HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց ներկրվող ցեմենտի մեկ տոննայի համար 14 հազար դրամ պետական տուրք սահմանելու մասին նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցը: Նախագիծն ընդունվեց 85 կողմ, 16 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ նախատեսվող փոփոխությամբ ներկրվող ցեմենտի 1 տոննայի համար սահմանվում է 14 հազար դրամ պետական տուրք: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր ապրիլի 19-ին, այն ժամանակ առաջարկվում էր յուրաքանչյուր 1 տոննայի համար սահմանել 22 հազար դրամ պետական տուրք, սակայն կառավարության առաջարկությամբ նախագիծը փոփոխության ենթարկվեց և երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 14 հազար դրամ պետական տուրքով:

Այսօրվա քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց: Ընդմիջման ավարտից հետո «Իմ քայլ»-ի պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ իրենք ընդմիջում էին խնդրել, որպեսզի հանդիպեն Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող շինարարական ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք պնդում էին, թե խորհրդարանը օրենքի խախտումներով է ընդունելու նախագիծը: Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ իրավական առումով ամեն ինչ ճիշտ է:

«Մենք 20 րոպե նիստը ընդմիջեցինք, որպեսզի էդ մարդկանց հետ զրուցենք: Ցավոք, քանի որ նրանք ուշացան, մենք քվեարկությանը կմասնակցենք, հետո իրենց կհանդիպենք և կհիմնավորենք, թե ինչը ինչու ենք անում և ինչի համար ենք անում»,- ասաց պատգամավորը:

Ի սկզբանե, նախագծով առաջարկվում էր պետական տուրք սահմանել նաև ցեմենտի արտադրության մեջ օգտագործվող կլինկերի համար, սակայն երկրորդ ընթերցման ժամանակ այդ դրույթը հանվել էր նախագծից: Այսպիսով մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը ներկրվող ցեմենտի 1 տոննայի համար կսահմանվի 14 հազար դրամ պետական տուրք, իսկ կլինկերի վրա՝ պետական տուրքը չի տարածվի:

Հատկանշական է, որ առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան»-ը դեմ էր նախագծին՝ շեշտելով, որ դա կհարվածի տեղական արտադրողներին, սակայն նախագծում արված փոփոխություններից հետո այսօր ԲՀԿ-ն կողմ քվեարկեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter