
Կանխարգելիչ միջոցառումներ Արցախ-Հայաստան սահմանային հսկիչ կետերում
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) ստորաբաժանումները՝ 2020 թվականի մարտի 17-ի ԱՀ առողջապահության նախարարության, ԱՀ ոստիկանության և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջև կնքված համատեղ հրամանի համաձայն՝ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տանող ավտոճանապարհներին տեղակայված սահմանային հսկիչ կետերում իրականացնում են Արցախում նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Կազմակերպված միջոցառումների շրջանակներում ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման և Քաշաթաղի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ-փրկարարական մասի հրշեջ-փրկարարները 4 սահմանային հսկիչ կետերում իրականացնում են շուրջօրյա հերթապահություն:
Վերոնշյալ հրամանի համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումները պարտավոր են՝
- սահմանային հսկիչ կետերում կասկածելի դեպքերի արձանագրման դեպքում իրականացնել ավտոմեքենայի ախտահանում և կասկածելի վարակակրին տեղափոխել մեկուսարան,
- Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների մեկուսարան տեղափոխվելուց հրաժարվելու դեպքում՝ կազմակերպել նրանց վերադարձը Հայաստանի Հանրապետություն (ավտոմեքենայի տրամադրում),
- սահմանային հսկիչ կետերում տեղակայված բժշկասանիտարական հսկիչ կետերում և հարակից շինություններում պարբերաբար իրականացնել ախտահանման աշխատանքներ:
Մեկնաբանել