
Անտոկոս վարկեր գյուղացիներին. ինչ պայմաններ է առաջարկում պետությունը
Կառավարությունը գյուղատնտեսներին առաջարկում է օգտվել անտոկոս վարկերի ծրագրերից կորոնավիրուսի հետևանքով գյուղատնտեսության ոլորտում եղած ռիսկերից հնարավորինս քիչ տուժելու համար։
Այսօր Կառավարության կողմից հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառման ծրագիրը` ուղղված գյուղատնտեսության ոլորտին։ Ըստ այս ծրագրի՝ գյուղացիները, որոնք բարվոք վարկային և հարկային պատմություն ունեն, կարող են օգտվել ոլորտին հատկացվող վարկային ծրագրերից, որոնց տոկոսագումարները վճարում է պետությունը, մայր գումարը՝ գյուղացին։
«Կան ծրագրեր, որոնց վարկային տոկոսների սուբսիդավորումը կազմում է 100 տոկոս, այսինքն՝ գյուղացու համար սահմանվելու են զրո տոկոսով վարկեր։ Տրվում են նաև արտոնյալ ժամկետներ մայր գումարի վճարները կատարելու համար»,- այսօրվա ասուլիսին, ներկայացնելով գյուղոլորտին առնչվող ծրագիրը, հայտարարեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում գյուղատնտեսության ոլորտը էլ ավելի շատ է կարևորվում, և գնալով ամբողջ աշխարհում աճում է գյուղմթերքի նկատմամբ պահանջարկը։
«Առաջին գործիքակազմը, որ Կառավարությունը մշակել է, վերաբերում է գյուղոլորտի կարողությունների զարգացմանը, տեխնոլոգիաների ներդրմանն ու գործունեության արդյունավետության զարգացմանը։ Օրինակ՝ միկրովարկերի դեպքում, որոնք մինչև 1 մլն դրամ արժողությամբ վարկերն են, սահմանվում է 0 տոկոսադրույք և 9 ամիս մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ, այսինքն՝ այդ ամիսների ընթացքում մայր գումարի մարում չի պահանջվում։ Ֆերմերը կարող է վերցնել այդ գումարը, ներդնել իր տնտեսության մեջ, 9 ամիս անց, երբ բերքը կարող է արդեն վաճառած լինել, գյուղացին նոր սկսում է մարումը։ Մարման ժամկետը՝ մինչև 2 տարի»,- տեղեկացրեց Արման Խոջոյանը։
Ըստ նրա՝ արտոնություններ են սահմանված նաև ավելի խոշոր վարկերի համար։ Բոլոր տեսակի վարկերի արտոնություններից կարող են օգտվել ինչպես գյուղոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբական անձինք, այնպես էլ՝ անհատ ձեռնարկատերերը։
«Կան նաև 3-15 մլն դրամանոց վարկատեսակներ՝ մինչև 5 ժամկետով, արտոնյալ ժամկետը՝ 9 ամիս։ Ավելի լայն գործունեություն ծավալելու նպատակով է»,- նշեց Արման Խոջոյանը։
Ըստ նրա՝ նախարարությունը որպես ավելի շահութաբեր ուղղություններ, այս պահին գյուղատնտեսության ոլորտում դիտարկում է ինտենսիվ այգիների հիմնումը, ջերմոցաշինությունը, խելացի անասնաֆերմաները և այլն. «Սա շատ լավ առիթ է, որ չմշակվող հողատարածքները սկսեն մշակվել։ Առաջարկվում է մինչև 150 հեկտար այգի հիմնել, յուրաքանչյուր վարկառուի համար՝ մինչև 2.5 մլրդ դրամ։ Ձեռք ես բերում ինտենսիվ այգիների տնկին, տնկում ես ու հիմնում այգին։ Հինգ տարի ժամկետում ոչ մի տոկոս, ոչ մի մայր գումար չես վճարում։ Դու երրորդ-չորրորդ տարուց սկսած արդեն գումար ես գեներացնում և հինգերորդ տարում ամբողջությամբ պատրաստ ես լինում մարել վարկի ամբողջ գումարը, բայց կարող ես նաև մինչև 8-րդ տարին 0 տոկոս տոկոսադրույքով մարել։ Այգու խնամքի համար անհրաժեշտ կլինեն նաև ոռոգման արդիական համակարգեր, որի լուծումն էլ ենք մենք տալիս՝ մինչև 150 մլն դրամ, 3 տարի ժամկետով և 6 ամիս արտոնյալ ժամկետով։ Դա թույլ կտա էֆեկտիվ օգտագործել ջրային ռեսուրսները»։
Այս ծրագրի շրջանակներում բազմաթիվ վարկային ուղղություններ են նախանշվում՝ ոչ միայն վերևում նշվածները, այլև՝ վարկեր հակակարկտային ցանցեր գնելու, վերամշակման, խելացի անասնաֆերմա հիմնելու, տոհմային անասնաբուծությունը զարգացնելու և այլն։
«Եթե ծրագրերի կիրառման ժամանակ նկատենք ինչ-որ խնդիրներ, ապա պատրաստ ենք այդ բոլոր հարցերին ու խնդիրներին ականջալուր լինել։ Եվ եթե նպատակահարմար գտնենք, կփոփոխենք ծրագրերը»,- հայտարարեց Արման Խոջոյանը։
Ըստ նրա` փոփոխություններ են տեղի ունեցել նաև լիզինգի պայմաններում. «Մինչև 450 մլն դրամ, մինչև 8 տարի մարման ժամկետով և 6 ամիս արտոնյալ ժամկետով, 0 տոկոսադրույքով՝ ֆերմերները և իրավաբանական անձինք կարող են օգտվել լիզինգից։ Որոշվել է լիզինգի ժամանակ բացի գյուղատնտեսական սարքավորումի ձեռքբերումից, նաև ներառել ջերմոցները, սառնարանները և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունները»։
Բացի անտոկոս վարկերից, գյուղատնտեսական աջակցության ծրագրով նաև առաջարկվում է վարկերի տոկոսադրույքների համաֆինանսավորում։
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն, հեռ.՝ 011 524 610, Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչություն` 011 52 52 32 հեռախոսահամարով:
Բողոքների դեպքում խնդրում ենք զանգահարել նախարարության թեժ գիծ` 055 54 19 68 հեռախոսահամարով:
Մեկնաբանություններ (151)
Մեկնաբանել