HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գևորգ Գորգիսյան. «Այն ոլորտների համար, որտեղ պարետատան հրահանգով պետք է դադարեն աշխատանքները, կարևոր ենք համարում, որ հայտարարվի հարկային արձակուրդ»

Այս օրերին Հայաստանի քաղաքացիներն ու գործարար համայնքը պետք է զգան, որ մենակ չեն: Այս մասին Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

«Կարևոր ենք համարում այն ոլորտների համար, որտեղ պարետատան հրահանգով պետք է դադարեն աշխատանքները, հայտարարվի հարկային արձակուրդ, որովհետև եթե չեն գործելու ընկերությունները, եկամուտ չեն ունենալու, բնական է, որ պետությունն այդ ընկերություններից չպետք է ակնկալի իրենց հարկային պարտականությունների կատարումը»,- ասաց Գորգիսյանը:

Պատգամավորի կարծիքով`այդ ոլորտներում աշխատող քաղաքացիներին պետք է պետությունն աջակցի, առնվազն նվազագույն աշխատավարձի չափով որոշակի փոխհատուցում տրամադրի, որպեսզի եկամուտից զրկված քաղաքացիները կարողանան որևէ կերպ գոյատևել:

«Կարևոր ենք համարում գործուն մեխանիզմների ներդրումն ու ապահովումը, որպեսզի հայտարարված կանոնները պահպանվեն: Հայտարարում ենք, որ խոցելի խմբերը պետք է չաշխատեն այս ժամանակահատվածում, բայց պետք է կարողանանք դա վերահսկել: Այս ընթացում բազմաթիվ քաղաքացիներից ստանում ենք բողոքներ, որ նման խոցելի խմբերի մեջ են, բայց գործատուն պահանջում է աշխատանքի գնալ»,- ասաց Գորգիսյանը:

Գորգիսյանի խոսքով` պետությունը պետք է խիստ վերահսկողություն սահմանի, նաև հստակ չափանիշներ պետք է լինեն այն ընկերությունների նկատմամբ, որոնք շարունակելու են գործունեությունը, որպեսզի անվտանգությունն ապահովվի:

Պատգամավորի համոզմամբ` Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի անապահով ընտանիքները չզրկվեն հեռավար դասերից, պետք է ապահովվի կրթության հասանելիությունը:

Գևորգ Գորգիսյանը խոսեց նաև քաղաքացիների պատասխանատվության մասին` շեշտելով, որ յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր պատասխանատվության բաժինը:

«Մեր շատ քաղաքացիներ, հատկապես մարզերում, շարունակում են մտածել, որ վիրուսը իրենց չի կպնելու: Ամեն մեկս պետք է հետևենք, որ չդառնանք վիրուսի տարածող»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter