HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Varks.am»-ը զրկվեց լիցենզիայից․ Կենտրոնական բանկից թաքցրել են կապիտալը նվազեցնելու փաստը

Կենտրոնական բանկը (ԿԲ) «Վարկս ԷՅ ԷՄ» ունվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ին զրկել է լիցենզիայից, քանի որ ընկերությունը, ֆինանսական տվյալներ թաքցնելով, քողարկել է կապիտալի նվազեցման փաստը։ Այս մասին ասված է Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ։ Գործընթացը սկսվել է նախորդ տարվա վերջում, շարունակվել է այս տարի և կապ չունի վերջին շաբաթվա ընթացքում քաղաքացիների կողմից «Varks.am»-ի դեմ սկսված արշավի հետ։

Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ ասված է․ «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24-ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: (Վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին և իրավունք չունի ներգրավել ֆիզիկական անձանց միջոցներ՝ այն է ավանդներ):

Կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից 2019թ. դեկտեմբեր, 2020թ. հունվար ամիսներին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ընդհանուր կապիտալի ցուցանիշի մասով արտացոլվել են անարժանահավատ տվյալներ։ Պարզելու նպատակով ՀՀ ԿԲ վերահսկողության ստորաբաժանման կողմից լրացուցիչ՝ մանրամասն, տեղեկատվություն է պահանջվել հաշվետվություններում առկա ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ: Ուսումնասիրելով և համակողմանի վերլուծելով ներակայացված տեղեկությունները՝ գնահատելով կազմակերպության ռիսկերը պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից խախտվել է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը, որը հանգեցրել է «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի «բ» և «ե» պարբերությունների խախտմանը։

Հաշվի առնելով վերոնշյալը, սույն թվականի փետրվարի 25-ին կազմված արձանագրությամբ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ սկսվել է պատժամիջոցի կիրառման վարչական վարույթ: Նշված վարույթի շրջանակում 18.03.2020թ. և 20.03.2020թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպվել են վարչական վարույթի լսումներ, որոնց  ներկա է գտնվել վարկային կազմակերպության ներկայացուցիչը և տվել պարզաբանումներ, որոնք ՀՀ ԿԲ խորհրդի կողմից բավարար չեն գնահատվել:

Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձևավորվելու է լուծարային հանձնաժողով՝ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով»:

Այս ամենից զատ Կենտրոնական բանկը նաև դատապարտում է ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը:

ԿԲ-ից հիշեցնում են, որ վարկատու և վարկառու սուբյեկտների հարաբերությունները ֆիքսված են պայմանագրերով և կարգավորվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով:

«Հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն, արտակարգ դրության ընթացքում չփորձել խաղալ հասարակական տրամադրությունների և սպասումների հետ: Կենտրոնական բանկը մշտադիտարկման արդյունքում վստահեցնում է, որ ՀՀ ֆինանսական համակարգը գործում է անխափան: ԿԲ-ն շարունակում է իրականացնել ֆինանսական կայունության ապահովման իր գործառույթները»,- տեղեկացնում են կենտրոնական բանկից:

Մինչ «Վարկս ԷՅ ԷՄ» ունվերսալ վարկային կազմակերպությունից պարզաբանում ստանալը՝ նշենք, որ վարկային կազմակերպության լիցենզիայի լուծարումը չի նշանակում, որ վարկ ունեցող քաղաքացիների վարկերը կզրոյացվեն։

Մեկնաբանություններ (1)

Գևորգ Խաչբուլաղյան
Բարևվ ձեզ ես կցանկանայի վարկ վեկալել ձեզանից 600000

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter