HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայկազ Ֆանյան. «Կառավարության աջակցության ծրագրում հասցեականության խնդիր կա»

Կառավարությունը բավականին օպերատիվ տնտեսական միջոցառումներ ձեռնարկեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղությամբ, բայցև ներկայացված ծրագրում հասցեականության խնդիր կա։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշեց ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։

«Մենք, ըստ էության, տեղյակ ենք միայն, թե 25 մլրդ դրամն ինչպես պետք է տեղաբաշխվի տնտեսությունում։ Իսկ մնացած 125 մլրդ դրամի վերաբերյալ ունենք միայն պատկերացումներ. գիտենք, որ պետք է բաշխվի տնտեսության մեջ, բայց չենք պատկերացնում դրա մեխանիզմները»,- ասում է տնտեսագետը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կառավարությունը հայտարարել է, որ տարբեր մեխանիզմներով պատրաստվում է 150 մլրդ դրամի գումար ներարկել տնտեսության մեջ։ Թե որ ոլորտներին որքան կհասնի, դեռևս հստակեցված չէ։

«Այս պահին քննարկվում է 25 մլրդ դրամի ծրագիրը, որի շրջանակներում բացառված են ֆինանսական ոլորտի և շահումով խաղերի ոլորտի կազմակերպությունները, նշանակում է, որ մնացած կազմակերպությունները իրավազոր են դիմելու այս ծրագրով ֆինանսավորում կամ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, համաֆինանսավորում և վերաֆինանսավորում մեխանիզմներով որոշակի աջակցություն ստանալու համար։ Ես կարծում եմ, որ նպատակահարմար կլիներ այս փուլում ավելի թիրախայնացնել և վերցնել այն ոլորտները, որոնք առավել շատ են տուժել»,- նշեց տնտեսագետը։

Ըստ նրա՝ կան ոլորտներ, որոնց հարկային արձակուրդներ ու արտոնություններ տրամադրելն անիմաստ կլիներ, սակայն պետք էր դիտարկել այն ոլորտները, որոնց դեպքում վարձու աշխատողների եկամտային հարկը կարելի էր զրոյացնել՝ այն հույսով, որ այդ կազմակերպությունները կկարողանան վճարել աշխատավարձերը։

Հայկազ Ֆանյանի կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսական աճի տեմպը կնվազի, սակայն տնտեսական անկում՝ ռեցեսիա, չի գրանցվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter