HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղևորափոխադրողներն աշխատում են վնասով. քաղաքապետարանը խոստանում է նրանց աջակցել

Արտակարգ դրության օրերին՝ ուղևորների թվի կրճատմամբ պայմանավորված, երթուղին սպասարկող ընկերություններն ու վարորդներն աշխատում են վնասով։ Երևանի քաղաքապետարանում այժմ քննարկվում է մասնավոր ուղևորափոխադրողներին աջակցելու ծրագիրը։ Դեռևս հստակ չէ՝ նրանք ինչ աջակցություն կստանան։

N 47 երթուղայինի վարորդ Արարատ Սիմոնյանն այսօր կեսօրին մի քանի ուղևոր է տեղափոխել Մալաթիայից Նուբարաշեն երթուղով։ Վարորդի համար անսովոր է ուղևորների քչությունը։

Արարատ Սիմոնյանն ասում է, որ օրական 10 000-12 000 դրամ գազի գումար է վճարում, առավոտից մինչ ուշ երեկո վարում է։ Արդեն մի քանի օր մոտ 2 000 դրամ է աշխատում։

Նրան երեկ ոստիկանությունը նախազգուշացրել է, որ նախատեսվածից ավելի ուղևոր չտեղափոխի։ Ասում է՝ երեկ չորս ուղևոր կանգնած է եղել երթուղայինում, երբ ոստիկանությունը կանգնեցրել է մեքենան։

«Ոստիկանները ուղևորներին ասեցին՝ իջեք, ասեցին՝ չենք իջնելու ու վերջ։ Խնդրեցի՝ ժողովուրդ իջեք, չեմ քշելու, բայց չիջան։ Ասեցի՝ գոնե թողեք այս ռեյսն էլ տանեմ, կարողանամ գազ լցնեմ։ Պատասխանեցին՝ իրավունք չունես։ Հասկանում եմ, բայց մի տեղ էլ մեզ հասկացեք»,-պատմում է Արարատ Սիմոնյանը։

Վարորդը ուղևորներին էլ չի մեղադրում, ասում է՝ մարդիկ աշխատանքի են գնում, չեն կարող երթուղային չնստել, որովհետև չգիտեն՝ մյուսը երբ կժամանի։

Արարատ Սիմոնյանն այս օրերին երթուղային է վարում՝ մտածելով՝ ինչ գումար էլ աշխատի, կկարողանա ընտանիքի հոգսերը հոգալ։

«Թող պետությունը գոնե գազի փող տա, ես էլ հինգ հոգի մեջը գնամ, հինգ հոգի մեջը հետ գամ»,- ասում է նա։

Վարորդները տուգանվում են, ավել ուղևորները՝ երթուղայինից իջնում

Ճանապարհային ոստիկանությունը մարտի 18-20 ընկած ժամանակահատվածում սահմանված քանակից ավելի ուղևորներ տեղափոխող տրանսպորտային միջոցներին կանգնեցրել է, իջեցրել է կանգնած ուղևորներին, վարորդներին՝ նախազգուշացրել։

Մարտի 20-ից տրանսպորտային միջոցների վարորդները նախատեսվածից ավելի ուղևորներ տեղափոխվելու համար տուգանվել են 5000 դրամով։

Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև մարտի 27-ը  վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 34 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։

Վարորդների համար արտակարգ դրությունն աշխատանքային է

Մենք այցելել ենք N 21 և N 47 երթուղայինների դիպետչերական կետ։ Այսօր առավոտյան այնտեղ կայանված էր N 21 մեկ և N 47 երկու երթուղային։ Երեկ N 21 համարից 2 մեքենա է աշխատել, այսօր արդեն մեկն էր։

N 47 համարի կարգավար Արամ Սահրադյանն ասում է՝ ուղևորների հոսքը կրճատվել է 90-95 %-ով։ «Այն ժամանակ առավոտը նստող-իջնողներով տանում էին 35 ուղևոր, բերում էին 30 մարդ, հիմա 15-ով գնում են, բերում՝ 5 մարդ»,- նշում է նա։

Կարգավար Արամ Սահրադյանն ասում է՝ թեև վնասով են աշխատում, բայց վարորդները շարունակում են վարել՝ գիծը չկորցնելու համար։ «Կարելի է ասել` ես աշխատում եմ ձրի, վարորդն աշխատում է ձրի։ Օրը 1000 կամ 2000 դրամ փող են աշխատում, իրանց գազի փողը հանում։ Գծատերերը ընդառաջել են, վարորդները օրավարձ չեն տալիս»։

Կարգավարի խոսքով՝ մեքենաներն ամեն օր ախտահանվում են։ Վարորդները դիմակներով և ձեռնոցներով են վարում, միմյանց փոխարինում են, որ ոչ մեկը «ֆինանսապես չնեղվի»։

Քաղաքապետարանն աջակցելու է ուղևորափոխադրողներին

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ընդհանուր առմամբ երթուղայիններից, ավտոբուսներից և մետրոպոլիտենից օգտվողների թիվը կրճատվել է 4 անգամ։

Հաշվի առնելով այդ հանգամանքն ու նրանց այս օրերի աշխատանքը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի ֆինանսական վարչությանը հանձնարարել է ուսումնասիրել, թե ինչ գործիքակազմով կարող են աջակցել մասնավոր հատվածի ուղևորափոխադրողներին։ Այս պահին քննարկվում է նրանց աջակցելու առավել արդյունավետ ծրագիր։

Երևանի քաղաքապետարանը ոստիկանության հետ չի քննարկել՝ ավել ուղևոր տեղափոխելու համար վարորդներին չտուգանելու հարցը։ Կարապետյանն ասաց՝ կա պարետի հստակ որոշում, որի շրջանակներում է գործընթացն իրականացվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter