HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ստամբուլի դատախազությունը մոտ օրերս կհրապարակի Ջամալ Հաշոգիի գործով դատական հայցը

Ստամբուլի գլխավոր դատախազությունը նախապատրաստել է լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության գործով դատական հայցը։ Այդ մասին հայտնում է թուրքական «Yeni Şafak» պարբերականը։ 20 մեղադրյալների համար, որոնց թվում է նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալմանի նախկին խորհրդական Սաուդ ալ Քահթանին, դատախազությունը պահանջել է ցմահ ազատազրկում։ Ավելի վաղ, հայտարարվել էր, որ Ստամբուլի գլխավոր դատախազությունն ավարտել էր սաուդյան լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության հետաքննությունը, որը տեղի էր ունեցել Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում։

Մեղադրական եզրակացության մեջ Ահմեդ իբն Մուհամեդ ալ Ասիրին և Սաուդ ալ Քահթանին, որոնք տվել էին Հաշոգիի սպանության հրամանը, մեղադրվում են «կանխամտածված սպանության կազմակերպման և տանջանքների մեջ», իսկ ևս 18 կասկածյալի մեղադրանք է առաջադրվել կանխամտածված սպանության համար։ Բոլոր 20 մեղադրյալների համար դատախազությունը պահանջում է ցմահ ազատազրկում։

Ստամբուլի քրեական դատարանը 20 մեղադրյալների ձերբակալության թույլտվություն է տվել։ Ինտերպոլի բյուրոյի միջոցով բոլոր մեղադրյալների նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Բացի այդ, դատախազությունն այս օրերին պատրաստվում է Սաուդյան Արաբիա ուղարկել մեղադրյալների արտահանձման միջնորդություն։ Միջնորդությունն արդեն իսկ ուղարկվել է Թուրքիայի արդարադատության նախարարության ԵՄ ներքին կապերի և հարցերի գլխավոր վարչություն։

Հետաքննության ընթացքում, որպես հայցվոր, հանդես է եկել Հաշոգիի հարսնացուն՝ Հատիջե Ջենգիզը։ Մեղադրական եզրակացության մեջ ներառվել են Ջենգիզի և մեղադրյալների հեռախոսային զրույցների ձայնագրությունները։ Գործին կցվել են նաև Հաշոգիի գլխավոր հյուպատոսություն ժամանելու կադրերը, ինչպես նաև մեղադրյալների Թուրքիա այցելությունը, նրանց մուտքը գլխավոր հյուպատոսություն և հյուպատոսի նստավայր։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ սպանության կազմակերպիչները երկուսն են, որոնք հրահանգներ են տվել մյուս մեղադրյալներին։ Կազմակերպիչների թվում են Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամեդ իբն Սալմանի նախկին խորհրդական Սաուդ ալ Քահթանին և Սաուդյան Արաբիայի Ընդհանուր հետախուզական ծառայության ղեկավարի տեղակալ Ահմեդ Ասիրին, որն սպանության ժամանակ նույնպես եղել է գահաժառանգի նեղ շրջապատից։ 

Համաձայն մեղադրական եզրակացության, այդ երկու անձանց հրամանով, տասնութ մեղադրյալները Հաշոգիին պետք է տեղափոխեին Սաուդյան Արաբիա։ Հաշոգին չի համաձայնվել, որից հետո խեղդամահ է արվել։

Հիշեցնենք, որ դեռ անցած տարի գահաժառանգ արքայազնի հնարավոր մասնակցության վերաբերյալ առաջին անգամ տեղեկացրել է բրիտանական «The Guardian» օրաթերթը՝ հղում կատարելով «Amazon» ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսի պատվերով իրականացված փորձաքննությանը։ Արքայազնի և ձեռնարկատիրոջ հարաբերությունները լարվել էին Ջամալ Հաշոգիի սպանությունից հետո, որը եղել է «The Washington Post» օրաթերթի սյունակագիր։

Լուսանկարները՝ «Associated Press» գործակալության 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter