
Ոստիկանները 92 քաղաքացու իջեցրել են ավտոմեքենաներից
Ոստիկանության ծառայողներն արդեն 92 հոգու՝ որպես երրորդ անձ, մեքենաներից դուրս են հրավիրել: Գործողություններ են իրականացվել 2 ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների նկատմամբ, իսկ այսօր` ժամը 16:00-ից հետո, ամբողջությամբ կիրառելու են օրենսդրության պահանջները:
Կառավարության մամուլի սրահում ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն այսօր անդրադարձավ երկրում իրականացվող սահմանափակումներին, մարդկանց տեղաշարժին: Մհրյանը, պատասխանելով լրագրողների գրավոր հարցերին, նշեց, որ ոստիկանության ծառայողները ճանապարհներին վերահսկողություն են իրականացնում երթուղիներով, և հնարավոր են դեպքեր, որ մարդիկ չնկատեն ոստիկաններին, քանի որ վերջիններս տեղաշարժվում են երթուղու երկայնքով:
Լրագրողները նկատել են, որ թե՛ Երևան քաղաքում, թե՛ մարզերում չեն նկատել ոստիկանության աշխատողների, որոնք պետք է վերահսկեն մարդկանց տեղաշարժը, հետևեն պարետի որոշումների կատարմանը:
«Ոստիկաններն իրենց ուժերի քանակական սահմաններում ամբողջ հանրապետության տարածքում իրականացնում են ծառայություն, և փորձում են որքան հնարավոր է ամբողջական փակել շղթաները, որպեսզի կարողանան ապահովել որոշումների պահանջները»,- ասաց Հայկ Մհրյանը:
Լրագրողները նկատել են նաև՝ թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ խիստ միջոցներ են ձեռնարկվելու մարդկանց տեղաշարժը սահմանափակելու համար, և նշված էր երեկ ժամը 23:59-ը, մինչդեռ մարզային տրանսպորտն աշխատում է, մարդկանց տեղաշարժը չի սահմանափակվում:
Հայկ Մհրյանը նշեց, որ վարչապետի բոլոր ցուցումներն անվերապահորեն կատարվելու են: Հ. Մհրյանը նշեց, որ այսօր` մինչև ժամը 16:00-ը, դարձյալ բացատրական աշխատանքներ են իրականացվելու քաղաքացիների շրջանում, որից հետո ոստիկանությունն անցնելու է արդեն իր գործողություններին:
Հիշեցնենք, որ պարետի որոշմամբ քաղաքացիների տեղաշարժը հսկելու նպատակով տնից դուրս գալիս կամ առհասարակ տեղաշարժվելիս քաղաքացիները պետք է լրացնեն սահմանված նմուշի թերթիկ՝ նշելով, թե որտեղից են դուրս եկել, ուր են գնում, ինչ նպատակով և որն է վերադարձի ակնկալվող ժամը:
Պատասխանելով հարցին, թե որն է տեղաշարժի թերթիկի անհրաժեշտությունը, երբ կա անձնագիր, Հայկ Մհրյանը նշեց, որ իր տրամաբանությամբ, երբ քաղաքացին ձեռքը վերցնի գրիչը, պատասխանատվությունը մի փոքր կավելանա, չի սկսի հորինել: Ոստիկանության պետի տեղակալը նաև հավելեց, որ ոստիկանության ծառայողները պահպանելու են սանիտարահիգիենիկ կաննոները տեղեկատվական թերթիկների հետ առնչվելիս:
«Բայց մեզնից ոչ ոք ապահովագրված չէ այդ վիրուսը կրելուց, հիվանդանալուց, և հնարավորության սահմաններում այնպես կծառայենք, որ այդ ձևաթերթիկն էլ չհանդիսանա պատճառ: Բայց էլի եմ կրկնում՝ ոչ ոք դրանից ապահովագրված չէ»,- ասում է Հ. Մհրյանը:
Ոստիկանության պետի տեղակալը նաև նշեց, որ լրագրողների համար տեղեկատվական թերթիկ լրացնելը պարտադիր չէ: Բավական է միայն լրագրողական վկայականների առկայությունը:
Մեկնաբանել