
Օպերայի կանաչ գոտում տեղակայված սրճարանը չի ապամոնտաժվի. քաղաքապետարանը պարտվել է դատարանում
Երևանի քաղաքապետարանը 2019 թվականի մարտին ապամոնտաժեց Օպերայի կանաչ գոտու առաջին գծում կառուցված մի շարք սրճարաններ: Որոշ սրճարանների հաջողվեց պահպանել տարածքը, որոնց շարքում է Montale-ը։ Այս սրճարանը կշարունակի գործունեություն ծավալել մինչ 2027 թվականը՝ տարածքի վարձակալության ժամկետի ավարտը։
Երևանի քաղաքապետարանը դեռևս նախորդ տարի երևանցիներին խոստացել էր, որ Օպերայի սրճարաններն ապամոնտաժելուց հետո դրանց զբաղեցրած տարածքը բարեկարգվելու և կանաչապատվելու է։ Այնուհետև հայտարարվելու է բաց մրցույթ՝ «տարածքը վերջնական տեսքի բերելու համար»։
Քաղաքապետարանը խոստացել էր այդ ծրագիրն իրականացնել դեռևս նախորդ տարվա գարնանը։
Քաղաքապետարանը նաև հրապարակել էր մակետ-լուսանկար, թե ինչպիսի տեսք պետք է ունենա Օպերայի տարածքը՝ սրճարաններն ապամոնտաժելուց հետո։
Ինչպես երևում է քաղաքապետարանի ներկայացրած մակետ-լուսանկարում, նախկին սրճարանների տարածքը պետք է լիներ կանաչապատ, դրանց տեղում տնկվեին ծառեր։ Թեև տարածքը կանաչապատված է, սակայն բարեկարգման ծրագիրն ամբոջությամբ չի իրականացնել։
Բացի այդ, կանաչ գոտու վրա դեռևս շարունակվում է մետաղյա կոնստրուկցիաներով սրճարան մնալ և ամառային ամիսներին գործունեություն ծավալել։
Պարզվում է՝ քաղաքապետարանին չի հաջողվում ապամոնտաժել Montale սրճարանը, քանի որ ներպետական բոլոր ատյանները մերժել են սրճարանը շահագործող «Մերի» ՍՊԸ-ի հետ վարձակալության պայմանագիրը վաղաժամ խզելու հայցը։
Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ դեռևս 2017 թվականի հուլիսին «Մերի» ՍՊԸ-ի դեմ հայցադիմում են ներկայացրել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ գումարի բռնագանձման և վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջով:
Դատարանը 2019 թվականի մայիսին վճռել է Երևան համայնքի հայցադիմումը ամբողջությամբ մերժել: 2019 թվականի սեպտեմբերին վճռի դեմ Երևան համայնքի ներկայացրած վերաքննիչ բողոքը ևս մերժվել է։ Իսկ 2019 թվականի նոյեմբերին այդ որոշման դեմ ներկայացված բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել։
«Մերի» ՍՊԸ-ն սրճարանի տարածքը զբաղեցնում է 1997 թվականից։ Այդ տարի պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը ընկերության հետ կնքել է պաղպաղակի տաղավարի սեփականաշնորհման պայմանագիր: Այնուհետև՝ 2002 թվականին, Երևանի քաղաքապետը որոշել է տաղավարի զբաղեցրած 28 քմ և սպասարկման համար հատկացված տարածքն ընդլայնել՝ 230 քմ մակերեսով։ Ընդհանուր առմամբ ընկերությանը վարձակալական հիմունքներով հատկացվել է 258 քմ մակերեսով տարածք՝ 25 տարի ժամկետով։
Արդեն Երևանի քաղաքապետի 2017 թվականին որոշմամբ՝ վերաճշտվել են հողամասի սահմանները, և ընդհանուր 254 քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով՝ մինչև 2027թ. հունիսին տրամադրվել է «Մերի» ՍՊԸ-ին:
«Մերի» ՍՊԸ-ն հիմադրվել է 1996 թվականին։ Հիմնադրման պահից ընկերությունը ունի երկու բաժնետեր, 80 %-ը պատկանում է Կարինե Դարբինյանին, 20 %-ը՝ Արմեն Սողոմոնյանին։
Օպերայի տարածքի բարեկարգման համար արդեն մրցույթ է հայտարարվել
Անդրադառնալով ապամոնտաժված սրճարանների տեղանքը բարեկարգելու խոստմանը՝ Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ այդ տեղանքը կանաչապատել է։
Իսկ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից՝ Ազատության հրապարակի ու դրա շրջակայքի, Մեսրոպ Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների, Թումանյան և Տերյան փողոցներով պարփակված գոտու (ներառյալ Կարապի լիճը) վերականգնման ու բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով քաղաքապետարանը մարտի 7-ին հայտարարել է լանդշաֆտային ճարտարապետություն-դիզայն հայեցակարգի բաց հրապարակային մրցույթ:
«Մրցույթի ամփոփումից հետո նախատեսվում է ամբողջությամբ իրականացնել հաղթող նախագիծը, ինչով տարածքը կբերվի վերջնական տեսքի»,- նշել է Երևանի քաղաքապետարանը։
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի
Ընթեցեք նաև՝
Մեկնաբանել