HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ՅՈւՆԵՍԿՕ. աշխարհում 1,3 մլրդ սովորող մեկուսացել է տանը

Միավորված ազգերի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպությունը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն, այսօր հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով 138 երկրներում փակված դպրոցների եւ համալսարանների շահառուների թիվը վերջին 10 օրերի ընթացքում հասել է 1,37 միլիարդի:

Ընդ որում՝ ամբողջ աշխարհի մասշտաբով փակված դպրոցներն առնչվում են սովորողներ շուրջ 80 տոկոսին: Այս պարագայում կազմակերպությունը նախաձեռնել է նախարարների վիդեոկոնֆերանս՝ քննարկելու կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով աշխարհում ծագած խնդիրները կրթության ոլորտում:

Կոնֆերանսին մասնակցել են մարտի 10-ին կայացած առաջին վիդեոկոնֆերանսից հետո ձեւավորված հատուկ խմբի անդամները: Խումբը կազմված է 11 երկրի ներկայացուցիչներից: Վերջիններս կիսվել են ձեռնարկված միջոցների մասին ինֆորմացիայով: Այս օրերին այդ միջոցները նպատակ ունեն օգնել ուսուցիչներին, ծնողներին եւ աշակերտներին իրականացնել տնային ուսուցում:

ՅՈւՆԵՍԿՕ-ն հայտնում է, որ կորոնավիրուսի պատճառով 138 երկրներում փակված դպրոցների եւ համալսարանների շահառուների թիվը վերջին 10 օրերի ընթացքում հասել է 1,37 միլիարդի: Սա նշանակում է, որ ամբողջ աշխարհում յուրաքանչյուր 4 սովորողից ավելի քան 3-ը ներկա պահին հնարավորություն չունի հաճախել դպրոց կամ համալսարան: Ուսումնական հաստատությունների փակումը հանգեցրել է նաեւ 60,2 մլն դասավանդողի պարապուրդի:

Կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հայտնել է, որ առաջիկայում ձեւավորվել է գլոբալ կոալիցիա, որի նպատակն է լինելու բազմաթիվ գործընկերների փորձի մոբիլիզացիան եւ ձեռնարկվելիք միջոցների խթանումը: Գլխավոր տնօրենի տեղակալ Ստեֆանիա Ջանինին էլ նշել է, որ առավել քան երբեւէ անհրաժեշտ է սովորողներին աջակցություն ցույց տալ ոչ միայն ակադեմիական, այլեւ էմոցիոնալ առումով: 

Կոնֆերանսի մասնակիցները խոսել են աշխարհում այս պահին մեծ տարածում գտած հեռավար ուսուցման մասին: Օրինակ՝ Մեքսիկայի կրթության նախարարը նշել է, որ իր երկրում երիտասարդների միայն 60 տոկոսը մուտք ունի դեպի համացանց, ինչի հետեւանքով կառավարությունը ստիպված է եղել ոչ միայն ինտերնետային հեռավար ուսուցման դիմել, այլեւ օգտվել հեռուստատեսության ընձեռած հնարավորությունից՝ փորձելով ընդգրկվել բոլորին: Իտալիան իր հերթին հայտարարել է, որ 85 մլն եվրո է ներդնելու 8,5 մլն սովորողների հեռավար ուսուցմանն աջակցելու եւ մեկուսացած շրջաններում կապի որակը բարելավելու համար: Ճապոնիայի կրթության նախարարն էլ հայտնել է, որ իր երկիրը դպրոցների փակումով բարելավել է երեխաների պաշտպանության մեխանիզմները: Այդուհանդերձ, Ճապոնիան նախատեսում է ապրիլին վերաբացել դպրոցները՝ համագործակցելով առողջապահության ոլորտի մասնագետների հետ: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Խասում Դիալոն էլ հայտարարել է, թե 200 երկրի պատուհասած պանդեմիայի պայմաններում անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր պետություն ամրապնդի աղետներին պատրաստ լինելու իր կարողությունները, միաժամանակ կարեւոր է միջազգային համագործակցությունը:      

Լուսանկարը՝ Christophe Petit Tesson - EPA/REX/Shutterstock   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter