HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Որ ապրանքներն են թանկացել․ պարզաբանում է ՏՄՊՊՀ նախագահը 

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը վստահեցրեց, որ Հայաստանը պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների պաշարների պակաս չունի։

Հավելեց, որ ներմուծման խնդիր ևս չկա, քանի որ Լարսի անցակետը բնականոն աշխատում է։ ՏՄՊՊՀ նախագահը քաղաքացիներին հորդորեց խուճապահար գնումներ չկատարել։

Այսօր կայացած ասուլիսին Գեղամ Գևորգյանը անդրադարձավ նաև պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների գնային փոփոխությանը։ Ասաց՝ բժշկական սպիրտի գինը չնչին չափով թանկացել է, սակայն այն չի ազդել ալկոգելի գների վրա։ Բժշկական սպիրտի գնի թանկացումը Գևորգյանը պայմանավորեց դոլարի արժեքի բարձրացմամբ։

«Այս պահին բոլոր խոշոր ցանցերում կա ալկոգելի մնացորդ։ Այդ թվում մնացորդ կա ալկոգել արտադրող ընկերությունների մոտ և բավականին մեծ չափով»,- նշեց նա։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց նաև ապրանքների գների իրենց իրականացրած մոնիթորինգի արդյունքները։

Ուսումնասիրությունը կատարվել է փետրվարի 26-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում։ Ուսումնասիրվել են նաև գյուղատնտեսական ապրանքների գները, որը ՏՄՊՊՀ-ի տիրույթում չի եղել։

Անդրադառնալով լոլիկի գնի թանկացմանը՝ Գեղամ Գևորգյանը նշեց, որ սովորական լոլիկի գինն արդեն 13 օր կայուն է, (նկատի ունի «Երևան սիթի» և «Նոր Զովք» սուպերմարկետներում), իսկ թանկ գնով լոլիկի մասին հրապարակված լուսանկարները մեծ սպառում չունեցողներն են։ Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ ջերմոցային լոլիկ արտադրող խոշոր ընկերություններից «Սպայկան» խանութներին արդեն լոլիկ և վարունգ է մատակարարում։

Մրգերի գների ուսումնասիրության մասին

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ տեղական խնձորի գինը էժանացել է, սակայն մի փոքր բարձրացել է ներկվող ցիտրուսային մրգերի արժեքը։ «Վերջին երկու օրվա ընթացքում կիվիի և մանդարինի մասով կա գնի նվազում։ Բայց էլի եմ կրկնում՝ մենք հնարավոր չէ, որ բոլոր ապրանքների հետևից գնանք։ Իմբիրի մասին են խոսում։ Դա մեր սեգմենտը չէ, և կարծում եմ՝ դրանք այսօր առաջին անհրաժեշտության ապրանքները չեն, և չկա խոշոր տնտեսվարող սուբյեկտ, որ մենք հնարավոր ամեն ինչը վերահսկենք և դրա անհրաժեշտությունն օրենքով չկա, երկրորդն էլ` տրամաբանորեն չկա»,- նշեց Գեղամ Գևորգյանը։

Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գների ուսումնասիրության մասին

ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձավ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գների ուսումնասիրությանը։

Տեղեկացրեց, որ ձեթի գինը մարտի 4-ից 100 դրամով նվազել է, մարտի 16-ից` վերականգնվել, սակայն մարտի 19-ից` կրկին թանկացել։ Թանկացման պատճառը պարզելու համարպետք է հասկանալ արդյոք թանկացումը ներկրման հետ է կապված, թե տնտեսվարողներն իրենք են բարձրացրել գինը։

Գեղամ Գևորգյանն անդրադարձավ նաև հավի ձվի գներին։ Ասաց՝ դրանց գինը թանկացել է՝ 25 դրամից դառնալով 40 դրամ։ Նշեց, որ մինչ կորոնավիրուսի տարածվելը վարույթ էին սկսել՝ պարզելու ինչու է ձուն ինքնարժեքից էժան վաճառվում։ Այն դեռևս չի ավարտվել։ Հանձնաժողովի պնդմամբ՝ ձվի ինքնարժեքը Հայաստանում չի կարող 36 դրամից ցածր լինել։ 

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Նորզելանդական» կարագը, «Լոռի» պանիրը, «Սիրողական երշիկը» չեն թանկացել։ Ըստ Գեղամ Գևորգյանի` սրանք լայն սպառում ունեցող ապրանքներն են։

Ըստ ՏՄՊՊՀ ուսումնասիրության՝ թթվասերի գնի էական փոփոխություն չկա, սակայն որոշ տնտեվարողների մոտ գինը տատանվել է, դա ուսումնասիրվելու է։

Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ «Անի» ընկերության կաթը 410 դրամից դարձել է 385 դրամ, պետք է հասկանան` ինչով է պայմանավորված գնի նվազումը, արդյոք այն կապ ունի կաթի, կաթի փոշու, թե այլ երևույթների հետ: Քանի որ դեռ կաթի սեզոնը չէ, և կովերի կաթնատվությունը դեռևս ցածր է։

Գեղամ Գևորգյանը նաև խոսեց շատերին անհանգստացնող ալյուրի գնից։ Ասաց՝ «Բաղրամյան» տեսակի փաթեթավորված ալյուրի 1 կգ-ի արժեքը չի փոխվել․ «Մենք ուղիղ կապի մեջ ենք ալյուրի խոշոր արտադրողների հետ, և իրենց մոտ թանկացում չի եղել։ 1-2 դրամ մի քանի տեսակի ալյուր թանկացել է՝ կախված ձեռք բերված ցորենի գնի հետ, երբ նոր խմբաքանակ ցորեն են ձեռք բերել»։

Գեղամ Գևորգյանը քաղաքացիներին հորդորեց թանկացում նկատելու դեպքում լուսանկարել և իրենց ուղարկել՝ հստակ նշելով խանութի հասցեն, և իրենց աշխատակիցները կայցելեն խանութ։ Ասաց՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Հանրապետության բոլոր խանութները վերահսկել չի կարող։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter