HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Թարխանյան

Եվրամիությունը միացել է հակակորոնավիրուսային կեղծ արտադրանքների դեմ համաշխարհային պայքարին

Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը (OLAF) անցած շաբաթ հայտարարեց, որ հետաքննում է Եվրամիության տարածքում կորոնավիրուսի տարածման պատճառով պահանջարկ ունեցող պրոֆիլակտիկ և բուժական միջոցների վաճառքից օգուտ քաղել փորձող խարդախությունները։

Մասնավորապես, գործակալության ուշադրության կենտրոնում են գտնվում կեղծ բժշկական, անհատական պաշտպանության և հիգիենայի միջոցները՝ ներառյալ կեղծ, կրկնօրինակ դիմակները, բժշկական սարքավորումները, ախտահանիչ միջոցները և թեստերը։ Ըստ գործակալության՝ այսպիսի միջոցները շատ անարդյունավետ են, նույնիսկ կարող են վնաս հասցնել առողջությանը և, որպես կանոն, վաճառվում են իրենց արժեքից երեք անգամ թանկ։

Մարտի 20-ին Եվրոպական հանձնաժողովը հայտարարեց, որ ԵՄ ամբողջ տարածքում սպառողների իրավունքները պաշտպանող ազգային մարմինների հետ արշավ է սկսում համացանցում կեղծ ապրանքներ վաճառողների դեմ։ Վաճառողների ներկայացմամբ՝ այդ միջոցները կարող են կանխարգելել կամ բուժել վիրուսը։

Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը հայտարարեց, որ թեև սովորաբար այսքան արագ չի հանրայնացնում հարցումները, որոշում է կայացվել հայտարարել հետաքննության մասին, որպեսզի հանրությունը տեղեկացվի և զգուշանա։ Գործակալության գլխավոր տնօրեն Վիլլե Իտյալյան մարտի 17-ին հաղորդել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի կանխարգելման նախագծին (OCCRP), որ իրենց համար շատ անսովոր է դեպքը բացահայտելուց հետո անմիջապես հանրայնացնել դա, սակայն հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված ներկայիս արտակարգ դրությունը, կարծում են, որ մարդիկ պետք է իմանան, որ փորձեր են արվում տարբեր տեսակի կեղծ միջոցներ ներմուծել ու վաճառել։

Մարտի 16-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարեց COVID-19-ի հետ կապված խարդախության վերաբերյալ իր առաջին դատական հայցի մասին այն բանից հետո, երբ Տեխասի դաշնային դատարանն արգելափակեց մի կայք, որն իբր վաճառում էր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր։

Հիշեցնենք, որ մինչ այսօր չկան նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ ապացուցված բարձր արդյունավետությամբ դեղամիջոցներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter