
Արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Բրիտանական թագի ժառանգորդ արքայազն Չարլզի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով թագավորական ընտանիքի ներկայացուցիչներին։
«Նրա մոտ հայտնաբերվել են հիվանդության թեթև ախտանիշներ, սակայն արքայազնի առողջությունը լավ է։ Վերջին մի քանի օրերի ընթացքում, ինչպես սովորաբար, աշխատում է տնից»,- նշվում է արքայազն Չարլզի ներկայացուցչի հայտարարության մեջ։ Ընդ որում, արքայազնի կինը՝ Կոռնուելի դքսուհի Քամիլան, նույնպես հանձնել է կորոնավիրուսի ստուգման թեստ, որի պատասխանը եղել է բացասական։ Արքայազն Չարլզը և նրա կինը մեկուսացել են Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում։
Գահաժառանգի ներկայացուցիչների հայտարարության մեջ նաև ասված է. «Թե ումից է վարակվել Արքայազնը, պարզել չի հաջողվել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շաբաթներին արքայազնը մասնակցել է մեծ քանակությամբ միջոցառումների՝ կատարելով իր հանրային պարտավորությունները»։
Հանրային վերջին միջոցառումը, որին մասնակցել է արքայազն Չարլզը, կայացել է մարտի 12-ին։ Նույն օրը նա հանդիպել էր նաև Եղիսաբեթ II թագուհու հետ։ Այդուհանդերձ, համաձայն մի քանի աղբյուրների, որոնց հղում է կատարում PA գործակալությունը, արքայազն Չարլզը չէր կարող վարակվել մինչև մարտի 13-ը։ The Guardian-ն էլ նշում է, որ արքայազն Չարլզն իր թեստը հանձնել է Աբերդինշիրի կլինիկաներից մեկում։
Արքայազն Չարլզը, Եղիսաբեթ II թագուհու ավագ որդին է, բրիտանական թագի առաջին ժառանգորդը։ Նա 71 տարեկան է։
Վերջին տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 6726-ի, իսկ մահվան դեպքերը՝ 336-ի։
Մեկնաբանել