
Բիզնեսին 25 մլրդ դրամի աջակցության փաթեթը կդրվի հանրային քննարկման․ պատրաստվում է 25 և 80 մլրդ դրամանոց աջակցության երկու այլ փաթեթ
Կառավարությունը կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակի, ինչպես նաև հետճգնաժամային վիճակի համար աջակցության երեք փաթեթ է նախատեսում իրականացնել։ Դրանցից մեկն արդեն պատրաստ է և հանրային քննարկման կդրվի։
Կառավարության այսօրվա նիստը սկսվեց կորոնավիրուսի վերաբերյալ քննարկումներով։
«Այս ճգնաժամի արդյունքում Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը, մենք բոլորս պետք է ավելի ուժեղացած դուրս գանք»,- կառավարության նիստում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ երեկ քննարկվել է հակաճգնաժամային տնտեսական մարտավարությունն ու ռազմավարությունը։
«Ուզում եմ ասել, որ մեր որոշումը միանշանակ է. մենք մեր առաջ խնդիր չենք դրել և չենք դնելու վերականգնել նախաճգնաժամային տնտեսական վիճակը, որքան էլ այն լավն էր ՀՀ-ում։ Մենք մեր առաջ խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել հետճգնաժամային վիճակից հետո դիրքավորվելիս։ Այստեղից բխում է մեր գործողությունների տրամաբանությունը, որ մենք պետք է այս ընթացքում իրագործենք զարգացման ծրագրեր, գուցե ավելի կենտրոնանանք բարեփոխումների այն օրակարգի վրա, որ որդեգրել ենք և, իհարկե, պետք է լրջագույն աջակցություն ցուցաբերենք տնտեսությանը, որը պետք է ունենա զարգացման տրամաբանություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս նշեց՝ իհարկե, հասկանալի է, որ կորոնավիրուսի տարածմամբ պայամանավորված՝ ճգնաժամը որոշակի սոցիալական մարտահրավերներ նույնպես ի հայտ բերելու է. «Մենք պետք է առերեսվենք ու համարժեք քայլեր ձեռնարկենք նաև դրանց կապակցությամբ: Շատ կարևոր է, որ այդ սոցիալական ծրագրերը լինեն արդյունավետ, հասցեական, լինեն արդար»,- նշեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ նախկինում եղել են դեպքեր, երբ սոցիալական օգնությունը կենտրոնացել է մի քանի տեղում, և սոցիալական աջակցությունների ֆոնին ստվերային հարստացման երևույթներ են տեղի ունեցել, որոնք պետք է այժմ բացառվեն։
Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայնում մոտավորապես 25 մլրդ դրամանաոց բիզնեսին աջակցելու փաթեթ կգործարկվի, ևս 25 մլրդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ կպատրաստվի, որը կօգտագործվի ըստ անհրաժեշտության, և 80 մլրդ դրամի փաթեթ էլ կպատրաստվի, որի նպատակը կլինի հետճգնաժամային աշխարհում Հայաստանի դիրքերը լավացնելը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ քննարկումների արդյունքում որոշվել է բիզնեսին աջակցության 25 մլրդ դրամի փաթեթն այսօրվանից դնել հանրային քննակման։
«Իհարկե, կորոնավիրուսի և գլոբալ շուկաների այսօրվա տիրող իրավիճակը բերում է սպառման անկանոն վիճակի, այդ թվում՝ նվազման, ինչը նշանակում է, որ մենք պետք է ունենանք ֆինանսավորման բարձիկներ, որոնք հնարավորություն են տալիս տնտեսվարողներին սպառման անկանոն ռեժիմի ժամանակահատվածն անցնել առանց էական վնասների կամ կորուստների։ Ըստ այդմ՝ ձևավորել ենք պոտենցիալ վարկային պրոդուկտների մի շարք, որը ենթադրում է վարկերի համաֆինասնավորում, վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում։ Մենք, կարծում եմ, կունենանք այնպիսի վարկատեսակ, որը հնարավորություն կտա բիզնեսին հոգալ բոլոր ծախսերը, չունենալ տոկոսային բեռ, արժութային ռիսկ, բայց պահպանել թե՛ աշխատակիցներին, թե՛ լուծել ընթացիկ կոմունալ խնդիրները»,- նշեց Մհեր Գրիգորյանը։
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վարկերի մինչև 50%-ը ֆինանսավորելու է կառավարությունը՝ անտոկոս, մնացած մասը տրաադրել են բանկերը և վարկային կազմակերպությունները, որոնց տոկոսները նույնպես սուբսիդավորելու է պետությունը։
«Այսինքն՝ տնտեսվարողը 0%-ով ստանում է վարկային միջոցներ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այդ միջոցները կարող են տրվել տնտեսավարողներին հետևյալ նպատակների համար․
1. Աշխատակիցներին աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ և դրանց գծով հարկերի վճարում․ առաջարկվում է յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել քան 500 հազար դրամի չափով և ոչ ավել, քանի երեք ամսվա համար։
2. Հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, երբ հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում պատրաստի արտադրանք ստանալու համար, և վարկառու տնտեսվարողը տիրապետում է անհրաժեշտ համապատասխան արտադրական հզորությունների։
3. Սարքերի և սարքավորումների ներմուծում այն դեպքում, եթե դրանք օգտագործվելու են ՀՀ-ում արդադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու համար։
4. Ջրի, էլեկտրաէներգիայի և գազի գծով ծախսերի իրականացում, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր ծառայության դեպքում 5 մլն դրամի չափով և ոչ ավելի, քան երեք ամսվա համար։
5. Առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծում, եթե ապրանքը պետք է իրացի ՀՀ-ում։
6. Պարարտանյութ, սերմ, տնկի, գյուղատնտռսական այլ հումքի ներմուծում, եթե ներմուծվող ապրանքը պետք է իրացվի ՀՀ-ում։
Տրամադրվելիք վարկերը կլինեն ՀՀ դրամով, մարման ժամկետը` մինչև 24 ամիս, առավելագույն չափը՝ 500 մլն դրամ, սակայն համաֆինանսավորման կամ վերաֆինասնավորման չափը չի կարող գերազանցել 250 մլն դրամը։ Վարկային միջոցների տրամադրման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցման միջոցով։
Առաջիկայում այս տեքսը պետք է հանրային քննարկման դրվի։
Փաշինյանը խոսեց նաև վերջին օրերին լայն քննարկման առարկա դարձած, տնտեսվարողներին հարկային արձակուրդ տալու պահանջի մասին և հարց բարձրացրեց․ եթե Կառավարությունը բոլորին հարկային արձակուրդ տա, վերը նշված ծախսերն ինչո՞վ պետք է իրականացնի։
«Ասում են՝ կառավարությունն այս ծախսը պետք է անի, այն ծախսը պետք է անի, և նույն նախադասության մեջ ասում են՝ կառավարությունը բոլորին պետք է հարկային արձակուրդ տա: Բա եթե պետք է հարկային արձակուրդ տա, այդ ծախսերն ինչո՞վ պետք է իրականացնի: Դրա համար մենք ասում ենք, որ մարդիկ պետք է պատրաստ լինեն իրենց սովորական հարկերը, վճարումները անել: Իհարկե, ճգնաժամը չենք կարող արհամարհել, դրա համար կառավարությունը միջոցներ է ներդնում, այսինքն՝ քաղաքացու հետ մասնակցում է հարկերի վճարմանը: Պայմանավորվել ենք, որ բանկերը վարկերի հետ կապված պետք է անհատական աշխատեն իրենց հաճախորդների շրջանակների հետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել