
Փոխվարչապետ Գրիգորյանը վստահեցնում է` ռուսական ձավարեղենի արտահանման արգելքը կկարգավորվի ԵԱՏՄ շրջանակում
Ռուսաստանի կողմից հացահատիկային կուլտուրաների արտահանման արգելքի հարցը Հայաստանը բարձրացրել է Եվրասիական տնտեսական միության հարթակի միջոցով: Այս մասին խորհրդարանում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին: Պատգամավորը հիշեցրել էր, որ մարտի 20-ից ՌԴ-ն արգելել է նման ձավարեղենի արտահանումը, արդյոք Հայաստանը դիվանագիտական խողովակներով կարողացե՞լ է ճշտել, թե այդ արգելքը դեռ որքան է գործելու ու ինչպես կազդի մեր տնտեսության վրա այս իրավիճակում:
«Կա պայմանավորվածություն, որ նման իրավիճակները կբացառվեն: Ուղղակի ռուսական կողմը խնդիր է դնում, որ ԵԱՏՄ տարածքում յուրաքանչյուր երկիր իր սահմանի համար արտահանման արգելքներ դնի, որպեսզի չստացվի իրավիճակ, որ ԵԱՏՄ երկրի միջոցով երրորդ երկիր է գնում արտադրանքը»,- ասաց փոխվարչապետը:
Մհեր Գրիգորյանի խոսքով` ապրիլի 3-ին այդ հարցի շուրջ վերջնական պայմանավորվածություն կլինի:
«Էս պահին խնդիր է մնացել միայն առողջապահական բնույթի սարքավորումների հարցը, լուծումների մասով դեռ որևէ բան չկա: Խնդիրը շատ խիստ է դրված ՌԴ-ում, բայց կարծում եմ լուծումների կգնանք»,- ասաց փոխվարչապետը:
Պատգամավորը հետաքրքրվեց` ճիշտ չի՞ լինի արդյոք նման իրավիճակում Հայաստանն էլ իր ներքին արտադրանքի հարցում սահմանափակումներ կիրառի և արտահանում թույլ չտա, քանի որ կարող է լինել իրավիճակ, երբ Հայաստանը կարիք ունի իր միջոցներով սպասարկել բնակչությանը:
Մհեր Գրիգորյանն արձագանքեց` նման խնդիր այս պահին չկա, իսկ եթե լինի պարետն ունի անհրաժեշտ գործիքակազմ այդ հարցը կարգավորելու համար:
«Բայց մի բան հստակ է, որ հավասարակշռված պետք է լինենք, որովհետև էն պահին, երբ մենք նման գործողություններ անենք, այլ երկիր էլ նման գործողություն է անելու: Ներմուծման ու արտահանման բալանսը պետք է հստակ գիտակցենք` ինչ ենք անում»,-ասաց Մհեր Գրիգորյանը:
Մեկնաբանել