HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Թարխանյան

ԵԱՀԿ. կորոնավիրուսի դեմ պայքարը չպետք է խոչընդոտի ԶԼՄ-ների աշխատանքը Հայաստանում

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն իր մտահոգությունն է հայտնել մարտի 23-ին Հայաստանում ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի վերաբերյալ՝ կորոնավիրուսի համավարակի հետ կապված ապատեղեկատվության տարածման դեմ պայքարի համատեքստում։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելուց հետո զանգվածային լրատվամիջոցները կարող են միայն այնպիսի տեղեկություններ հրապարակել, որոնք հիմնված են պարետատան տրամադրած պաշտոնական տեղեկատվության վրա։ 

«Ես իսկապես հասկանում եմ նոր օրենքի նպատակը․ այն է՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ խուսափել խուճապից, ագրեսիայից և պայքարել ապատեղեկատվության դեմ։ Բայց միևնույն ժամանակ ԶԼՄ-ները պետք է որոշիչ դեր խաղան բնակչությանը կարևոր տեղեկատվության տրամադրման գործում և հակազդեն ապատեղեկատվությանը։ Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքին և համավարակի մասին տեղեկություններ հաղորդելուն։ Միայն իշխանությունների տրամադրած տեղեկատվության հաղորդումը շատ սահմանափակող միջոց է։ Դրանով սահմանափակվում են ԶԼՄ-ների ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը»,- նշել է Դեզիրը։

Հարլեմ Դեզիրը հիշեցրել է նաև անցած շաբաթ Խոսքի ու մտքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դևիդ Քայեի և Ազատ արտահայտվելու հարցերով Մարդու իրավունքների միջամերիկյան կոմիտեի հատուկ զեկուցող Էդիսոն Լանսայի հետ կատարած միասնական հայտարարությունը, որտեղ շեշտվում է․

«Մարդկանց կյանքը կախված է ոչ միայն արագ հասանելի բժշկական ծառայություններից, այլև սպառնալիքների էության, դրանցից պաշտպանվելու վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տրամադրումից։ Տեղեկատվության հասանելիության իրավունքը ենթադրում է, որ կառավարությունները պետք է բացառիկ ջանքեր գործադրեն լրագրողների աշխատանքը պաշտպանելու համար։ Լրատվությունն առանցքային դեր է խաղում առողջապահական արտակարգ իրավիճակի պայմաններում, մասնավորապես երբ այն ուղղված է հանրությանը խիստ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրելուն և պետության գործողությունները վերահսկելուն»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter