
Համայնքի նվիրատվությունները թափանցիկ դարձնելու «Լուսավոր Հայաստանի» առաջարկը մերժվեց
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական առաջարկը, որով խմբակցությունը ցանկանում էր առավել թափանցիկ դարձնել համայնքին արված նվիրատվությունները:
Ըստ նախագծի` համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված: Նախագիծը մերժվեց 36 կողմ, 77 դեմ ձայներով` չնայած ընդունվել էր առաջին ընթերցմամբ:
Դեմ քվեարկեց քաղաքական մեծամասնությունը: Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը` ասելով, որ նախագծում իրավական ու բովանդակային խնդիրներ կան, ինչպես` մարաթոնների ժամանակ արված նվիրատվությունների հարցը:
Նախագծի հիմնական զեկուցող Անի Սամսոնյանը հակադարձեց` պատգամավորի բարձրաձայնած հարցը այս նախագծով չի կարգավորվում, մարաթոնների ժամանակ արված նվիրատվություններն այսպես, թե այնպես թափանցիկ են:
Այս նախագիծը ընդդիմադիր խմբակցությունը հեղինակել էր Երևանի քաղաքապետարանի նվեր ստացած աղբատար մեքենաների աղմկահարույց պատմությունից հետո:
Մեկնաբանել