HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Ջավախյան

Հայր մեր, ո՞ր երկնքումն ես․․․

Պոեզիան փողոց չէ, այլ փողոցով անցնող մարդը միայնակ, ձեռքերը գրպաններում,

Պոեզիան ծառը չէ, այլ թռչունը՝ ծառի ճյուղերում ապրող,

Պոեզիան դեմքը չէ, այլ դեմքի վրայի ստվերը սահող,

Պոեզիան երկինքը չէ, այլ ամպը՝ երկնքում,

Պոեզիան բառը չէ, այլ լռությունը բառերի միջև, կապը անծանոթ երկու անցորդների,  որ գուցե այլևս չեն տեսնի իրար:

Խորաթափանց պոեզիա տեսնելու համար պիտի հաղթահարես ֆիզիկական ներկայությունդ, որպեսզի ազատագրես աչքերդ: Էդոյանին այդպես պիտի կարդալ: Տողն ինձ առել էր իր թևերին: Ես մի տարածք էի գտել, որ վերևում չէր, այլ վայրում էր, որտեղ կարելի էր սավառնել: Այնտեղ՝ ընդերքում էլ երկինք կար: Դա Էդոյանի աշխարհն էր:

Համարձակորեն ասում եմ. Հենրիկ Էդոյանը մեր ժամանակների ամենաինտելեկտուալ պոետն է: Նա հայկական պոեզիան նոր որակի բարձրացրեց: Պարզվում է՝ բանաստեղծությունը միայն հույզի, զգացումի, սրտի մեջ չէ, այլ ճանաչումի, գլխի մեջ: Էդոյանը փիլիսոփայությունը բարձրացնում է բանաստեղծական մակարդակի: Նա շատերի բանաստեղծը չէ, այլ ընտրյալի: Նրա նուրբ, ակվարելային, հազիվ նշմարելի թրթիռները թափանցում են հոգու, թերևս ամենախոր անձավները՝ գտնելով էության քնարի բացառիկ լարը, որ մինչ այդ դատապարտված էր անշարժության՝ հուշելով, որ այն լռելու համար չէ՝ այլ երգելու…

Դրախտիկ գորգի նախշուն խավերին բազմած՝ թռչում եմ, թռչու՜մ… Սակայն իմ ուզածը դա չէր: Ես մի այլ աշխարհ էի փնտրում: Էդոյանի տողը շեղել էր ինձ ճիշտ ճանապարհից: Պոետի երկիրն էլ երկինք է: Այնտեղ նայադներ են սավառնում, բայց առանց Աստված, քանզի իր տողի մեջ արարիչը պոետն է:

Հայր մեր, ո՞ր երկնքումն ես…

Հայացքս փախցնում եմ… Աղջիկս էլեկտրոնային փոստով ուղարկել է թոռնիկիս պատկերը: Թոռնիկի՛ս, որ չէր ծնվել, այլ որերորդ երկնքից վայր էր ընկել…Շեկի վրա տղա է, կապույտ աչքերով: Հաճույքից ճմլվում եմ: Անտես նայվածքով գգվում եմ այտին, հեռվից հեռու դեմքի գույները փայփայում, հարազատ դիմագծերը գուրգուրում, ու սիրտս լցվում է մտերմիկ զգացումով, մղկտացող կարոտով, փափագող սպասելիքներով, որ հանդիպել ես քեզ, կյանքի քո մասնիկին, սակայն մեկ այլ մաշկի տակ, մեկ այլ կյանքի մեջ… Օ՜, երջանկություն, որ իմ մեջ ես… Բաղձանքս երկրի վրա է, որ երկնային չափեր ունի: Ամեն ինչ ճակատագրի մեջ է.  ես հենց այդ թելադրանքն եմ գրի առնում, միայն թե, գիրս թերի է, ուժս՝ նվազ, միտքս՝ տկար, և ամենևին ունակ չեմ բացատրելու, թե ի՞նչ է ճակատագիրը: Ո՞վ գիտի, միգուցե, դա էլ բացատրություն է… Ես հենց այդ երկինք եմ փնտրում, այն տեղը, որտեղից մանուկներ են ընկնում.

Հայր մեր, ո՞ր երկնքումն ես…

Մի ուրվական է շրջում աշխարհում, չարագույժ ուրվակա՜ն… Դա թագակիր բացիլի ուրվականն է: Նրան հալածելու համար ոտքի են ելել Հռոմի պապը՝ Իտալիայում, Դոնալդ Թրամփը՝ Ամերիկայում, Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայում, Անգելինա Մերկելը՝ Գերմանիայում, Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանում և մեկուկես միլիարդ չինացիներ՝ Չինաստանում… Իտալիայում այլևս բժշկությունն անզոր է: Բժշկի դերը սահմանափակվում է միայն պիտակավորումով՝ հիվանդը կապրի՞, թե՝ ոչ… Համաշխարհային պատերազմ է: Մեր պուճուր երկրի պուճուր վարչապետն էլ ճգնում է իր տուրքը տալ այդ կռվում: Թշնամին համընդհանուր է: Եվ թվում է, թե բոլորն են համախմբված այդ պատերազմում: Ընդդիմությունը միշտ չէ, որ պիտի ընդդիմադիր լինի: Համատեղ թշնամու դեմ, էլ ի՞նչ ընդդիմություն…Սակայն ընդդիմանում են. քեզ կարող են պարսավել ամենաանհավանական մեղքերի մեջ, անգամ, եթե քայլես ջրի վրայով… Նույն պահին ևեթ՝ կմեղադրեն լողալ չիմանալու մեջ… Ա՛յ, թեկուզ հիմա ( 23.03.20 թ.) «Հայելու առաջ» «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ոչ մի կերպ չի ցանկանում համաձայնության գալ. Կառավարության հակահամաճարակային քաղաքականությունը համարում է շոու, իսկ վարչապետին` շոումեն, որ ամեն կերպ ձգտում է պահել աթոռը: Արտակարգ դրություն մտցնելուց հետո պոռոտախոսությունը մեղմացավ: Սակայն դա բավական չէ: Ես, որ երբևէ հակված չեմ եղել իշխանություններին պաշտպանելու, ստիպված էի գրիչ վերցնել: «Ֆեյսբուք»-ում գրել էի.

«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Լենինը կողմ էր, որ Ռուսաստանը պարտվի, միայն թե ցարիզմը թուլանա և տապալվի: Թագակիր բացիլի դեմ պայքարում ընդդիմության գործելակերպը երբեմն հիշեցնում է Ուլյանովի որդեգրած քաղաքականությունը: Հարգարժան ընդդիմությունը պիտի հասկանա, որ իշխանությունը միայն զավթելու համար չէ… Եթե չենք ուզում պետությանն օգնել, ապա գոնե այս պահին, պիտի խանգարող հանգամանք չլինենք… Ամեն գնով իշխանություն տենչալը ազգադավություն է: Լենինի և նրա նմանակների տեղը պատմության աղբանոցն է»:

Եվ ի՞նչ… Ինձ սկսեցին լողալ սովորեցնել… Առավել արմատականները չզլացան հայհոյանքի տարափ տեղալ: Երեսիս ամոթանքի թուք էր տեղում, մնում էր արդարանալ, թե անձրև է գալիս…

… Ինչ-որ բան նորից գրեցի Ֆեյսբուքում, բայց չէի հանգստանում, չէի թեթևանում, ինքս ինձ  ուտում էի, մեջիցս՝ պատռվում. տեղս չեմ գտնում՝ տեղը՛, տեղը՛, ա՛յն տեղը…

Հայր մեր, ո՞ր երկնքումն ես…

Միթոմ իմ հալը քիչ է, քսանհինգ տարվա անկողնային հիվանդ կինս էլ կողքից է  բորբոքում.

-Մեռնում եմ, վրեդ խաբար չկա…,- տրտնջում է հազար տարվա տնքոցով:

Քսանհինգ տարի է` հակաճառում եմ. չմեռնելու համար չպիտի ծնվես…

-Սաղ էդ ճամփի վրա են…,- ասի:

Հայր մեր, ո՞ր երկնքումն ես…

23.03.20 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter