HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցրել է ձավարեղենի արտահանումը․ Հայաստանը դրա 98 % ՌԴ-ից է ներկրում

Մարտի 19-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պարենային ապահովվածության խնդիր չունի․ «Հավի մսի 64 օրվա պաշար ունենք, ձեթի 38 օրվա պաշար ունենք: Միաժամանակ, միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 15 տոննա հրուշակեղեն, 20 տոննա սիսեռ, նաև՝ արևածաղկի սերմ, դդմի սերմ, սառեցված միս, կարտոֆիլ և այլն»։

Ձավարեղենի մեծ մասը՝ 98 %-ը, Հայաստան է ներկրվում Ռուսաստանից։ Մարտի 20-ից Ռուսաստանը հայտարարեց,որ ժամանակավորապես դադարեցնում է բոլոր տեսակի ձավարեղենի արտահանումը։ Այս տեղեկությունը հաստատում է նաև ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Արգելքը մտցվել է 10 օրով, մինչև Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքային խումբը հատուկ ցուցումներ կտա։

Նշվում է, որ վերջին շրջանում ռուսական շուկայում ձավարեղենի մեծ պահանջարկ է գրանցվել, ու դեռևս մարտ ամսվա սկզբին վաճառքը 27,8 %-ով  աճել է։ Մատակարարներն էլ իրենց հերթին են թանկացրել ձավարեղենի գինը. մասնավորապես, հնդկաձավարի արժեքը Ռուսաստանում բարձրացել է 15-20 %-ով։

Մենք ուսումնասիրել ենք Հայաստանում ձավարեղենի ներկրման և արտահանման ծավալներն ու հիմնական ուղղությունները։

DSC_6134.jpg (2.40 MB)

Հայաստան տարեկան միջինը ներկրվում է մոտ 2200 տոննա ձավարեղեն։

2017-2020թթ հունվարն ընկած ժամանակահատվածում Հայաստանը ներկրել է 6724,95 տոննա ձավարեղեն, ընդհանուր՝ 2 մլն 689 250 ԱՄՆ դոլար արժողությամբ։

Ձավարեղենի մեծ մասը՝ 98 %-ը, ներկրվել է Ռուսաստանից։ Մասնավորապես, 2017-2019թթ․ին ՌԴ-ից ներկրվել է 6534,5 տոննա ձավարեղեն, ընդհանուր՝ 2 մլն 578 հազար ԱՄՆ դոլարի։ ՌԴ-ից ներկրվող ձավարեղենի մեկ կգ միջին արժեքն է 0,4 $ (~ 192 ՀՀ դրամ)։

Հայաստանը 2017-2019թթ․ ձավարեղեն է ներկրել նաև Իտալիայից՝ 51,2 տոննա, ընդհանուր՝ 56 300 ԱՄՆ դոլարի։ Ներկրումներ են եղել նաև Բելառուսից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Կանանդայից, Ուկրաինայից և Ֆինլանդիայից, սակայն դրանց ծավալները շատ չնչին են։

ՁավարեղենInfogram

2017-2020թթ հունվարն ընկած ժամանակահատվածում արտահանվել է 623,9 տոննա ձավարեղեն, ընդհանուր՝ 260 540 ԱՄՆ դոլարի։ Տարեկան միջինը Հայաստանից արտահանվում է մոտ 210 տոննա ձավարեղեն։

Արտահանման հիմնական ուղղությունը դարձյալ Ռուսաստանն է։

Մասնավորապես, 2017-2019թթ․-ին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 391,1 տոննա ձավարեղեն՝ 138 900 ԱՄՆ դոլարի, ինչը կազմում է ընդհանուր արտահանումների 62.8 %-ը։ Արտահանման մեկ կգ միջին արժեքն է 0,35 $ (~170 ՀՀ դրամ), այսինքն՝ 20 դրամ ավելի էժան է, քան ներկրվողը։

Արտահանման հաջորդ ուղղություններն են՝ ԱՄՆ (54.8 տոննա), Բելգիա (34.2), Սիրիա (30 տոննա) և Ֆրանիա (14,6 տոննա)։

Մենք հարցում ենք ուղարկել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով պարզաբանել, արդյոք ստեղծված իրավիճակում Հայաստանը ևս կարող է դադարեցնել տեղական ձավարեղենի արտահանումը։ Պատասխանը կհրապարակենք առաջիկայում։

 

Գլխավոր լուսանկարը՝ dailystorm.ru-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter