HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Քաղաքացիները համաձայն չեն «Վեոլիա ջրի» տուգանքներին․ բողոքարկման միակ կարգը դատարանն է

«Վեոլիա ջուր» ընկերության բաժանորդները դժգոհում են տույժերից։ Պնդում են՝ կանչերից հետո մասնագետները չեն ներկայանում, իսկ ջրաչափերի փորձաքննությունից հետո ներկայացվում են տույժերի մասին անհասկանալի ծանուցումներ։ 

Երեւանի բնակիչ Քնարիկ Առաքելյանին «Վեոլիա ջուր» ընկերությունը տուգանել է մոտ 47 հազար դրամով՝ ջրաչափի անսարքության համար, որն առաջացել է լոգարանի վերանորոգման ժամանակ։ Քնարիկը պնդում է, որ վերանորոգման աշխատանքների մասին նախապես տեղեկացրել է «Վեոլիա ջուր» ընկերությանը, սակայն համապատասխան մասնագետ չի ներկայացել եւ ջրաչափի ապամոնտաժում չի իրականացվել։

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մենք տան լողասենյակն էինք վերանորոգում: Երբ հերթը հասավ խողովակներին, զանգահարեցինք «Վեոլիա ջուր» ընկերության թեժ գիծ, տեղեկացրինք, որ լոգասենյակը վերանորոգում ենք։ Ջրաչափի ցուցմունքը ֆիքսեցին, աշխատակիցը տեղեկացրեց, որ կարող ենք կնիքը հանել և աշխատանքները շարունակել»,- պատմում է Երևանի բնակիչ Քնարիկ Առաքելյանը՝ հավելելով, որ «Վեոլիա ջրից» հայտնել են՝ աշխատանքների ավարտից հետո կկապվեն իրենց հետ, և մասնագետը կգա, նորից կկնքի ջրաչափը։ Շինաշխատանքների ժամանակ ընտանիքի անդամները նկատել են, որ առաստաղը կարող է փլվել և վնասել ջրաչափը: «Մեզ ասացին, որ 10 օրվա ընթացքում կմոտենան և կհանեն ջրաչափը, բայց այդքան չէինք կարող սպասել, զգուշությամբ աշխատանքները շարունակում էինք։ Աշխատանքի ընթացքում առաստաղից քար ընկավ, վնասեց ջրաչափը»,- ասում է Քնարիկը՝ հավելելով, որ նույն պահին էլ լուսանկարել են ջրաչափը, տեղեկացրել «Վեոլիա ջուր» ընկերությանը։ 

Դեպքը տեղի է ունեցել 2019-ի հոկտեմբերի 19-ին։ «Վեոլիա ջուր» զանգահարելուց հետո մասնագետը մի քանի օր անց այցելել է տուն, գրանցել է, որ իրականացվում է շինաշխատանք։

«Նա ֆիքսեց, որ մենք միտումնավոր ոչինչ չենք կոտրել, գնաց, հետո պարբերաբար զանգում էի թեժ գիծ՝ պատմում, դեպքը և խնդրում, որ գան և փոխեն ջրաչափը։ Պատասխանում էին՝ կգանք տասն օրվա ընթացքում»,- պատմում է Քնարիկը։

Սակայն «Վեոլիա ջրի» մասնագետները բնակչի տուն են այցելել 3,5 ամիս անց՝ հունվարի 30-ին։ Այդ ընթացքում տեսուչը 2 անգամ այցելել է բնակարան, ֆիքսել տան մյուս ջրաչափի արձանագրությունը։ «Վեոլիա ջրի» մասնագետի՝ հունվարի 30-ի այցից հետո հին ջրաչափը ուղարկվել է լաբորատորիա՝ փորձաքննության։

Փետրվարի 4-ին Քնարիկ Առաքելյանի մայրը՝ բաժանորդ Գայանե Ամատունին, ծանուցում է ստանում, ըստ որի՝ հունվարի 31-ին ստուգաչափվել է բաժանորդի ջրաչափը, հայտնաբերվել է խախտում՝ պայմանավորված արտաքին միջամտությամբ։ Բաժանորդին տուգանել է 47 հազար դրամով՝ նշելով, որ եթե 5-օրյա ժամկետում չվճարեն տուգանքը, ապա «Վեոլիա ջուրը» կդիմի դատարան։ Ծանուցման մեջ նշված է նաև, որ սարքի տեսողական ցուցիչ սլաքը խախտված է։ Փետրվարի 18-ին բաժանորդը նոր ծանուցում է ստանում, որտեղ նշվում է՝ որոշ բաժանորդների քարտերի վրա սխալ հաշվարկներ է կատարվել, ընկերությունը քայլեր է ձեռնարկում թերությունները ուղղելու համար, իսկ փետրվարի 28-ին բաժանորդը նամակ է ստանում նույն ընկերությունից, որտեղ նշված է՝ պարտքը կազմում է մոտ 44 հազար դրամ։ Քնարիկ Առաքելյանը չի պատրաստվում վճարել «Վեոլիա ջրի» նշված պարտքը։

Քնարիկը պատրաստվում է հայցադիմում ներկայացնել դատարան

Պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ ընկերության։ «Ստացվում է, որ ամիսներով չեն գալիս, ջրաչափը չեն փոխում, հետո հաշվարկում, որ ես էսքան ջուր եմ օգտագործել։ Եթե ծանուցումը կարդում ենք, չի հասկացվում, որ ես պիտի վճարեմ ջրաչափի վնասի համար, այլ ինչ-որ բանաձևով հաշվարկում են, թե ես ինչքան ջուր եմ սպառել»,- ասում է Քնարիկ Առաքելյանը՝ հավելելով, որ ներկա է եղել ջրաչափի լաբորատոր փորձաքննությանը․ «5 րոպե տևեց, չորս կողմից նայեց մասնագետը, վրդովվեց, թե ինչու է ջրաչափը գաջոտ, հետո ասաց՝ գնացեք, կտեղեկացնենք տուգանքի չափը», - խոսքը եզրափակում է բնակիչը։

Նա միակը չէ, ով դժգոհ է «Վեոլիա ջուր» ընկերության սահմանած տույժից

Քնարիկ Առաքելյանը «Հետքի» հետ կապ հաստատեց «Ջրաչափի անսարքության համար «Վեոլիա ջուրը» տուգանել է Հրազդանի բնակչին. նա համաձայն չէ որոշմանը» հոդվածի հրապարակումից հետո։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված հոդվածի մեկնաբանություններում կարելի է գտնել մարդկանց դժգոհությունները։ Մեկնաբանություն թողած բնակիչներից Օվսաննա Բարսեղյանը պատմում է՝ 2019-ի ամռանը նկատել է, որ ջրաչափը շատ արագ է պտտվում, տեղեկացրել է «Վեոլիա ջուր» Ճամբարակի մասնաճյուղի աշխատակիցներին։ Մասնագետը եկել է, տեղեկացրել, որ սարքը պետք է ուղարկել փորձաքննության։ «Ասացին օգտագործիր, մինչև կփոխենք նորով։ Ես ամեն ամիս 2000 դրամ եմ վճարել որպես վարձ։ Սարքը  լաբորատորիա տանելուց հետո պարզաբանում ստացա, որ սարքը նորմալ է, թեեւ տուն այցելած մասնագետն էլ էր նկատել, որ արագ է պտտվում»,- պատմում է Ճամբարակի բնակիչը։

Ընկերությունը, սակայն, հունվարի 22-ին Օվսաննային նամակ է ուղարկում, որտեղ նշվում է՝ ջրի պարտքը կազմում է 59 հազար դրամ։ «Հետո էլ ասացին, եկեք, դիմում գրեք, որ համաձայն չեք, բայց ես գիտեմ, որ ես այդքան գումար չեմ կարող ծախսել ջրօգտագործման համար»,- ասում է Օվսաննան՝ հավելելով, որ ժամանակին չեն փոխարինում ջրաչափը, իսկ մի քանի ամիս անց 59 հազար դրամի պարտք են ներկայացնում։

Մեկնաբանություններում ընթերցողներից մեկը ևս գրել է, որ ջրաչափը ձայն է հանել, ուղարկել են փորձաքննության, որից հետո 32000 դրամ տուգանել են իրենց։

««Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողության նախաձեռնության» հիմնադիրներից Դավիթ Գասպարյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ նախաձեռնության ֆեյսբուքյան խմբում հաճախ են լինում դժգոհություններ և քննարկումներ՝ կապված լաբորատոր արձանագրությունների և տույժ-տուգանքների հետ։ Դավիթ Գասպարյանի պնդմամբ՝ հիմնական պատճառը հին ջրաչափերն են, որոնց մի մասն արդեն մաշվել է, վնասվել ջրի ճնշումից։

«Պետք է փաստաթղթերը ճիշտ լրացնել, կազմել ապամոնտաժման արձանագրություն և նշել, թե ինչ խնդիր կա ապամոնտաժման պահին, ապա բաժանորդը պետք է ստորագրի, տեղեկացման արձանագրություն կազմվի, ապամոնտաժումից առաջ ծանուցում լինի, լաբորատորիա տանելուց առաջ ծանուցում լինի, որից հետո նոր տանեն լաբորատորիա։ Աշխատակիցները այս ամենի որոշ մասը ապահովում են, բայց իրականում ստուգաչափում չեն անում։ Փորձագիտական հետազոտություն է իրականացվում Չափագրությունների ազգային ինստիտուտում»,- ասում է Դավիթ Գասպարյանը։

Ըստ նրա՝ միաժամանակ մոտ 20 ջրաչափ կարելի է ստենդի վրա ստուգաչափել, տևում է մոտ 2,5 ժամ ՝ ջրաչափի արտաքին ուսումնասիրություն, ստուգաչափում և արձանագրությունների կազմում, սակայն «Վեոլիա ջուրը»  բացառապես իրականացնում է արտաքին զննություն։ Գասպարյանը մեր այն հարցին՝ արդյոք չկան այլ լաբորատորիաներ, որտեղ կարելի է ստուգաչափում իրականացնել, պատասխանում է, որ կան այլ լաբորատորիաներ, բայց ՉԱԻ-ն ջրաչափը տանում է «Վեոլիա ջրի» լաբորատորիա։

Հարցին, թե ինչպես է ջրաչափերի նույն վնասվածքի համար տարբեր բաժանորդներին ուղարկվում տուգանքի տարբեր չափեր, Դավիթն ասում է, որ ոչ թե տուգանվում են միջամտելու համար, այլ կատարվում է հաշվարկ՝ թե քանի օր ես ջուր օգտագործել այդ օրերին եւ ինչպիսին է եղել ջրի թողունակությունը։

«Վեոլիա ջուր» ընկերության պարզաբանումը

«Վեոլիա ջուր» ընկերությանն ուղարկած մեր հարցերից մեկը հետեւյալն էր՝ ինչ անել, երբ վերանորոգման մասին բնակիչը տեղեկացնում է, սակայն ընկերության աշխատակիցը չի ներկայանում, իսկ շինարարության ժամանակ վնասվում է ջրաչափը։ Այս հարցին ընկերությունը պատասխանում է, որ հարցը կարգավորվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2016թ․-ի 378 որոշմամբ։ Իսկ այն հարցին, թե ինչու են նույն խախտումների համար բնակիչները տարբեր չափերի տույժերի ծանուցումներ ստանում, «Վեոլիա ջուրը» առաջարկում է առավել մանրամասն տեղեկություններ տրամադրելու համար ներկայացնել կոնկրետ դեպքեր եւ/կամ բաժանորդի տվյալներ։

«Դատալեքս» տեղեկատվական համակարգում ընդդեմ «Վեոլիա ջուր» ընկերության հայցերի թիվը հասնում է մի քանի տասնյակի

Քնարիկ Առաքելյանը միակը չէ, ով պատրաստվում է հայցադիմում ներկայացնել դատարան։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում երևում է, որ «Վեոլիա ջուր» ընկերության դեմ 2019-20թթ․-ի ընթացքում  վարույթ է ընդունվել և քննվում է 66 գործ, որոնց հիմնական մասը անհատ քաղաքացիների հայցադիմումների հիման վրա է. մեծ մասը վերաբերում է «Վեոլիա ջուր» ընկերության կազմած ակտն անվավեր ճանաչելուն։

Հաղթանակ դատարանում

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ 2019-ի փետրվարին Սիլվա Մանուչարյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Վեոլիա ջուր» ընկերության՝ տուժանքի կիրառումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով։ Մանուչարյանն ունի առաջին կարգի հաշմանդամություն՝ կույր է։ Ստույգայցերից մեկի ժամանակ «Վեոլիա ջուր» ընկերության տեսուչը հայտնել է, որ ջրաչափը խնդիր ունի, սակայն չի մանրամասնել, բնակիչն այդ մասին տեղեկացրել է թեժ գծի մասնագետին։ Վերջինս տեղեկացրել է, որ հնարավորինս շուտ կայցելեն։ Մեկ ամիս անց ապահավաքակցման ժամանակ կազմվել են ջրաչափի ապահավաքակցման և տեղակայման կամ փոխարինման արձանագրություններ: Արձանագրության մեջ նշվել է, որ ջրաչափի միացման օղակը վնասված է: Արձանագրությունը ստորագրել է բաժանորդ Սիլվա Մանուչարյանի ներկայացուցիչ Մարիամ Մանուչարյանը, այդ պահին հայտնել է անհամաձայնությունն առ այն, որ սարքի խախտումը եղել է միտումնավոր: Ընկերությունը տույժ է նշանակել մոտ 46 հազար դրամ, ինչը գերազանցել է հայցվորի ընտանիքի ամսական եկամուտը: Սիլվան փորձել է բանակցել ընկերության հետ, սակայն պատժի չափը չեն փոխել, առաջարկել են մաս-մաս վճարել։ Դիմել են դատարան, հայցադիմումի մեջ նշված է նաեւ, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից չեն իրականացվել համապատասխան գործողություններ՝ պարզելու ջրաչափի միացման օղակի կոտրվածքի պատճառը: Հայցվորը դրսեւորել է բարեխիղճ վարքագիծ և առևտրային հաշվառքի սարքի խախտման վերաբերյալ կասկած առաջանալու առաջին իսկ հնարավորության դեպքում այդ մասին տեղեկացրել է մատակարարին:

«Նշված փորձաքննությամբ չի պարզվել, թե ջրաչափի միացման օղակը կոտրված/ դեֆորմացված լինելը ինչի արդյունք է՝ ջրաչափի միացման օղակի կոռոզիայի ենթարկվելու հետևանքով է դեֆորմացվել կամ կոտրվել, թե արտաքին դիտավորյալ միջամտության հետևանքով: Փորձագիտական եզրակացություններով չի բացահայտվում արձանագրված արտաքին միջամտության բնույթը, այն է՝ արդյոք սարքի խախտման մեջ առկա է մարդկային գործոնը: Ինչպես նաև հայտնի չէ, թե արձանագրված անսարքությունը ինչպես է անդրադարձել ջրաչափի աշխատանքի վրա»,- նշված է հայցադիմումում: «Վեոլիա ջուր» ընկերությունը եւս ներկայացրել է հակընդդեմ հայց, սակայն դատարանը որոշում է կայացրել հօգուտ բնակչի, եւ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի՝ բնակչի նկատմամբ տուժանքի կիրառումը ճանաչել ոչ իրավաչափ։

Գլխավոր լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter