HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու միջոցառումը. նախատեսվում է երեք եղանակով աջակցել տնտեսվարողներին

Կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը, որով նախատեսվում է երեք տարբեր եղանակով աջակցել տնտեսվարողներին։

Ըստ նախագծի՝ այն հնարավորություն կտա տնտեսավարողներին ժամանակ շահել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու նպատակով, և ըստ այդմ իրենց տնտեսական գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշգրտելու որոշումների կայացման համար։

Նախագիծը ներկայացնող Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ աջակցության այս գործիքն ամենալայնն է եւ վերաբերում է ՀՀ-ում գործող բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին։ Հնարավորություն է ընձեռվելու այս աջակցության գործիքից օգտվել բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ անհատ ձեռնարկատերերին, որոնք գործում են վերջին 12 ամիսների ընթացքում՝ անկախ գործունեության ոլորտից։

Նախարարը նշեց, որ աջակցության այս գործիքից օգտվելու բացառություն կա միայն ֆինանսական կազմակերպությունների, մասնավորապես՝ բանկերի, վարկային և ապահովագրական կազմակերպությունների, գրավատների համար, այսինքն՝ այս կազմակերպությունները չեն կարող դիմել ֆինանսական աջակցության համար։

Աջակցության գործիքից օգտվել ցանկացող տնտեսվարողների համար միայն մեկ պայման կա․ նրանք պետք է ունենան հարկային և վարկային բարվոք պատմություն։ Այս կազմակերպությունները Կառավարության աջակցության համար կարող են դիմել բանկային և վարկային համակարգի միջոցով, այսինքն՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկունակությունը գնահատվելու է ֆինանսական համակարգի միջոցով։

«Եթե ֆինանսական համակարգը որոշի, որ աջակցության համար դիմած կազմակերպությունն իր ճիշտ գործընկերն է, ունի համագործակցության բավարար փորձ, այսինքն՝ եթե տվյալ կազմակերպության առաջարկած գործունեության տեսակը գնահատվի որպես ընդունելի ռիսկերի դաշտում, ապա կորոշվի այդ կազմակերպության ֆինանսավորման չափը»,- ասաց Տիգրան Խաչատրյանը՝ նշելով նաև, որ ֆինանսավորման առավելագույն չափը յուրաքանչյուր կազմակերպության համար կարող է լինել 500 մլն դրամ՝ ՀՀ դրամով, որոշ դեպքերում՝ նաև արտարժույթով։

Նախարարը տեղեկացրեց, որ սա նպատակային աջակցություն է, այսինքն՝ տնտեսվարողն այս աջակցությունը կարող է պետությունից ստանալ կոնկրետ նպատակներով։

Նշենք, որ դեռևս Կառավարության նախորդ նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է աջակցության այս գործիքի մասին ու նշել, թե կոնկրոտ ինչ է այն ենթադրում։

Մասնավորապես՝  աջակցության այս ծրագրից տնտեսվարողները կարող են օգտվել, եթե նպատակ ունեն աշխատակիցներին աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ, հարկերի վճարում կատարել, բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան 500 հազար դրամի չափով, եթե ցանկանում են հումքի գնում կամ ներմուծում կատարել՝ պայմանով, որ այդ հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում պատրաստի արտադրանք ստանալու համար, սարքերի և սարքավորումների ներմուծում կատարել՝ պայմանով, որ դրանք օգտագործվելու են ՀՀ-ում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու համար, եթե ցանկանում են պարարտանյութ, սերմ, տնկի, գյուղատնտեսական այլ հումք ներմուծել, որը կիրացվի ՀՀ-ում, եթե նպատակ ունեն կոմունալ վճարում կատարել։ Առևտրով զբաղվող տնտեսվարողները նույնպես կարող են դիմել այս աջակցության ծրագրին, եթե նպատակ ունեն սնունդ ներմուծել, որը պետք է իրացվի ՀՀ-ում։

Տիգրան Խաչատրյանը մանրամասնեց, որ Կառավարության աջակցությունը կարող է տրամադրվել երեք եղանակով։ Դրանցից մեկը համաֆինանսավորումն է։

Եթե առևտրային բանկը որոշում է, որ տնտեսվարողի կողմից ներկայացված ծրագիրն արժանի է ֆինանսավորման, ապա Կառավարությունը համաֆինանսավորում է, այսինքն՝ հատկացնում է իր բաժին դրամական միջոցները։ Նախարարը նշեց, որ համաֆինանսավորման գործիքի դեպքում նույնպես առանձնահատկություններ են սահմանված։

Մասնավորապես՝  եթե կազմակերպությունը դիմել է վարկային միջոցներ վերցնելու համար, որպեսզի աշխատավարձ կամ հարկ վճարի, ապա Կառավարության համաֆինանսավորումը կարող է կազմել ընդհանուր գումարի մինչև 50 %-ը, այսինքն՝ որքան բանկն է վճարում, նույնքան վճարում է Կառավարությունը։

Հումքի ձեռքբերման համաֆինանսավորման համար Կառավարության համաֆինանսավորումը կարող է կազմել վարկի ընդհանուր գումարի առավելագույնը 40 %, սարքավորումների ձեռքբերման դեպքում՝ 25 %, կոմունալ վճարումների համար՝ 45 %, իսկ սննդամթերքի ներմուծման համար՝ 30 %։

Ըստ որում՝ համաֆինանսավորման առանձնահատկությունն այն է, որ ֆինանսական կազմակերպությունը կարող է այն չափով պակաս գրավ պահանջել, որ չափով Կառավարությունը համաֆինանսավորում է տվյալ գործարքը։

«Սա նշանակում է, որ, օրինակ, եթե աջակցության համար դիմած կազմակերպությունն ունի միայն մեկ միավոր գրավային ապահովում, կարող է մինչև երկու միավոր ֆինանսական աջակցություն ստանալ՝ աշխատավարձ վճարելու համար»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

Կառավարության աջակցության երկրորդ եղանակը սուբսիդավորումն է։ Եթե վարկավորման համար դիմած կազմակերպությունն ունի բավարար գույքային ապահովում կամ առևտրային բանկի տեսանկյունից վարկունակ է այնքան, որ Կառավարության օգնությանը չդիմի ֆինանսական միջոցների համար, տվյալ դեպքում Կառավարությունը կսուբսիդավորի այդ վարկի տոկոսները, ըստ որում՝ սուբսիդավորման առավելագույն չափը նույնպես կախված կլինի այն նպատակից, որի համար սուբսիդավորվող կազմակերպությունը դիմել է Կառավարության աջակցության գործիքին։

Մասնավորապես՝ եթե կազմակերպությունը դիմել է աշխատավարձ կամ հարկ վճարելու համար, ապա Կառավարությունը սուբսիդավորում է տվյալ վարկի բոլոր տոսկոսները։ Եթե աջակցությունը հումքի ձեռքբերման համար է, պետության սուբսիդավորումը մինչև 6 % կկազմի, կոմունալ վճարումներ կատարելու համար՝ մինչև 10 %, սարքավորումների դեպքում՝ 5 %, իսկ սննդամթերքի ներմուծման դեպքում՝ 8 %։ Սուբսիդավորման չափն, ըստ Տիգրան Խաչատրյանի, չի կարող գերազանցել վերցված վարկի 12 %-ը, եթե վարկը ՀՀ դրամով է և 9 %-ը, եթե արտարժույթով է։

Կառավարության աջակցության երրորդ տարբերակը վերաֆինանսավորումն է, որի նպատակն է առևտրային կազմակերպության արտարժութային ռիսկը փոխանցել Կառավարությանը։ Տվյալ դեպքում նույնպես Կառավարությունը ուղիղ ֆինանսական միջոցներով չի աջակցում վարկավորմանը, բայց եթե կազմակերպությունն ունի վարկավորման պահանջ և գրավային ապահովում, իսկ ֆինանսական կառույցն ունի ռեսուրս, որը կարող է տրամադրել, բայց ոչ ՀՀ դրամով, այլ արտարժույթով, ապա Կառավարությունը համաձայնում է այս գործիքով  ֆինանսավորումը փոխարինել դրամի ֆինանսավորման։

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ աջակցության առաջին գործիքի միջոցով վարկ վերցնելու դեպքում այն պետք է վերադարձնել մեկ տարվա ընթացքում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց աջակցության այս գործիքից օգտվելու հնարավորություն չտալ խաղատներին։ Նախարար Խաչատրյանը նշեց, որ որոշման նախագծում դա կլրացվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter