
Կորոնավիրուս. ինչ են հուշում թվային շարքերը
Ներածություն
Հոդվածը նպատակ ունի դիտարկելու վիրուսակիրների թվային շարքերը ընտրված երկրներում` հնարավոր օրինաչափությունների բացահայտման նպատակով: Սա կարող է նպաստել վիրուսի մեծ տարածումը կանխելու համար անհրաժեշտ հիմնավոր և փաստարկված, այսինքն արդյունավետ միջամտությունների ընտրությանը:
Թվային շարքերի աղբյուրը, բացառությամբ Հայաստանի, worldometers կայքն է: Կայքը օգտվում է հիմնականում պաշտոնական աղբյուրներից, բայց հնարավոր են որոշակի շեղումներ, ինչը սակայն այս ուսումնասիրության արդյունքների վրա էական ազդեցություն ունենալ չի կարող: Հայաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թվային շարքը վերցված է պաշտոնական` ՀՎԿԱԿ աղբյուրից: Հարավային Կորեայի ձեռնարկած միջոցառումների գծով աղբյուրը The New York Times-ի մարտի 23-ին լույս տեսած հոդվածն է, որը գրվել է Հարավային Կորեայի առողջապահական հաստատության համապատասխան պաշտոնյաների հետ հարցազրույցների և պաշտոնական աղբյուրների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա:
Այս սեղմ ուսումնասիրության համար ընտրել եմ Չինաստանի, Հարավային Կորեայի, Իտալիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իրանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հայաստանի կորոնավիրուսակիրների օրական թվային շարքերը:
Թվային շարքերում նկատվող դինամիկան
Դիտարկված պետություններում կորոնավիրուսի հաստատված դեպքերի առաջին պաշտոնական հրապարակման օրվանից առ այսօր օրական նոր գրանցված դեպքերը հետևյալ գծապատկերում (Գծապատկեր No: 1) ներկայացված են յոթօրյա միջնարժեքով (7 օրվա ընթացքում արձանագրված օրական տվյալների միջնարժեք` median): Նման կերպով ներկայացումը հնարավորություն է տալիս զերծ մնալ տվյալներում առկա մեծ տատանումներից, որոնք կարող էին խանգարել տրենդի ճիշտ պատկերմանը:
Գծապատկեր No: 1
Գծապատկերից երևում է, որ առաջին հայտնաբերման պահից առ այսօր բոլոր դիտարկված երկրներում, բացառությամբ Չինաստանի և Հարավային Կորեայի, գրանցված վիրուսակիրների նոր դեպքերը օրեցօր շատանում են: Հայաստանի թվերը փոքր են այդ պատճառով գծապատկերում չի երևում: Հորիզոնական առանցքը, որը ցույց է տալիս վիրուսակիրների թիվը, գծայինի փոխարեն լոգարիթմով ներկայացնելու դեպքում (հետևյալ գծապատկերում ներկայացված է 2 հիմքով լոգարիթմով, այսինքն առանցքում շարքի աճը տեղի է ունենում երկուսի բազմապատիկ քայլերով) Հայաստանի տվյալները նույնպես կերևան և հնարավոր կլինի համադրել մյուսների հետ (Գծապատկեր No: 2):
Գծապատկեր No: 2
Գծապատկերում Հայաստանի տվյալները ներկայացնում է ծիրանագույն կորը: Ինչպես արդեն նշեցի, սա նեկայացված է յոթնօրյա միջնարժեքով, հետևաբար գծապատկերում առաջին կետը սկսում է յոթերորդ օրից: Հայաստանի դեպքում դա համարել եմ մարտի 11, քանի որ առաջին դեպքի հայտնաբերումից հետո` մարտի 1-ից, մինչև մյուս դեպքերի հայտնաբերում անցել է 10 օր և եթե այս ընթացքում արվել էին թեստեր և բացասական արդյունքով էին, ապա կարելի է համարել որ առաջին գրանցված դեպքից հետագա տարածումը կանխվել էր, ուստի այս թվային շարքի ներկայացման տեսանկյունից առաջին գրանցված դեպքերի սկիզբ համարելու ճիշտ օրն է մարտի 11-ը: Հայաստանի մասով այս գծապատկերում առանձնապես տեսանելի օրինաչափություն չկա, քանի որ գծային շարքում դիտարկվող կետերի թիվը ընդամենը յոթն են: Իսկ մյուս երկրների դեպքում, ինչպես արդեն նշեցի, Չինաստանի և Հարավային Կորեայի մոտ հաջողվել է կոտրել վիրուսի երկրաչափական պրոգրեսիայով տարածումը և կորը ինչ-որ պահից թեքվել է ներքև (ավելի մանրամասն Աղյուսակ No: 1-ում): Միևնույն ժամանակ այս նույն ժամանակահատվածում դիտարկված մյուս երկների մոտ աճը դեռ թափ է հավաքում և հավանաբար դեռ չի հասել կորի գագաթին: Վատագույն վիճակը նկատվում է Իտալիայի մոտ, որին է մոտենում ԱՄՆ-ը:
Վերոնշյալ գծապատկերները ըստ ամսաթվի ներկայացնելու դեպում դրանք ունեն հետևյալ տեսքը (գծային տեսքով` Գծապատկեր No: 3 և լոգարիթմով` Գծապատկեր No: 4):
Գծապատկեր No: 3
Թվային շարքը ներկայացված է փետրվարի մեկից: Լոգարիթմով ներկայացնելու դեպքում սա ունի հետևյալ տեսքը:
Գծապատկեր No: 4
Դիտարկված երկներում նոր վիրուսակիրների թվի ավելի ճիշտ համեմատական իրականացնելու համար այդ տվյալները ստորև ներկայացված են ըստ մեկ միլիոն բնակչի (Գծապատկեր No: 5):
Գծապատկերում երևում է, որ մեկ միլիոն բնակչի հաշվով գրանցված նոր վիրուսակիրների օրական քանակով (7-օրյա միջնարժեքը) Իտալիան և Իսպանիան այս պահին ամենավատ վիճակում են: Չինաստանը այս ցուցանիշով լավագույն դիրքում է: Բոլոր մնացյալ դիտարկված երկրները, բացառությամբ Հայաստանի նոր օրական դեպքերի թվով անցել են Հարավային Կորեայի կորի գագաթը, ինչը նշանակում է նրանք այնքան արդյունավետ չեն վիրուսի դեմ պայքարում, որքան Հարավային Կորեան է: Իսկ Հայաստանի կորը (նարնջագույնը) մոտենում է Հարավային Կորեայի կորի գագաթին:
Գծապատկեր No: 5
Այս գծապատկերը լոգարիթմով ներկայացնելու դեպքում պատկերը ավելի ակնառու է դառնում, որը ունի հետևյալ տեսքը (Գծապատկեր No: 6):
Գծապատկեր No: 6
Հետևյալ աղյուսակը (Աղյուսակ No: 1) ցույց է տալիս դիտարկված յուրաքանչյուր երկրում ըստ շաբաթների (շաբաթվա միջնարժեքով) մեկ միլիոն բնակչի հաշվով նոր վիրուսակիրների թիվը: Սա կարելի է համարել վիրուսի տարածման արագությունը: Ի դեպ, այն շատ ավելի մեծ է երբ դիտարկում ենք յուրաքանչյուր երկրում վիրուսի էպիկենտրոն հանդիսացող քաղաքների ցուցանիշները, որը սակայն այս հոդվածում չեմ ներկայացնում:
Ներկայացված աղյուսակից երևում է, որ շաբաթվա կտրվածքով վիրուսի տարածման արագությունը բոլոր երկրներում, երկրորդ շաբաթում առաջինի համեմատ 4-10 անգամ աճում է (Իրանը բացառություն է, և պատճառը հավանաբար առաջին շաբաթվա մեջ նոր դեպքերի ճիշտ քանակը թաքցնելը կամ չարձանագրելն է եղել): Հայաստանի դեպքում այս աճը չորս անգամ է: Երրորդ շաբաթում, այն երկների մոտ (Չինաստան և Հարավային Կորեա), որ հաջողվել է կոտրել վիրուսի տարածման երկրաչափական պրոգրեսիվ աճի տեմպը, գրանցել են 1-ից 2 անգամ աճ երկրորդ շաբաթվա համեմատ: Իսկ մնացյալի դեպքում աճը երրորդ շաբաթում երկրորդի համեմատ 4-14 անգամ է: Իրանը կրկին բացառություն է, որտեղ աճը նշված շաբաթների միջև 2.3 անգամ է: Չորրորդ շաբաթում, առաջին երկու երկրները, որ երրորդ շաբաթում աճի ավելի փոքր արագություն էին արձանագրել, երրորդ շաբաթվա համեմատ ունեն վիրուսի տարածման արագության նվազում` Չինաստանի դեպքում 1.5 անգամ, իսկ Հարավային Կորեայի դեպքում 5.2 անգամ: Իտալիայում, որտեղ վիրուսի տարածումը ամենամեծն է, երկրորդ շաբաթում առաջինի համեմատ նոր դեպքերի աճի տեմպը մեծացել է ավելի քան 4 անգամ, երրորդ շաբաթում երկրորդի համեմատ մեծացել է շուրջ 4 անգամ, երրորդում շաբաթում չորրորդի համեմատ` շուրջ 3 անգամ, իսկ հինգերորդում չորրորդի համեմատ` շուրջ 1.5 անգամ:
Աղյուսակ No: 1
Ինչու է Հարավային Կորեան վիրուսի դեմ պայքարում ավելի արդյունավետ քան մյուսները
Այս ամենից հետևում է, որ այս պահի դրությամբ միայն երկու երկրներ է, որոնց մոտ հաջողությամբ ստացվել է վիրուսի երկրաչափական պրոգրեսիայով տարածման տեմպը կանխել և այն դարձնել կառավարելի: Այս տեսանկյունից հետաքրքիր է դիտարկել և իմանալ, թե ինչ միջոցներ են այս երկու երկրները ձեռնարկել և շարունակում անել: Չինաստանի դեպքում, դա բիրտ կառավարումն է, տեղեկատվության տարածման և խոսքի ազատության խիստ սահմանափակումից մինչև մարդկանց տեղաշարժի կտրուկ սահմանափակումներ, իսկ Հարավային Կորեայի դեպքում կիրառված միջոցները այդչափ ծայրահեղական չեն, ինչպես Չինաստանում, սակայն նրանք նույնպես հաջողակ են կորոնավիրուսի դեմ պայքարում: The New York Times-ի թղթակիցները փորձել են պարզել, թե ինչ միջոցներ են իրականացնում Հարավային Կորեայում, որով նրանք մյուսների համեմատ առավել արդյունավետ են դառնում այս վիրուսի դեմ պայքարում: Նրանք զրուցել են Հարավային Կորեայի համապատասխան պաշտոնյաների հետ և այս երկրում կիրառվող միջոցները խմբավորել են քաղած դասերի տեսքով և ներկայացրել են երեկ լույս տեսած հոդվածում: Ստորև բերված է դրանց համառոտ նկարագրությունը:
Դաս Համար 1. Միջամտել շատ արագ, քանի դեռ վիճակը չի վերածվել ճգնաժամի:
Առաջին դեպքերի գրանցումից հետո Հարավային Կորեայի պաշտոնյաները հանդիպում են տեղի դեղագործական-բժշկական ընկերությունների հետ և վիրուսը բացահայտող թեստերի ստեղծման և մեծ քանակների արտադրության խնդիր են առաջադրում: Երկու շաբաթվա ընթացքում ձեռնարկությունները սկսում են օրական մի քանի հազար թեստ արտադրել: Հիմա Հարավային Կորեայում օրական արտադրվում է շուրջ 100,000 թեստ և արտահանելու նպատակով նրանք բանակցում են 17 կառավարությունների հետ:
Նրանք նաև վիրուսի էպիկենտրոն հանդիսացող Դեգու քաղաքում (վիրուսի տարածումը սկիզբ էր առել տեղի եկեղեցուց) արտակարգ քայլեր են ձեռնարկում: Միաժամանակ վիրուսի տարածման հենց սկզբից երկրով մեկ արտակարգ իրավիճակ է հայտարարվում, ինչը հենց սկզբում չեն արել եվրոպական և ամերիկյան պետությունները: Հարավային Կորեան այս քայլին է դիմում, քանի որ 2015 թվին երկրում շնչառական խնդիրներ առաջացնող մեկ այլ վիրուսի տարածման վտանգների լրջությանը ծանոթ էին:
Ըստ Հարավային Կորեայի առողջապահության փոխնախարարի, հաշվի առնելով վիրուսի գաղտնի շրջանը և այլ առանձնահատկություններ, վիրուսների դեմ պայքարի դասական մոտեցումը (շեշտադրումը արգելափակման և մեկուսացման վրա) քիչ արդյունավետ է:
Դաս Համար 2. Թեստավորել վաղ, հաճախ և ապահով:
Հարավային Կորեան 300,000-ից ավել թեստավորում է իրականացրել, որը շարունակվում է: Այս ցուցանիշով մյուս երկրների համեմատ նա աշխարհում առաջինն է:
Որպեսզի չծանրաբեռնեն հիվանդանոցները, նաև բժիշկների և բուժաշխատողների շրջանում վիրուսի տարածման ռիսկեր չստեղծեն, կառավարությունը երկրով մեկ 600 թեստավորման կենտրոն է բացել: Դրանցից հիսունը հարմարեցված է մեքանաներով մոտենալու և առանց մեքենայից դուրս գալու թեստավորում ստանալու համար և այս ընթացքը տևում է շուրջ տաս րոպե:
Շատ ռեստորաններ և հյուրանոցներ, նաև հանրային այլ վայրեր, նախքան անձանց ներս թողնելը ջերմաչափում են իրականացնում:
Դաս Համար 3. Շփումների շրջանակի բացահայտում, մեկուսացում և հսկողություն
Երբ նոր դեպք է բացահայտվում, պարզում են անձի շփման շրջանակը, և մեկուսացնում են բոլորին: Միաժամանակ, երբ նոր դեպք է բացահայտվում, քաղաքացիները բջջային հեռախոսների վրա հաղորդագրություն են ստանում, որոնցում նշվում է այն տեղանքների մասին, որտեղ եղել է վիրուսակիրը, որպեսզի այդ նույն ժամանակ այդ վայրերում եղած բոլոր անձինք գնան և թեստավորում անցնեն: Օրինակ, եթե անձը եղել է հանրային տրանսպորտում, ապա նշվում է երթուղու համարը և այդ օրը/օրերին երթուղում եղած բոլորին կոչ են անում գնալ թեստավորվելու:
Մեկուսացվածների դեպքում, նաև կիրառում են բջջային հավելված, որով իշխանությունները կարողանում են հսկել և վստահ լինել, որ անձը չի լքել մեկուսացման վայրը:
Դաս Համար 4. Հայցել հանրության աջակցությունը
Չկան անհրաժեշտ քանակի բուժաշխատողներ, որ նախատեսված վայրերում ջերմաչափում իրականացնեն կամ օգնեն այլ աշխատանքներում, հետևաբար ներառում են կամավորների: Միաժամանակ շարունակաբար հանրային վայրերում մոնիտորների վրա, նաև մարդկանց բջջային հաղորդագրություներ ուղարկելով, հիշեցնում են սոցիալական հեռավորություն պահելու, դիմակ դնելու և այլ կանխարգելիչ միջոցների կարևորության մասին: Միաժամանակ, ամենօրյա տեղեկատվություն են հաղորդում նոր գրանցված դեպքերի մասին: Հարավային Կորեայի առողջապահության փոխնախարարի ներկայացմամբ հանրությանը իրազեկ պահելն ու նրանց աջակցությունը ստանալը կարևոր է վիրուսի դեմ պայքարում արդյունավետ լինելու համար: Հարավային Կորեայի պաշտոնյաները նշում են նաև, որ ներկա վիճակը կառավարելու և պայքարում արդյունավետ լինելու համար էական նշանակություն ունի իրենց առողջապահական համակարգի պետական լինելը:
Մեկնաբանել