HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Թարխանյան

Խոշոր լրագրողական կազմակերպությունները մտահոգված են կառավարությունների՝ մամուլի ազատությանը սպառնացող միջոցառումներից

Աղբյուրը՝ Լրագրողների եվրոպական ասոցիացիա

Մամուլի ազատությամբ անհանգստացած 8 խոշոր լրագրողական կազմակերպություն (Արտիկլ 19, Եվրոպացի լրագրողների ասոցիացիա, Լրագրողների եվրոպական ֆեդերացիա, Գրաքննության ինդեքս, Ազատ մամուլ առանց սահմանափակման, Լրագրողների միջազգային ֆեդերացիա, Մամուլի միջազգային ինստիտուտ, Լրագրողներ առանց սահմանների) բաց նամակ են հղել Եվրոպական հանձնաժողովի, Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի ղեկավարներին, որտեղ իրենց մտահոգությունն են հայտնում այն առնչությամբ, որ կառավարությունները, օգտվելով կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակից, պատժում են անկախ և քննադատությամբ հանդես եկող լրատվամիջոցներին, սահմանափակում են կառավարության որոշումներին և գործողություններին դրանց միջամտությունը։ 

Կազմակերպություններն ընդգծել են նաև, որ անկախ նորությունների ազատ հոսքը կարևոր է առավել, քան երբևէ թե՛ վիրուսի տարածումը կանխարգելելու վերաբերյալ հանրությանն իրազեկելու համար, թե՛ հանրային վերահսկողություն ապահովելու և թե՛ կառավարությունների ձեռնարկած միջոցառումների նպատակահարմարությունը քննարկելու համար։

Բաց նամակում մասնավորապես ասվում է, որ կազմակերպություններն աջակցում են անցած շաբաթ Խոսքի ու մտքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դևիդ Քայեի, Ազատ արտահայտվելու հարցերով Մարդու իրավունքների միջամերիկյան կոմիտեի հատուկ զեկուցող Էդիսոն Լանսայի և ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրի հայտարարությանը՝ տեղեկատվության հասանելիության կարևորության վերաբերյալ։

«Թեև հասկանում ենք, որ համավարակի դեմ պայքարելու համար որոշակի արտակարգ միջոցառումների կարիք կա, դրանք պետք է լինեն անհրաժեշտ, համաչափ, կոնկրետ ժամկետով, որպեսզի անմիջապես լուծվի ստեղծված առողջապահական ճգնաժամը։ Դժբախտաբար, բազմաթիվ կառավարություններ ամբողջ աշխարհում արդեն օգտագործում են համավարակի փաստը, որպեսզի ձեռք բերեն գերիշխանություն, ինչը կարող է խարխլել ժողովրդավարական կառույցները՝ ներառյալ ազատ մամուլը։ Այս վտանգավոր իրադարձությունները կարող են ներկայիս առողջապահական ճգնաժամից էլ երկար տևել, եթե անհապաղ միջոցառումներ ձեռք չառնենք։ Առավելապես մտահոգիչ է այն փաստը, որ այս շաբաթ Հունգարիայի կառավարությունը պահանջել է անորոշ ժամկետով երկարաձգել արտակարգ դրությունը երկրում և իրավունք ստանալ մինչև 5 տարի ժամկետով դատապարտել այն լրագրողներին և անձանց, որոնք կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվություն կտարածեն»,– ասվում է կազմակերպության նամակում։

Մարդու հիմնարար իրավունքները և մամուլի ազատությունը երաշխավորելու համար կազմակերպություները եվրոպական կառույցների ղեկավարներին խնդրում են՝

  • Հաստատակամորեն դեմ հանդես գալ ներկայումս Հունգարիայի խորհրդարանում քննարկվող միջոցառումներին և պարզ դարձնել, որ Եվրամիությունը չի ընդունելու ոչ մի Արտակարգ օրենսդրություն, որը խարխլում է մարդու հիմնարար իրավունքները և մամուլի ազատությունը,
  • Կառավարություններից պահանջել, որպեսզի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հասանելի լինեն որոշումներ կայացնող պաշտոնյաները և առողջապահական ճգնաժամի առաջնագծում աշխատող անձինք,
  • Հայտարարել, որ լրագրությունը և տեղեկատվության ազատ հոսքն առանցքային են Եվրոպայի համար՝ կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխարգելելու համար։

Լուսանկարը՝ Shutterstock-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter