
Փաշինյանը վրդովվեց. «Եկեք հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվճարենք. էդ լու՞րջ եք ասում»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է ստեղծված իրավիճակում համատարած վարկային արձակուրդ տրամադրելուն: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ օրենսդրական առաջարկով է հանդես եկել, որպեսզի արտակարգ դրության պայմաններում որպես ֆորսմաժորային իրավիճակ վարկային արձակուրդ լինի, և վարկեր սառեցվեն: Պատգամավորն առաջարկեց կառավարությանը նման որոշում ընդունել:
«Ես դեմ եմ նման որոշումներին, մարդը անպարտաճանաչ պարտնյոր է, վարկերը չի վճարում մի քանի ամիս, մի հատ էլ արձակուրդ ենք տալիս, ասում` երկու ամիս էլ կարող ես չվճարել: Իսկ, կներեք, բնականոն աշխատող մարդիկ, օրինակ՝ որոնք դիմակ կամ ալկոգել են վաճառում, ինչի պետք է վարկային արձակուրդ տանք, բարեհաջող առևտուր կատարող մարդկանց ինչի պետք է վարկային արձակուրդ տանք: Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն, դրա համար էլ էսօր աջակցություն ենք տալիս: Հինգ փաթեթ արդեն պատրաստել ենք»,-ասաց Փաշինյանը` հավելելով, որ դրանք կընդունվեն վաղվա նիստին:
«Եթե մեկը ֆինանսական պարտավորություն ունենա ձեր նկատմամբ ու ասի եկեք չկատարեմ, մինչդեռ դուք էլ ուրիշի նկատմամբ ֆինանսական պարտավորություն ունեք, էդ ոնց եք է տենց… Եկեք հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվճարենք, էդ լու՞րջ եք ասում: Կներեք, էդ խոսքի արժեքին էլ պետք է հետևել: Եկեք բոլոր քաղաքացիներին տասը հազար դոլար գումար բաժանենք: Նման նախաձեռնություն ընդունեք, այդ թվում ոմանց ունեցվածքը բռնագրավելու միջոցով»,- ասաց Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով` շատերը տպավորություն են փորձում թողնել, թե իրենք գումար բաժանողն են, կառավարությունն էլ թույլ չի տալիս:
«Գնացե՛ք ձեր միջավայրի հարստությունը մարդկանց բաժանեք»,- նախկին ԲՀԿ-ական պատգամավորին ասաց Փաշինյանը:
Ուրիխանյանը կոչ արեց հարգալից խոսել` ասելով, որ մարդիկ լավ օրից չէ, որ սպառողական վարկ են վերցնում: Փաշինյանն էլ հակադարձեց` 2012 թվականից պատգամավոր է, և իրենց տան բոլոր գնումները կատարել են սպառողական վարկերով:
«Կբացատրե՞ք՝ ինչի՞ ինձ պետք է վարկային արձակուրդ տային ֆորսմաժորային իրավիճակի դեպքում»,-ասաց Փաշինյանը:
Մեկնաբանել