HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Տնտեսական գործունեության ոլորտների սահմանափակման ցանկը կարող է փոփոխվել

Արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսական գործունեության ոլորտների սահմանափակման ցանկն այսօր կրկին քննարկվելու է, հնարավոր է` նոր խստացումներ կամ մեղմացումներ սահմանվեն։ Այս մասին քիչ առաջ կայացած ասուլիսին հայտնեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

«Այդ ամեն ինչը կախված է լինելու իրավիճակից, միևնույն ժամանակ տնտեսական գործունեությունը պայմանավորված է լինելու տեղաշարժի սահմանափակումներով»,-ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալը։ 

Վարոս Սիմոնյանը նշեց՝ քանի որ թաղման արարողությունների իրականացումը չի արգելվել, անհրաժեշտությունից ելնելով, հնարավոր է՝ թույլատրվի դագաղների արտադրությունը։

Փոփոխություններ են հնարավոր Իրանից ներմուծվող և Իրան արտահանվող ապրանքների ցանկում։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդգծեց՝ տնտեսվարողների հետ աշխատանքի արդյունքում հնարավոր է պարետի որոշմամբ հաստատված այդ ցանկը լրացվի, ապրանքների ցանկն ավելանա։

Վարոս Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե որ խանութները կարող են բաց և փակ լինել։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալը մասնավորեցրեց՝ ծաղկի, խաղալիքների խանութների գործունեությունը, շինանյութի մանրածախ առևտուրն արգելված է, թույլատրվում է օծանելիքի, հիգիենայի պարագաների խանութների գործունեությունը։ 

Ըստ էկոնոմիկայի նախարարի տեղակալի՝ վերը նշված ոլորտների գործունեությունը դադարեցվել է՝ հաշվի առնելով դրանց աշխատակիցների տեղաշարժի հանգամանքը։ «Այն տնտեսական գործունեությունները, որոնք թույլատրվում են, դրանք պայմանավորված են՝ ապահովելու մարդկանց կարիքները, առաջին հերթին պարենային խանութներն ու դեղատներն են»,-ասաց նա։

Վարոս Սիմոնյանը նշեց, որ հաշվի են առնվել նաև այն ոլորտները, որոնցում համաճարակի տարածման ռիսկերը քիչ են։ Միաժամանակ հիշեցրեց, որ այս պահի դրությամբ գործունեության հիշատակված տեսակների դադարեցումը լինելու է մինչ մարտի 31-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter