
Առաջարկվում է երկարաձգել ներկրվող ցեմենտի համար պետական տուրքի գործողության ժամկետը
Կառավարությունն առաջարկում է երկարաձգել ներկրվող ցեմենտի համար պետական տուրքի գործողության ժամկետը:
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց կառավարության ներկայացրած Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը:
Նախորդ տարվա ընդունած իրավակարգավորման համաձայն՝ ներկրվող ցեմենտի 1 տոննայի համար սահմանվել է 14 հազար դրամ պետական տուրք: Ներկրվող կլինկերի համար պետական տուրք չի սահմանվել: Կառավարությունն առաջարկում էր գործող կարգավորումը ուժի մեջ թողնել մինչ հուլիսի 1-ը, սակայն հանձնաժողովն այն կարծիքին էր, որ պետք է հետաձգել մինչ դեկտեմբեր:
«Անցյալ տարի ընդունեցինք ներկրվող ցեմենտի համար պետական տուրք սահմանելու հարցը՝ 14 հազար դրամ մեկ տոննայի համար, և պայմանավորվել էինք, որ այդ սահմանափակումը կգործի մեկ տարի ժամկետով: Ապրիլին այդ ժամկետը լրանում է, հիմա կառավարությունն առաջարկում է ևս 3 ամսով էդ նույն ռեժիմը պահպանել մինչև ավելի համապարփակ լուծում կգտնվի»,- ասաց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով՝ հետաձգումը պայմանավորված է Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված տնտեսական ճգնաժամով:
«Ներկա դրությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից և մի շարք այլ երկրներց եկող ցեմենտի գները անբնական ցածր մակարդակի վրա են, և դա պայմանավորված է մի քանի հանգամանքներով. վերջին երկու տարվա ընթացքում իրանական ռիալի զգալի արժեզրկում է եղել: Երկրորդ՝ որոշակի սանկցիաների արդյունքում Իրանի տնտեսական մոդելի փոփոխություն է եղե, ինչի արդյունքում էներգակիրների արժեքը իջել է միջանկյալ ծախսերի: Եւ երրորդ՝ իրանական տնտեսությունը ներկա դրությամբ անկում է ապրում, դա անդրադարձել է ներքին պահանջարկի վրա, գներն ընկել են, սակայն դա ինչ-որ ժամանակ հետո կարգավորվելու է»,- ասաց Ավանեսյանը:
Ըստ փոխնախարարի՝ այս փոփոխությունը պայմանավորված է Հայաստանի տնտեսական կառուցվածքը պաշտպանելու նպատակով, որպեսզի ներքին արտադրողների մրցակցային միջավայրն ապահովվի:
«Երբ մենք տուրք սահմանեցինք, ցեմենտի ներմուծումը կայունացավ, որոշակիորեն դանդաղեց, բայց զրոյի չվերածվեց: Նաև կլինկերի զգալի ներմուծում ունեցանք, բայց ներկա դրությամբ էդ ծավալներն այնքան շատ չեն: Երկու գործարաններից մեկն է ցեմենտի արտադրության ծավալ աճեցրել, մյուս գործարանը ավելի մեծ խնդիրների առաջ է կանգնել: Խոսքը կլինկեր արտադրողների մասին է»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ առաջարկում են մինչ հուլիսի մեկը շարունակել տուրքի կիրառումը, սակայն զուգահեռաբար շուկայում մոնիթորինգ կիրականացնեն և մեկ ամսվա ընթացքում լրացուցիչ գործիքակազմ կկիրառեն:
Փոխնախարարի խոսքով՝ ցեմենտի ներքին արտադրության որոշակի պաշտպանումը կարող է նպատակահարմար լինել հատկապես փակ սահմանների կամ միջազգային բեռնափոխադրումների որոշակի հնարավոր խնդիրների դեպքում:
Պետական տուրք սահմանելուց հետո կլինկերի նեմուծումը զգալիորեն աճել է, այն ամսական միջինում 2000 տոննայից դարձել է 7000-8000 տոննա, սակայն արտադրողների մի մասը, ըստ փոխնախարարի, կարողացել է հակազդել:
Հանձնաժողովում երկար քննարկումներից հետո, սակայն, որոշվեց հուլիսի 1-ի փոխարեն հետաձգումը կիրառել մինչ դեկտեմբերի 31-ը, ինչից հետո առաջարկը հանձնաժողովի հավանությանն արժանացավ:
- Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց ներկրվող ցեմենտի մեկ տոննայի համար 14 հազար դրամ պետական տուրք սահմանելու մասին նախագիծը
- Ցեմենտի շուկան՝ թվերով. ստվերի ու ինքնարժեքի մասին հարցադրումները
Մեկնաբանել