
Հայաստանի ողջ տարածքում անձանց տեղաշարժի վերաբերյալ պարետի որոշումը
Կառավարության կայքէջում հրապարակվել է Հայաստանի ողջ տարածքում անձանց տեղաշարժի վերաբերյալ պարետի որոշումը: Այն ներկայացնում ենք ստորև.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն
հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020
թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝
ժամը 23:59-ը՝
1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակել
մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանել անձանց պարտադիր
ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ
մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և
վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով.
2. Սահմանել սույն որոշման 1-ին կետի պահանջի հետևյալ բացառությունները՝
1) Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 14 չարգելված տնտեսական
գործունեության տեսակների տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցների
և Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշմամբ սահմանված կարգով
աշխատավայրում գտնվելու իրավունք ունեցող անձանց աշխատանքի վայր
մեկնելը և վերադառնալը՝ սույն որոշման հավելվածով սահմանված
տեղեկությունները պարունակող գրության և անձը հաստատող փաստաթղթի
առկայության դեպքում.
2) ՀՀ «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի
ՀՕ-134-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված առևտրի
իրականացման վայրերում և դրանցից դուրս գործող՝ պարենային
ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտներ, դեղատներ,
գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ, հիվանդանոցներ ու բժշկական
այլ հաստատություններ, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ
կացության վայր, հոգեհանգստի և հուղարկավորության վայր
այցելությունների՝ սույն որոշման հավելվածով սահմանված
տեղեկությունները պարունակող գրության և անձը հաստատող փաստաթղթի
առկայության դեպքում.
3) Բնակության վայրի մոտակայքում օրվա ընթացքում միայն մեկ անգամ
ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու
նպատակով՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևաչափով լրացված
թղթի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում․
3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում
թույլատրվում է անձնական տրանսպորտային միջոցներով առավելագույնը երկու
անձանց (ներառյալ վարորդը) տեղափոխումը.
4. ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին ապահովել սույն որոշման
պահանջների իրականացումը։ ՀՀ ոստիկանությանը վերապահել սույն որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթի և
գրության առկայության ստուգումը.
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 24-ին՝ ժամը 23:59-ին»:
Որոշման ամբողջական տարբերակը` այստեղ:
Մեկնաբանել