HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Արայիկ Հարությունյան. «Ուսուցիչները կորոշեն՝ լրացուցիչ դասեր կլինեն, թե ոչ»

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջով ուղիղ հեռարձակմամբ ներկայացրեց հեռավար ուսուցման անցկացման նորությունները։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ջանքերի համար, որ դուք իրականացնում եք եւ ներդնում եք հեռավար կրթության իրականացման այս փուլում, միանշանակ պետք է անկեղծ լինեմ. այս ոգեւորությունն ու ներգրավվածությունը չէի սպասում. մտածում էի՝ սա նոր բան է, նոր գործիքներ պետք է կիրառվեն, իսկ այդ գործիքներին մեր հարգարժան ուսուցիչների մեծ մասը ծանոթ չէ», - ելույթի մեկնարկին ասաց ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ բժիշկների, անվտանգության ծառայությունների հետ միասին ուսուցիչներն այն մեծ խումբն են, որոնք աջակցում են բնականոն գործընթացների իրականացմանը եւ ապահովում են աշակերտների կրթության իրավունքը։

Հարությունյանը կոչ արեց նույն ոգեւորությամբ շարունակել։

Ըստ նրա՝ ուսուցիչների ջանքերը չեն կորչելու, եւ ներդրված ջանքերը հետագայում պետք է օգտագործել որպես հնարավորություն՝ տարբեր համակարգեր, այդ թվում՝ կրթական, զարգացնելու համար։

Ինչ է արվել վերջին 10 օրում

Մարտի 16-ից բացվել է heravar.armedu.am կայքը, որտեղ տեղադրվել են այն հարթակները, որոնք կարող էին օգտագործվել։

Նախարարը հայտնեց, որ հետագայում միասնական հարթակ կստեղծվի։ Անդրադառնալով ներգրավվածությանը` նշեց, որ մարզերից ստացված տվյալները դեռեւս ամբողջական չեն, սակայն ներգրավված է մեծ մասը, չբացառեց առաջացած թերությունները՝ նշելով, որ կան ուսուցիչներ, աշակերտներ, որոնք չունեն համակարգիչներ, հեռախոսներ։ Կան բնակավայրեր, որտեղ ինտերնետ հասանելիությունը ցածր է։

Լրացուցիչ դասեր լինելու՞ են

Արայիկ Հարությունյանն անդրադարձավ այն հարցին, թե լրացուցիչ դասեր լինելու՞ են արտակարգ դրության ավարտից հետո։ Նշեց, որ յուրաքանչյուրից է կախված՝ լինելու են դասեր, թե ոչ, եւ որքան է տեւելու։ Ըստ նախարարի՝ ուսուցիչները կարող են քչացնել դասանյութերը եւ ուսումնական տարվա ավարտից հետո լրացուցիչ դասեր անել։

«Մենք լիարժեք վստահում ենք ուսուցիչներին, եւ նրանք պետք է ասեն՝ արդյոք անցել են ամբողջ կուրսը եւ պե՞տք է լրացուցիչ դասեր անել»,- հայտնեց Հարությունյանը՝ հավելելով, որ նախարարության աշխատակիցները ծնողների հետ կգնահատեն կատարված աշխատանքը։ Հետագայում կորոշվի՝ ինչպես պետք է լրացնել չանցած թեմաները։

Ի՞նչ է առաջարկում ԿԳՄՍ նախարարությունը

Ըստ նախարարի՝ պետք է օգտագործել տրամադրված հարթակները։

Նրա պնդմամբ՝ այս պահին 400 ուսուցիչ հեռավար վերապատրաստում է անցնում ԿՏԱԿ-ի (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի) հետ։

ԿԳՄՍՆ-ն նաեւ ներկայացնում է, թե ինչպես պետք է գնահատել աշակերտներին։ Նախարարությունը ստեղծել է էլեկտրոնային մատյան՝ emis.am կայքը, որտեղ ուսուցիչները կգնահատեն երեխաներին, կներկայացնեն թեմաները։ Ըստ նախարարի՝ լրացվելու է միայն այս մատյանը։ Ապագայում մտադիր են հրաժարվել թղթային բոլոր մատյաններից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter