տուրք չի սահմանվել:

Այս կարգավորումը գործելու էր մինչ ապրիլի 1-ը, այժմ առաջարկվում է տուրքի գործողության ժամկետը երկարաձգել մինչ դեկտեմբերի 31` պայմանավորված իրանական տնտեսության ճգնաժամով:

Փոխնախարարի խոսքով` երկու տարվա ընթացքում իրանական ռիալի զգալի արժեզրկում է եղել, ինչպես նաև որոշակի սանկցիաների արդյունքում Իրանի տնտեսական մոդելի փոփոխություն է եղել, ինչի պատճառով էներգակիրների արժեքը նվազել է: Մյուս պատճառը իրանական տնտեսության անկումն է, որն անդրադարձել է ներքին պահանջարկի վրա, և գներն ընկել են, ինչը սակայն ինչ-որ ժամանակ հետո կարող է կարգավորվել:

Փոխնախարարի համոզմամբ` այս փոփոխությունը կոչված է Հայաստանի տնտեսական կառուցվածքը պաշտպանելու, որպեսզի ներքին արտադրողների մրցակցային միջավայրն ապահովվի: Ցեմենտի ներքին արտադրության որոշակի պաշտպանումը կարող է նպատակահարմար լինել հատկապես փակ սահմանների կամ միջազգային բեռնափոխադրումների որոշակի հնարավոր խնդիրների դեպքում:

Նախագծի հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը հիշեցրեց, որ  2018-2019 թվականներին հարևան Իրանում արժույթի արժեզրկման հետևանքով ցեմենտի գինն էականորեն նվազել է, ինչն անդրադարձել է ներքին շուկայի պահանջարկի նվազեցման վրա:

«Ունեինք իրավիճակ, երբ իրանական ցեմենտն արժեր 10 հազար դրամ, երբ Հայաստանում վաճառվում էր 50 հազար դրամով, այդ իրավիճակում Հայաստանում վաճառվող ցեմենտի գինը 10 հազարով նվազել է, սակայն կրկին անմրցունակ էր հայկական ցեմենտը: Կառավարությունը տեղական արտադրողներին օգնելու համար առաջարկեց ներմուծվող ցեմենտի վրա պետական տուրք սահմանել»,- ասաց պատգամավորը:

Սարգսյանի խոսքով` հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Ըստ նրա` փոփոխությունները կոչված են շուկայում բալանսավորված պահելու ներմուծվող ցեմենտի և տեղական արտադրանքի մրցունակությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter