HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողական կազմակերպությունները կոչ են անում անհապաղ սահմանել հայցվող տեղեկությունները ողջամիտ ժամկետներում տրամադրելու ընթացակարգը

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել հայցվող տեղեկությունները ողջամիտ ժամկետներում լրատվամիջոցներին տրամադրելու հստակ ընթացակարգի վերաբերյալ և կոչ են անում նշանակել դրա համար պատասխանատու մարմին:

«Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, գոհունակությամբ ենք ընդունել այն,  որ ՀՀ կառավարությունը մարտի 25-ին վերանայեց մարտի 16-ի իր որոշումը և վերացրեց նոր կորոնավիրուսի հետ կապված խնդիրների լուսաբանման անհամաչափ սահմանափակումները։ Այդուհանդերձ, արձանագրում ենք, որ վերանայված դրույթներում հստակ նշված չէ այն լիազոր մարմինը, որն իրավասու է Պարետատան անունից լրատվամիջոցներին պաշտոնական տեղեկություն կամ մեկնաբանություն տրամադրել: Դա արտակարգ դրության մասին որոշման համապատասխան կարգավորումների արդյունավետ կիրառման խնդիրներ է առաջացնում:

Ելնելով ստեղծված իրավիճակում հանրության իրազեկված լինելու, ճշգրիտ, վստահելի և բազմակողմանի տեղեկություններ ստանալու անհրաժեշտությունից՝ կոչ ենք անում ՀՀ կառավարությանը անհապաղ սահմանել հայցվող տեղեկությունները ողջամիտ ժամկետներում լրատվամիջոցներին տրամադրելու հստակ ընթացակարգ և նշանակել դրա համար պատասխանատու մարմին:

Ինչպես և նախորդ հայտարարությունում, վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը` աջակցելու հանրության իրազեկումը պատշաճ կազմակերպելուն միտված ցանկացած հարցում»:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Լուսանկարը՝ www.dhakatribune.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter