
Գյումրիում շարունակում են ախտահանել տրանսպորտն ու փողոցները
Կորոնավիրուսի տարածումն արգելող ախտահանող միջոցառումները Գյումրիում սկսվել են ավելի վաղ՝ Կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելուց առաջ: Աշխատանքները շարունակվում են նաեւ մարդկանց տեղաշարժը սահմանափակող խստացված ռեժիմի պայմաններում: Գյումրու համայնքապետարանի կոմունալ ծառայության բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանի փոխանցմամբ՝ սկսել էին կենտրոնական փողոցների, ճեմափողոցների, կանգառների ախտահանումից:
«Մենք մի քիչ շուտ սկսեցինք ախտահանման աշխատանքները, Համաճարակաբանության ծառայությունը չէր հասցնում, դրա համար էլ կոմունալ բաժնի ջրցան մեքենաները մի փոքր ձեւափոխեցինք, որ կարողանանք փողոցները քլորաջրով լվանալ,- պարզաբանում է Վարդգես Սամսոնյանը,- զուգահեռ կատարել ու կատարում ենք կանգառների, ճեմափողոցներում տեղադրված նստարանների, աղբամանների ախտահանում: Մեզ ախտահանման համար նախատեսված 30 գործիք օգնեց ձեռք բերել «Դելտա տելեկոմ» կազմակերպությունը, դրանք էլ տրամադրել ենք համատիրություններին, որ շենքերի մուտքերը, աստիճաններն ու մուտքերի դռները ախտահանեն»:
Արտակարգ դրության հայտարարմանը զուգահեռ, Գյումրիում սկսեցին ախտահանել նաեւ հասարակական տրանսպորտը՝ 10 միավոր ավտոբուս եւ մոտ 100 միավոր միկրոավտոբուս: Տրանսպորտի ամբողջական ախտազերծում իրականացվում է երեկոյան, աշխատանքային օրվա ավարտից հետո: Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանի տեղեկացմամբ՝ ախտահանում վարորդները կատարում են նաեւ ամեն շրջապտույտից հետո՝ քլորաջրով մաքրում են սրահը, դռան բռնակը, նստարանների անկյունները: Վարորդներին հանձնարարված է կրել ձեռնոց, դիմակ, ունենալ ձեռքերի համար նախատեսված ախտահանիչ լուծույթներ:
«Արտակարգ դրություն հայտարարելուց հետո քաղաքում ուղեւորահոսքը կիսով չափ պակասեց, դրան զուգահեռ պակասեց նաեւ միկրոավտոբուսների թիվը, բայց դա կապ ունի տարեց վարորդների աշխատանքի դուրս չգալու հետ: Էս ընթացքում եղան դժգոհություններ, որ մարդիկ իրար վրա լցված են երթեւեկել, ասեմ, որ դա պայմանավորված էր տրանսպորտի թվի կրճատման հետ, չկա դիտավորություն, թե մարդիկ քիչ են, գազելները գծատերերը գծից հանել են: Հիմա, պարետային ժամի սահմանումից հետո հրահանգել ենք բոլոր դիսպետչերական կետերին, որ գծում եղած մեքենաների թիվը շատ չկրճատեն, մարդկանց կուտակումներ չստեղծեն»,- ասում է Արտյոմ Սարգսյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ աշխատել են այնպես անել, որ երկար երթուղիներ սպասարկող միկրոավտոբուսների թիվը 20-ից պակաս չլինի, մյուս երթուղիներում գոնե 6 մեքենա աշխատի: Թեպետ ուղեւորների խիստ պակասին, հսկում են, որ նրանց քանակը տրանսպորտում 5-6-ից չանցնի: «Հնարավոր է, որ մի 3-4 օր առաջ լիքը միկրոավտոբուսներ լինեին, 22 համարի երթուղում է դա նկատվել եւ այլն, սակայն այս երկու օրը դա էլ չկա՝ մարդիկ գերադասում են կամ քայլել կարճ տարածությունները, կամ քիչ դուրս գալ տնից: Ամեն դեպքում, մենք նույն տեմպով նույն աշխատանքներն անում ենք՝ մարդկանց վարակից զերծ պահելու համար»:
Լուսանկարները Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել