HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարկային միջնորդներ. ինչպես են մոլորեցնում ՊԵԿ-ին ու քաղաքացիներին

Հայաստանում քաղաքացիները հաճախ են հայտնվում վարկային միջնորդ կազմակերպությունների ծուղակում: Նրանք քաղաքացիներին օժանդակում են վարկ ստանալ բանկերից ու դրա դիմաց վերցնում են մեծ չափի միջնորդավճարներ։ Նման կազմակերպությունները երբեմն ուշացնում են գումարների տրամադրումը՝ քաղաքացիներին ներքաշելով բազմաթիվ քաշքշուկների մեջ։ Այդ կազմակերպությունները լիցենզավորված չեն Կենտրոնական բանկի կողմից։ Իրավապահները տեղյակ են, որ գործում են նման կազմակերպություններ, բայց դա վերջիններիս չի խանգարում արագորեն տարածվել ու զարգանալ։ Միայն վերջերս այս թեմային անդրադարձավ Քննչական կոմիտեն։

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի 31-ամյա բնակչուհի Կարինեն մինչև  նախորդ տարի երբևէ վարկ չի վերցրել ոչ բանկերից, ոչ էլ վարկային կազմակերպություններից։ 2019 թվականի օգոստոսին սոցիալական պայմաններից դրդված` որոշել է դիմել բանկերին՝ մոտ 400 հազար դրամ վարկ ստանալու համար։

Իրենց գյուղին ամենամոտ երեք բանկերին է դիմել, սակայն նրան մերժել են վարկ տրամադրել, քանի որ ոչ աշխատանքային փորձ է ունեցել, ոչ էլ՝ վարկային պատմություն։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցով սկսել է փնտրել ու հարցուփորձ անել, թե որ բանկերը կամ վարկային կազմակերպությունները կարող են իրեն վարկ տրամադրել։ Նրա էջին մեխանիկորեն հայտնվել են «շտապ գումա՞ր է հարկավոր», «արագ վարկեր», «վարկեր միայն անձնագրով» և նմանատիպ այլ գովազդներ։ Գնացել է այդ գովազդների հետևից ու հայտնվել վարկային միջնորդներից մեկի «ձեռքում»։ Հենց «Ֆեյսբուքի» միջոցով էլ նրանց հետ կապ է հաստատել, նրանք վստահեցրել են, որ կտրամադրեն վարկը՝ նշելով, որ պետք է Երևան գալ ու այցելել իրենց գրասենյակ, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում։

Կարինեն չի հարցրել ոչ ընկերության անունը, ոչ էլ ֆիքսել է գրասենյանի հասցեն։ Նրա խոսքով՝ ներկայում նույնիսկ չի գործում այն ֆեյսբուքյան էջը, որով կապ է հաստատել այդ մարդկանց հետ։ «Ամուսնուս հետ եկանք Երևանմոտեցանք իրենց ասած վայր, զանգեցինք ու աշխատակիցներից մեկը եկավ, մեզ ճանապարհեց իրենց գրասենյակ»,- պատմում է Կարինեն՝ հիշելով, որ գրասենյակը բնակելի շենքի բնակարանում է եղել։

«Ասացին գնում ենք խանութ, ձեր անունով ապրանք ենք ապառիկ վերցնում, ապրանքը վերցնում ենք մեզ, դրա գումարի մի մասը տալիս ենք ձեզ։ Հետո դուք բանկին սկսում ենք ամսական վճարել գումարը։ Ասացին՝ կգնանք խանութ ամեն ինչ ձեզ համար պարզ կլինի»,- պատմում է Կարինեն։

Նա Երևանի փողոցներին ծանոթ չէ և չի ֆիքսե, թե որ խանութ են գնացել։ Միայն հիշում է, որ տեխնիկայի ոչ մեծ խանութ է եղել։ Նրա անունով տեխնիկայի խանութի աշխատակիցը ապառիկի պայմանագիր է ձևակերպել՝ «Ամերիաբանկի» միջոցով։ Վարկային միջնորդի գրասենյակի աշխատակիցները լվացքի մեքենան վերցրել են իրենց և Կարինեին տվել են 160 հազար դրամ՝ բացատրելով, որ աշխատում են հետևյալ մեխանիզմով. «Մենք քեզ օգնում ենք ապառիկով լվացքի մեքենա ես վերցնում, հետո այս մեքենան քիչ ավելի էժան գնով գնում ենք քեզանից»։ Եվ սա այն դեպքում, երբ ժամանակացույցով մարումները կատարելու դեպքում Կարինեն ընդհանուր առմամբ բանկին վճարելու է 330 հազար դրամ։ Ընդ որում՝ գրասենյակի աշխատակիցները խիստ գաղտնի են պահում՝ հետագայում իրենք վաճառու՞մ են այս լվացքի մեքենան, թե՞ ոչ կամ եթե վաճառում են, ապա՝ ու՞մ։

Կարինեին միայն խանութում ապառիկի թղթերն են տվել, ըստ որի՝ պիտի կատարի իր վարկային մարումները։ Իսկ այն վարկային միջնորդից, որը նրանց ուղղորդել է խանութ ու վերցրել է լվացքի մեքենան, ոչ մի փաստաթուղթ չունեն։ «Եկել եմ տուն, նոր եմ մտածել, որ այնպես ինձ խաբեցին, որ անգամ իրենց գրասենյակի անունը չկարողացա իմանալ։ Արդյունքում ստացվեց, որ 330 հազար դրամ վարկ եմ մուծելու, բայց ես տացել եմ միայն 160 հազար դրամը։ Դրանից հետո իրենց հետ երբևէ էլ կապ չեմ ունեցել»,- պատմում է Կարինեն։

Կարինեն միակը չէ, որ հայտնվել է վարկային միջնորդների ծուղակում։  Սոցցանցերի միջոցով ու դրսում ՝ արտաքին գովազդներով, վերջին շրջանում շատ կարելի է հանդիպել վարկային միջնորդ կազմակերպությունների գովազդներ, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները տարբեր բանկերից արագ գումար ստանալու համար։ Նրանք ներկայանում ենք որպես վարկային միջնորդներ ու ֆինանսական խորհրդատուներ։

Նրանց մի մասը ստեղծել է կայքեր, որտեղ կարելի է օնլայն գրանցել տվյալները եւ հետագա քայլերի մասին ստանալ հրահանգներ։ Կազմակերպությունները հանդես են գալիս տարբեր անուններով, որոնք միանգամից պատկերացում են տալիս, որ գործ ունենք վարկերի հետ՝ Imvark.am, aragyerevan.credit, hayvark.am, karginvarker.am, infovark.am և այլն։ Այդ կայքերում չկան տեղեկություններ, թե արդյոք դրանք գրանցված կազմակերպություններ են, համարվու՞մ են հարկատուներ, թե՞ ոչ։ Ընդ որում ՝ այդ կայքերի տեսքից ակնհայտ երևում է, որ նախագծված են միևնույն տրամաբանությամբ ու դիզայնով, և չի բացառվում, որ պատկանում են նույն անձանց։ Նրանցից որոշներում կան հեռախոսահամարներ, իսկ որոշներում ՝ միայն առցանց գրանցման հնարավորությունն է առկա։  

DSC_6134.jpg (2.40 MB)

 

«Հետքն» այցելել է այս կազմակերպություններից մի քանիսի գրասենյակներ՝ տեղում հասկանալու, թե ինչ սկզբունքով են աշխատում։ 

«Հայվարկ» 

Առաջինը, որ այցելել ենք hayvark.am է, հասցեն՝ Երվանդ Քոչար 17/4։ Մինչ այցելությունը հեռախոսազրույց ենք ունեցել աշխատակցի հետ, ով ներկայացրել է վարկի տրամադրման պայմանները։ Աշխատակիցը պատմում էր, որ եթե չունենք վարկային պատմություն, պետք է ոսկի գրավ դնենք «Ֆասթ Կրեդիտ» վարկային կազմակերպությունում, թողնենք 15 օր, հետո ոսկին գրավից հանենք ու այդպիսով սկիզբ դնենք մեր վարկային պատմությանը։

«Գումարի տրամադրումը կատարվում է ինչպես սպառողական վարկի ձևակերպման միջոցով, այնպես էլ՝ ապառիկի եղանակով։ Այսինքն՝ ձեր անունով որևէ խանութից ապառիկով ապրանք ենք վերցնում, մենք գնում ենք ապրանքը մի փոքր ավելի ցածր գնով»,- պատմեց աշխատակցուհին։ Զրույցի վերջում, սակայն, պարզեցինք, որ այդ ապրանքը գնում են իրական գնից 40-50 %-ով ցածր արժեքով։

Իսկ սպառողական վարկի դեպքում կրկին վերցնում են քաղաքացու տվյալները, հարցում կատարում որևէ բանկում, և եթե 300 հազար դրամի գործարք է կատարվում, հաճախորդին տրամադրվում է 210 հազար դրամ։ Մնացած գումարը միջնորդավճար է, որը գանձում է կազմակերպությունը։

Մեզ ասացին նաև, որ կախված վարկատեսակից` բանկում վճարվող տոկոսները տարբեր են, հնարավոր է անգամ, որ լինի 0 տոկոս։ Սակայն, դատելով այն սխեմայից, որով աշխատում են այս կազմակերպությունները, բացառվում է անտոկոս վարկավորումը։

Այս կազմակերպության կայքի «Մեր մասին» բաժինը չի գործում։ Միայն կայքի ներքևի հատվածում հեռախոսահամարներն են նշված։ Իսկ երբ հարցնում ենք օրինական դաշտում են աշխատում, թե՞ ոչ, բոլոր նմանատիպ կազմակերպությունները հավաստիացնում են, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում են անում։ 

«Շտապ օգնություն»

Երբ զանգահարեցինք «Շտապ օգնություն» անվամբ ընկերություն, մանրամասն տեղեկություն ստանալու համարհրավիրեցին իրենց երկու գրասենյակներից որևէ մեկը։ Առաջինը գտնվում էր Սևանի փողոցում՝ Երևան տոնավաճառի հարևանությամբ, երկրորդը` Երիտասարդական մետրոյի հարևանությամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասնաշենքի առաջին հարկում։ Նախարարությունից մեզ հետ զրույցում նշեցին, որ այս կազմակերպությունը թեև գտնվում է նույն շենքում` իրենց հետ որևէ առնչություն չունի։

«Գումարի տրամադրումն իրականացնում ենք երկու եղանակով. ապառիկի ձևակերպմամբ կամ էլ սպառողական վարկով։ Գումարը տրամադրվում է մեկ օրվա ընթացքում, դրա համար պարզապես անհրաժեշտ է անձնագիր, սոցքարտ, տարիքային սահմանափակումն էլ 21 տարեկանից»,- պատմեց աշխատակցուհին, որը ներկայացավ Լուսինե անունով։

Ըստ նրա՝ իրենց կազմակերպությունը համագործակցում է գրեթե բոլոր բանկերի հետ։ Մեր հարցին, թե ո՞ր բանկի հետ են աշխատում, նա հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ միայն մեր տրամադրած անձնագրով հարցում անելու պարագայում կասի, թե որ բանկի հետ են աշխատում։

«Կարգին վարկեր»

Այս կազմակերպությունը գտնվում է Ալեք Մանուկյան 8/1 հասցեում, բնակելի շենքի 2-րդ հարկում։ Նախնական հեռախոսազրույցի ընթացքում աշխատակիցն ասել էր, որ ներկայանանք անձնագրով և սոցիալական քարտով։ Երբ այցելեցինք գրասենյակ, մեզ ասացին, որ մինչև չտրամադրենք անձնագիրն և սոցիալական քարտըպայմաններին չեն կարող ծանոթացնել։ Մեր հարցին, թե ինչի՞ համար է պետք անձնական տվյալներ լրացնելը, պատասխանեցին, որ հնարավոր է կալանք, ուշացումներ կամ բռնագանձում ունենանք, որը կխոչընդոտի գործարք կնքելուն։

Հատկանշական է, որ գրասենյակի դռան վրա փակցված էր կազմակերպության անունը՝ «Գոլդ հաուս»։ Պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ այս ընկերությունը գրանցվել է 2019 թվականի հուլիսին։ Այս ընկերության օրինակով փորձեցինք հասկանալ, թե գործունեության որ տեսակի ներքո են գրանցվում: Պետական եկամուտների կայքում՝ հարկ վճարողների փնտրման համակարգով պարզեցինք, որ այն գրանցված է գործունեության հետևյալ տեսակի ներքո՝ սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում։ Այսինքն՝ ընկերությունը փաստացի կեղծ տվյալներ է հաղորդել ՊԵԿ-ին։ 

DSC_6134.jpg (2.40 MB)

Եվ, ամենայն հավանականությամբ, վարկային միջնորդ հանդիսացող բոլոր ընկերություններն են կեղծում գործունեության տեսակները, քանի որ դրանք, որպես այդպիսին, չեն համարվում ֆինանսական կազմակերպություններ։

Դրանք դուրս են ինչպես Կենտրոնական բանկի հսկողությունից, այնպես էլ՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի տիրույթից։

Վարկային միջնորդները «խաղադրույք են կատարում» ֆինանսական ցածր գիտելիք ունեցող և սոցիալապես վատ վիճակում գտնվող քաղաքացիների վրա

Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վարկային միջնորդների ծուղակում են հայտնվում անձինք, ովքեր գտնվում են սոցիալապես վատ վիճակում և ովքեր սկզբնապես ուշադրություն չեն դարձնում ստացվող վարկի պայմաններին։ Մեր հերոսուհի Կարինեն, որի մասին պատմեցինք վերևում, տեղյակ չէ, թե ինչ նրբություններ կան թաքնված վարկերի փաստացի ու անվանական տոկոսադրույքների հետևում, նրան հավաստի են թվացել այն բոլոր ցուցանիշները, որոնք իրեն հայտնել են վարկը տրամադրելուց առաջ, երբ հեռախոսազրույց է ունեցել վարկային միջնորդի հետ։ «Ինձ ասացին, որ եթե բանկերը վարկ չեն տալիս, ապա լավագույն տարբերակը իրենց միջոցով վարկ ստանալն է»,- ասում է Կարինեն

Վարկային միջնորդները դուրս են Կենտրոնական բանկի վերահսկողությունից

Պարզվում է՝ նշված կազմակերպությունները, որոնք ներակայանում են որպես վարկային միջնորդներ, չեն համարվում ֆինանսական կազմակերպություններ և հետևաբար նրանք դուրս են Կենտրոնական բանկի վերահսկողությունից։

«Կենտրոնական բանկը վերահսկում է իր կողմից լիցենզավորված ֆինանսական կառույցներին, մինչդեռ կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ գրությամբ նշված որոշ անձինք (այն կազմակերպությունները, որոնց անունները նշել ենք հոդվածում,-հեղ.), ըստ էության, չեն հանդիսանում ֆինանսական կառույցներ, քանի որ ֆինանսական խնդիրներ ունեցող անձանց համար տարբեր մեխանիզմների կիրառմամբ հասանելի են դարձնում վարկային միջոցներ (փաստացի վարկեր չեն տրամադրում)»,- «Հետքի» հարցմանն ի պատասխան նշել են Կենտրոնական բանկից։

Պատասխանում նշված էր նաև, որ Կենտրոնական բանկը սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից մշտապես իրականացնում է ուսումնասիրություններ, այդ թվում՝ համացանցում առկա ինտերնետային կայքերի դիտարկումներ, հայտնաբերված խախտումների մասին տեղեկատվությունը ներկայացնում է իրավապահ մարմիններին։

Այս կազմակերպությունները դուրս են նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի տիրույթից

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, որը զբաղվում է ֆիզիկական անձանց և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած վեճերով, ևս որևէ լծակ չունի` վարկային միջնորդների վրա ազդելու։

Ինչպես գրասենյակից տեղեկացրին «Հետք»-ին, վարկային այս միջնորդները չեն հանդիսանում ֆինանսական կազմակերպություններ, հետևաբար՝ երբ քաղաքացիները վեճեր են ունենում այդ կազմակերպությունների հետ, Հաշտարարի գրասենյակը որևէ կերպ չի կարողանում նրանց աջակցել, քանի որ գրասենյակի լիազորությունները տարածվում են միայն ֆինանսական կազմակերպությունների վրա, հիմնականում՝ բանկերի, ապահովագրական ընկերությունների և վարկային կազմակերպությունների։

Հաշտարարի գրասենյակից միայն խորհուրդ են տալիս զերծ մնալ նման կազմակերպություններից։

Ինչ անել, եթե տուժել եք վարկային միջնորդների հետ համագործակցությունից

Լավագույն տարբերակը՝ երբևէ չհամագործակցել այս կազմակերպությունների հետ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, համագործակցել ու տուժել եք՝ դիմել Ոստիկանություն կամ Քննչական կոմիտե։

Վարկային միջնորդների հետ համագործակցելիս քաղաքացիները տուժում են ոչ միայն բարձր միջնորդավճարներ վճարելով, այլև՝ որոշ դեպքերում այս միջնորդները ուշացնում են գումարի տրամադրումը, որի պատճառով քաղաքացիները հայտնվում են քաշքշուկների մեջ։

Ոստիկանության Կիբերհանցագործության դեմ պայքարի բաժնից տեղեկացրին, որ ոստիկանությունը սկսել է զբաղվել մի շարք վարկային միջնորդ հանդիսացող կազմակերպություններով, բայց քանի որ գործը նախաքննության փուլում էկազմակերպությունների վերաբերյալ ինֆորմացիա չտրամադրեցին։

Փոխարենը օրեր առաջ հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի քննչական կոմիտեն։ «Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սոցիալական ցանցերում, ինչպես նաև՝ Երևան քաղաքի ու մարզերի տարբեր վայրերում, գետնանցումներում, թղթային և այլ տարբերակներով` հայտարարությունների միջոցով որոշ ընկերությունների կողմից ակտիվ գովազդ է իրականացվում` արագ վարկեր տրամադրելու, վարկերի տրամադրման գործընթացին աջակցելու առաջարկություններով, սակայն վերջիններս չունեն համապատասխան արտոնագիր և չեն համագործակցում բանկերի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Քննչական կոմիտեն հորդորում է նշված ընկերությունների կամ անհատների ծառայություններից տուժած անձանց դիմել Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին

Այսպիսով, ստացվել է մի իրավիճակ, երբ վարկային միջնորդ ներկայացող կառույցները մոլորեցնում են քաղաքացիներին, նրանց մասին տեղյակ են իրավապահ մարմիններն ու բանկերը, սակայն վերջիններս չեն կարողանում կասեցնել այս կազմակերպությունների գործունեությունը։ Սրա արդյունքում, վարկային միջնորդների ծուղակում շարունակում են հայտնվել բազմաթիվ քաղաքացիների, որոնք պետք է իրենց հույսը դնեն միայն իրենց զգոնության վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter