
Աղասի Արշակյան. «Ռաֆիկ Պետրոսյանը չգիտի, բայց մյուս խորհրդարանի համամասնականում իրան չեն ուզում մտցնել»
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո, որին ինքը դեմ է քվեարկել, կուսակցությունում ավելորդ խոսակցություն չի եղել: Անգամ Գալուստ Սահակյանը ասել է, որ իր կարծիքն արտահայտելուց հետո կարող է քվեարկել այնպես, ինչպես ուզում է:
Ռ. Պետրոսյանը դեմ է ոչ թե զինված ուժերը չօգտագործելուն, այլ դեմ է, որ դրանք կարող են օգտագործվել հանրահավաքներն արգելելու և սահմանափակելու համար:
«Ամբողջ աշխարհում միջազգային իրավունքում իսկապես ընդունված չէ, որ զինված ուժերը որևէ քաղաքական ուժի ձեռքին միջոց հանդիսանան մյուս քաղաքական ուժերին ճնշելու համար»,- հայտարարեց Ռ. Պետրոսյանը:
Նա հավելեց, որ իր մոտեցումներն առաջին ընթերցման ժամանակ չանցան, բայց բանակցություններ դեռ ընթանում են, ինքը զրուցել է արդարադատության նախարարի հետ, և հնարավոր է՝ երկրորդ ընթերցման ժամանակ այդ կետը հանվի: Եթե չհանվի, Ռ. Պետրոսյանը դարձյալ դեմ կքվեարկի:
ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը ողջունեց Ռաֆիկ Պետրոսյանի այդ քայլը: «Ուրախ եմ, որ իր մոտ մասնագիտական խիղճը ապստամբել է կուսակցական դիկտատի դեմ: Ինքը չգիտի, բայց ես գիտեմ իր ընկերների քաղաքական որոշման մասին. մյուս խորհրդարանի համամասնականում իրան չեն ուզում մտցնել»,- հայտարարեց Ա. Արշակյանը:
Նա հավելեց, որ Հայաստանի իշխանությանը զորք մտցնելու համար օրենք պետք չէ: Օրենքը չկար 2008թ. մարտի 1-ին, բայց իշխանություններն իրենց գործն արեցին:
Իսկ Ռ. Պետրոսյանը հավելեց, որ օրինագծի քվեարկությունից հետո իր գործընկերներից շատերը մոտեցել և ասել են, որ ինքը ճիշտ է, բայց «իրենք այլ ճար չունեն»:
Անդրադառնալով ՀՀԿ-ի այն հայտարարությանը, թե իրենց համամասնական ցուցակում գործարարներ չեն լինելու՝ Ա. Արշակյանը նշեց, որ «իշխանությունները խաբս են տվել. համամասնականով չեն թողնում, մեծամասնականով կբերեն»:
Նրա խոսքերով՝ գործարարները 41 ընտրատարածքից առնվազն 35-ին հավակնում են: Բայց ինքը հույսը դրել է հասարկության այն 20%-ի վրա, որը դեռ բանական է, և եթե ընտրությունն անի իր խղճով, ապա ինքը հնարավորություն ունի հաղթելու:
Ռ. Պետրոսյանի խոսքերով՝ գործարարները հայտարարում են, թե իրենք գործարար չեն այն դեպքում, երբ ամեն ինչ ունեն, իսկ «դա փարիսեցիություն է»: Բացի դրանից՝ Ռ. Պետրոսյանի տեղեկություններով՝ գործարարներն առաջադրվելու են բոլոր 41 ընտրատարածքում, բայց եթե կուսակցությունը նրանց չի սատարում, նրանց ընտրվելը դժվար կլինի:
Անդրադառնալով նաև խորհրդարանի երիտասարդացմանը՝ Ռ. Պետրոսյանը նշեց, որ չի կարելի ժխտել երիտասարդության դերը, և նրան հեռու պահել քաղաքականությունից: Բայց և սխալ է, որ երիտասարդները միանգամից գան փոխարինելու նախկին սերնդին: Երիտասարդները պետք է գոնե 5 տարի պատգամավոր լինեն, այդ ընթացքում աշխատեն ու սովորեն, պետք է համատեղել երիտասարդների եռանդն ու ավագների փորձը: Երիտասարդների թիվը խորհրդարանում, Ռ. Պետրոսյանի կարծիքով, մեծ չպետք է լինի:
Մեկնաբանել